ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի հանրաքվեին մնացել են հաշված օրեր. «Brexit»-ի լավ ու վատ կողմերը

Eandt.theiet.org

Ընդամենը մի քանի օրից՝ հունիսի 23-ին, Մեծ Բրիտանիայում տեղի կունենա հանրաքվե՝ Եվրոպական միությունից դուրս գալ-չգալու հարցով: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան, չնայած ԵՄ լիիրավ անդամ լինելուն, ո՛չ շենգենյան գոտու մաս է կազմում, ո՛չ էլ եվրագոտու:

Իսկ կառույցից ընդհանրապես դուրս գալու շուրջ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ վարչապետ Դեյվիդ Քեմերոնն առաջին անգամ հայտարարել էր դեռևս 2013 թվականի հունվարին՝ նշելով, որ եթե 2015 թվականի ընտրությունների արդյունքում պահպանողականները չկորցնեն իշխանությունը, Լոնդոնը բանակցություններ կսկսի Բրյուսելի հետ միությանը Բրիտանիայի հետագա անդամակցության պայմանների շուրջ:

Այսպիսով, ԵՄ անդամության հարցը դարձավ 2015 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի հիմնական թեզը: ՄԹ վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետ Քեմերոնը ձեռնամուխ եղավ նախընտրական խոստման կատարմանը:

Սակայն ուշագրավ է, որ այժմ արդեն, երբ հանրաքվեին հաշված օրեր են մնացել, Քեմերոնն ինքը դեմ է արտահայտվում ԵՄ-ն լքելու հեռանկարին՝ պարզաբանելով, որ եթե երկիրը դուրս գա միությունից, Մեծ Բրիտանիայի համար ամենավատ և դժվարին ժամանակները կգան, և ոչ միայն տնտեսապես, այլև քաղաքականապես:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, ով իր մյուս բարձրաստիճան գործընկերների հետ մինչև վերջ պայքարեց, որպեսզի բանը հանրաքվեին չհասնի և Բրիտանիան շարունակի մնալ ԵՄ կազմում, վերջերս հայտարարել է, որ «ոչ ոք այլևս գրկաբաց չի ընդունելու դասալիքներին»:

Անդրադառնալով Բրիտանիայի քաղաքական ուժերի դիրքորոշումներին՝ հարկ է նշել, որ նրանց կողմից երկրում ընթացող գործընթացներին տրված գնահատականները տարբերվում են:

Քաղաքական կուսակցությունների դիրքորոշումներում քննարկվող հարցի շուրջ չկա միասնականություն: Թե՛ ընդդիմադիր լեյբորիստների կուսակցության և թե՛ իշխող պահպանողական կուսակցության տեսակետները բաժանվում են երկու խմբի: Անդամակցությանը կողմ արտահայտվող վերջիններիս ներկայացուցիչները, ինչպես նաև Ուելսի, Շոտլանդիայի ազգային կուսակցություններն իրենց դիրքորոշումը հիմնավորում են միության տված տնտեսական առավելություններով: Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավարը նույնիսկ հայտարարել է, որ ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու դեպքում անկախության երկրորդ հանրաքվեն կանցկացնեն:

Մինչդեռ այլ դիրքորոշում ունի UKIP (Մեծ Բրիտանիայի անկախ կուսակցությունը) կուսակցությունը, որը պահանջում է Մեծ Բրիտանիայի ելքը ԵՄ կազմից: UKIP կուսակցության ներկայացուցիչները պահանջում են, որպեսզի  Բրիտանիան հաստատի ամբողջական և լիարժեք վերահսկողություն պետության սահմանների նկատմամբ՝ կրճատելով փախստականների հոսքը երկիր:

ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու օգտին հանդես է գալիս նաև Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, ում կարծիքով ձեռք բերված համաձայնություններն իրական  ինքնիշխանություն չեն ապահովում ՄԹ համար:

Ինչևէ, The Guardian բրիտանական հեղինակավոր պարբերականն օրերս հրապարակել է այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի կունենան երկրում այսպես կոչված «Brexit»-ի (Britain's Exit) պարագայում:

 Ճամփորդություն դեպի ԵՄ.  Բրիտանացի ճանապարհորդները, ովքեր կմեկնեն  մայրցամաքային Եվրոպա, կարող են ունենալ որոշակի խնդիրներ մուտքի վիզաների հետ կապված: Հայտնի չէ, թե արդյոք բրիտանական իշխանությունները կկարողանան համաձայնել վիզային ազատ ռեժիմը պահպանելուն:

Աշխատանքի թույլտվություն . նույնը վերաբերում է նաև աշխատողների ազատ տեղաշարժին դեպի ԵՄ անդամ-երկրներ: Եթե Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գա, նրանք ստիպված կլինեն ձեռք բերել աշխատանքի թույլտվություն: Ընդ որում, բրիտանացիներն ունեն երկու միլիոն աշխատուժ ԵՄ ողջ տարածքում:

Գույքի գնում ԵՄ-ում. Եվրոպական միության անդամ երկրները կարող են արգելել Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին գույք գնել իրենց տարածքում: Իսկ նրանք, ովքեր արդեն գնել են տուն կամ բնակարան, կարող են կանգնել մեծ հարկեր վճարելու խնդրի առաջ:

Սպառողների իրավունքներ. այժմ ԵՄ-ն խստորեն վերահսկում է իր տարածքում  սպառողների իրավունքները: Եթե ​​մարդը գնել է փչացած ապրանք, դրա դիմաց կստանա լիարժեք փոխհատուցում: Սակայն ՄԲ քաղաքացիների դեպքում պատկերը կարող է փոխվել:

Առևտուր ԵՄ հետ.  առևտրի հետ կապված որոշ պայմանագրեր Եվրամիության ներսում կարող են կորցրել իրենց իրավական ուժը: Ինչ վերաբերում է առևտրին մնացած աշխարհի հետ, Մեծ Բրիտանիան ստիպված կլինի վերանայել գործարքները, որոնք ժամանակին կնքել է որպես Եվրոպական Միության անդամ: Սակայն, Brexit –ի դեպքում, երկիրը կարող է ազատ և առանց ավելորդ ճնշման առևտրային համագործակցություն հաստատել, օրինակ, Չինաստանի հետ:

Բնապահպանական իրավիճակը. ԵՄ անդամ երկրները խիստ պահանջներ ունեն շրջակա միջավայրի պահպանման հետ կապված: ԵՄ քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերելու տեղեկություններ շրջակա միջավայրի վիճակի հետ կապված: Արդյո՞ք դա հասանելի կլինի բրիտանացիներին ևս, եթե նրանք հեռանան ԵՄ-ից:

Սակայն այս բոլոր բացասական փոփոխությունների հետ մեկտեղ, կան նաև մի շարք դրական փոփոխություններ, որոնք սպասում են Մեծ Բրիտանիային, եթե այն դուրս գա Եվրոպական միության կողմից:

«Սեպարատիզմի» կողմնակիցներն ասում են, որ ԵՄ բյուրոկրատիայի և նրա անհամար կանոնների բացակայության դեպքում փոքր և միջին ձեռնարկությունները կարող են բարգավաճել, ինչը կհանգեցնի զբաղվածության աճին:

Բացի այդ, վերջապես կխստացվի երկրի միգրացիոն քաղաքականությունը: Ըստ «ազատականների»՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է վերականգնել լիարժեք վերահսկողություն իր սահմանների հանդեպ, ինչն, իր հերթին, թույլ կտա ՄԲ սեփական քաղաքացիներին աշխատանքով և  ավելի բարձր աշխատավարձով ապահովել՝  զուգահեռաբար հեշտացնելով աշխատանքը դպրոցներում, հիվանդանոցներում և այլ հասարակական ու սոցիալական հաստատություններում:

Բացի այդ, Brexit-ի աջակիցները հայտարարել են, որ Լոնդոնը կարող է այլևս գումար չվճարել ԵՄ բյուջեին: Ըստ նրանց՝ բրիտանական կառավարությունը մեծամեծ գումարներ է ծախսում տարեկան կտրվածքով ԵՄ համար՝ գանձելով դրանք իր իսկ հարկատուներից:

Առևտրի հետ կապված «անկախականները» պնդում են, որ ՄԲ-ն կկարողանա այնպիսի երկրների հետ նորանոր ձեռնտու պայմանգրեր կնքել, ինչպիսին են Չինաստանը, Սինգապուրը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը և այլն:

Ինչ վերաբերում է այլ միջազգային կառույցներին, նրանք պնդում են, որ Մեծ Բրիտանիան միանշանակորեն կշարունակի մնալ ՆԱՏՕ-ի առանցքային անդամ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիարժեք անդամ, ինչպես նաև միջուկային տերություն:

Եվ, վերջապես,  Մեծ Բրիտանիայի ամենակարևոր ձեռքբերումը, եթե այն դուրս գա ԵՄ կազմից, կլինի ժողովրդավարական ինստիտուտների և Մեծ Բրիտանիայի իրավական համակարգի ամրապնդումն ու երկրի լիարժեք ինքնիշխանությունը:

Ինչևէ, բրիտանական երկար սպասված հանրաքվեին մնացել են հաշված օրեր, և շատ շուտով ականատես կլինենք, թե ինչ որոշում կայացրեցին Ալբիոնի բնակիչները:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: