ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՛չ ՀՀ-ն, ո՛չ ԼՂՀ-ն այն պետությունները չեն, որոնց կարելի է վախեցնել պատերազմով. Կ.Բեքարյան (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի հետ:

 Հայտարարություններ եղան առ այն, որ  ՀՀ- ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրն արդեն պատրաստ է, մնում է գտնել պատեհ պահն այն ստորագրելու համար: Ըստ Ձեզ, իրականում ե՞րբ է այդ պատեհ պահը, և իրականում ի՞նչ դեր ու նշանակություն պետք է ունենա այդ պայմանագիրը:

 - Այդ պայմանագրի կարիքը մենք ունենք ընդհանրապես: Դրա կարևորությունը միարժեք է, կան հարցեր, որոնք կանոնակարգման և իրավական դաշտ բերելու կարիք ունեն: Ի դեպ ո՛չ միայն և ո՛չ առաջին հերթին մեզ համար, այլ նաև միջազգային հանրության համար, և իհարկե կարծում եմ, որ եթե դա հասցվեր ընդունել քառօրյա պատերազմի օրերին կամ դրանից անմիջապես հետո, պահը կլիներ շատ պատեհ: Բայց միևնույն է սա պետք է արվի:  Պայմանագիրն ընդունելու համար ճիշտ պահի ընտրությունն էլ քաղաքական հաշվարկի խնդիր է:

  Բանակցային գործընթացն այս փուլում, ըստ հրապարակված տեղեկատվության, դեռևս չի մտել քաղաքական փուլ և քառօրյա պատերազմից հետո ավելի շատ քննարկվում են վստահության միջոցներն ու բանակցությունների գալու հնարավոր ճանապարհը: Ըստ Ձեզ՝ մոտ ապագայում հնարավո՞ր է արդյոք անցումն այդ քաղաքական փուլին, և ինչպե՞ս եք տեսնում բանակցային փուլի հետագա զարգացումը:

 - Հայաստանն ու Ադրբեջանը Վիեննայի հանդիպմանն առնվազն համաձայնություն տվեցին հունիսին փոխադարձաբար հարմար տեղ սկսել կամ շարունակել քաղաքական գործընթացը: Այստեղ կա հարցի երկրորդ կողմը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված: Ես միևնույն է մնում եմ այն կարծիքին, որ լիարժեք չդարձած ձևաչափի ներքո բանակցությունների արդյունավետությունն ի սկզբանե լինելու է հարցականի տակ: Հետևաբար, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ,  այս հարցը, կարծում եմ, նորից պետք է լինի օրակարգում, բայց շատ ավելի կոշտ ձևով: Բայց հունիսին, ըստ հայտարարության, մենք ինչ-որ գործընթացի ականատես կլինենք: Ուրիշ հարց է այդ գործընթացի արդյունավետությունը, որն էլ կախված է լինելու առավելապես մեր հարևան Ադրբեջանի պահվածքից՝ արդյոք գալու է բանակցության անհարկի մաքսիմալիզմով, թե իրապես պատրաստ է լինելու նորմալ բանակցությունների:

 - Վիեննայում տեսանք համանախագահ երկրների բավական բարձր մակարդակի ներկայացվածություն, և իրենց հայտարարություններում գործընթացն արագ առաջ տանելու վճռականություն: Բայց, միաժամանակ, մեր կողմից հաճախ նշվում է, որ դրա հիմնական պայմաններից մեկը հենց առկա իրավիճակի օբյեկտիվ գնահատումն է ու այդ հասցեական հայտարարությունները, որ ակնկալում ենք համանախագահներից:  Ըստ Ձեզ այս փուլում համանախագահներն արդյո՞ք այդ քաղաքական կամքը կդրսևորեն բավական հասցեագրված հայատարարություն անելու կամ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու, որպեսզի բանակցային գործընթացն առաջ գնա:

 - Ձեր տված հարցը երկու մաս ունի: Ինչ վերաբերում է հասցեական հայտարարությունների խնդրին, մենք այն պետք է բաժանենք երկու մասի. հասցեական հայտարարություններ դիվանագիտական խողովակի ներքո և լայն հանրության համար: Վերջինը գրեթե չարվեց համանախագահների կողմից: Սակայն ես համոզված եմ, որ դիվանագիտական խողովակի ներքո եղել են էապես ավելի կոշտ հայտարարություններ, քանի որ կասկած չունեմ, որ նույն համանախագահները շատ լավ գիտեն ապրիլյան պատերազմի հրահրողն ու արկածախնդրության գնացողն ով էր:

 

 Իսկ ինչ վերաբերում է համանախագահների կամքին ու ցանկությանը, նրանց հետևողականությանը, ապա մենք ունեցել ենք նման դեպքեր՝ դրանցից ամենաթարմը նույն Կազանյան հանդիպումից առաջ, երբ երկրների նախագահների մակարդակով ունեին վստահություն, որ ինչ-որ բանի կհասնեն, բայց Ադրբեջանը տապալեց: Եվ հիմա ցավով պիտի արձանագրենք, որ անգամ համանախագահների այդ ջանքը, եռանդը, հետևողականությունը բավարար հիմք չեն և չեն ստեղծում երաշխիք գործընթացի արդյունավետ առաջմղման համար:

 Այսօր թե՛ Ադրբեջանի կողմից, թե՛ փորձագիտական շրջանակներում հաճախ հանդիպում ենք պատերազմ չսկսելը՝ որպես Հայաստանին զիջում ներկայացնելու փորձերի: Ինչպե՞ս եք դա գնահատում, և ըստ Ձեզ՝ որո՞նք են այսօր Հայսատանի նվազագույն պայմանները զիջման առումով, որ ակնկալում ենք Ադրբեջանից:

 

 - Այստեղ կա բանակցային տրամաբանության էական խախտում բոլոր նրանց համար, ում կարծիքով պատերազմ չսկսելը որևէ մեկի կողմից կարող է որպես զիջում դիտարկվել մյուսի համար: Այս թեզն իր մեջ ունի մի աքսիոմ, նշանակում է կողմերից մեկն այնքան շիզոֆրենիկ է, որ իր կորուստներն ու մարդկային կյանքերը ոչ մի դեր չունեն և ինքը մյուսին դա փորձում է ներկայացնել որպես զիջում: Սա բառիս բուն իմաստով աբսուրդ է, և ցավում եմ, որ այս աբսուրդն ինչ-որ զարտուղի ճանապարհներով սկսել է իր տեղը գտնել անգամ միջազգային հանրության  ներկայացուցիչների մոտ: Փա՛ռք Աստծո, ո՛չ ՀՀ-ն, ո՛չ ԼՂՀ-ն այն պետությունները չեն, որոնց կարելի է վախեցնել պատերազմով, կամ պատերազմ չսկսելը վաճառել որպես «զիջում»: Նույն քառօրյա պատերազմը և սահմանը պահող տղաների պահվածքը դրա վառ ապացույցն են:

 Իսկ ինչ վերաբերում է արդյունավետ գործընթացին, այն պարունակում է հետևյալ էլեմենտները:  Խնդիր համար մեկ՝ լիակատար հանգստություն սահմաններում, երկրորդ՝ բանակցային սեղանի շուրջ պատրաստակամություն կողմերի փոխզիջման լիարժեք ձևաչափի ներքո՝ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, թե՛ Ադրբեջանի Հանրապետության կողմից: Երկրորդ խնդիրն այն է, որ այդ գործընթացի արդյունավետությանը կարող են տալ դրական տեմպ կամ խորություն վստահության միջոցները: Փոխադարձ վստահության պարագայում պայմանավորվելը դառնում է ավելի հեշտ, որովհետև սկսում ես վստահել, այդ թվում, դիմացինիդ նպատակներին: Երրորդ խնդիրն արդեն տեղեկատվական դաշտի կամ հռետորաբանության մեջ է: Դու չես կարող լինել նորմալ բանակցող կողմ, երբ քո տարբեր պաշտոնյաներ հնարավոր լուտանքն են թափում, սպառնում են ուժի կիրառումով, իսկ քսենոֆոբիան ու հայատյացությունը  հասնում են այսօրվա մակարդակի: Այդ դեպքում ի՞նչ կամք ու համբերություն պետք է ունենան մնացած բանակցողները, որ, այդ ամենին ուշադրություն չդարձնելով, փորձեն կառուցողականություն ցուցաբերել:

 Այս ամենի համախումբն անհրաժեշտ է արդյունավետ բանակցությունների համար:

 Իսկ այսօրվա պարագայում մենք ունենք շատ ագրեսիվ հռետորաբանություն Ադրբեջանի կողմից, որը չի կարող որևէ նպաստ բերել արդյունավետ բանակցությունների համար, մենք չունենք վստահության միջոցներ և այդ միջոցների զարգացում, և վերջապես, մենք չենք տեսնում փոխզիջման պատրաստակամության որևէ էլեմենտ Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի պատկերացմամբ հնարավոր լուծումը պետք է լինի հետ-88 թվականի դրության վերականգնման ձևով, որը, բնականաբար, հնարավոր չէ, և դրա անհնարինությունը հասկանում է ողջ աշխարհը: Եվ այստեղ ինքնախաբեությամբ զբաղվելն իհարկե աննորմալ երևույթ է: Ուստի եթե ստացվի այս ամենում առաջընթաց ապահովել, բանակցությունները կլինեն արդյունավետ և ցույց կտան դրական տեմպ և թունելի վերջում լույս:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: