ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քուրդ պատգամավոր. «Եփրատի վահան» գործողությունն ուղղված է քրդերի դեմ և գուցե ամեն ինչ ավարտվի բաց առճակատմամբ (ԲԱՑԱՌԻԿ)

bingolhaberler.com

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահի տեղակալ և պատգամավոր Հիշյար Օզսոյի հետ Թուրքիայում քրդերի ներկայիս վիճակի և Սիրիայում «Եփրատի վահան» գործողության վերաբերյալ: 

 

Ի՞նչ կարող եք ասել Թուրքիայում քրդերի ներկայիս վիճակի մասին: Արդյո՞ք հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը քրդերի նկատմամբ փոխվել է:

-  Նույն բռնաճնշումները շարունակվում են: Չնայած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել՝ այն կարող էր որպես հնարավորություն օգտագործվել քրդական շարժման հետ խաղաղ գործընթացը վերսկսելու համար: Ցավոք կառավարությունը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը՝ պատերազմելով և´ Թուրքիայի, և´ Սիրիայի քրդերի դեմ:

Խորհրդարանի, ՏԻՄ-երի, քաղհասարակության, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների բոլոր քուրդ ներկայացուցիչները թուրքական կառավարության ճնշման տակ են գտնվում: Օրինակ, մի քանի օր առաջ Թուրքիայում արգելվեց «Օզգյուր Գյունդեմ» քրդական թերթի գործունեությունը:

Այսպիսով, բռնաճնշումները շատ են, բայց երբ նայում ենք վերջին 100 տարիների ընթացքում քրդերի պատմությանը Թուրքիայում, ապա տեսնում ենք, որ եղել է և´ բռնաճնշում, և´ դիմադրություն: Կարծում եմ՝ քրդերը բավականին խելք ու փորձ են կուտակել՝ նմանատիպ իրավիճակները հաղթահարելու և գոյատևելու համար:

 

Մի քանի օր առաջ Թուրքիան Սիրիայում սկսեց «Եփրատի վահան» գործողությունը: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հենց հիմա և ի՞նչ զարգացումներ ակնկալել: 

-  Թուրքիայի իշխանություններն ասում են, որ պայքարում են ԻՊ-ի դեմ, բայց բոլորն էլ գիտեն, որ հիմնական թիրախը քրդերն են: Նրանք փորձում են կանխել քրդերի հնարավոր ձեռքբերումները Սիրիայում: Ընտրված ժամանակն ունի էական նշանակություն, քանի որ քրդերը, Սիրիայի ժողովրդավարական ուժերի հետ միասին, կարողացել էին հաղթել ԻՊ-ին և վերցնել Մանբիջ քաղաքը: Այն ԻՊ-ի համար էական նշանակություն ունեցող քաղաք էր: Այդ քաղաքը վերցնելուց հետո քրդերը շատ մոտեցան Ջերաբլուս քաղաքին, որը Քոբանի քաղաքի մոտ է գտնվում: Այպիսով, մինչև քրդերը կկարողանային այդտեղ հասնել, թուրքական ուժերը միջամտեցին: Սա է պատճառը, որ Սիրիայում այս գործողությունը մենք չենք համարում փորձ՝ փրկելու Ջերաբլուսն ԻՊ-ից, այլ փորձ՝ փրկելու ԻՊ-ին քրդերից և Սիրիայի ժողովրդավարական ուժերից: ԻՊ-ը, փաստացի, չպայքարեց, այլ թողեց քաղաքը թուրքական ուժերին՝ քաշվելով դեպի ալ-Բաբ: Այսպիսով, դա նախապես կնքված գործարք էր, և մի քայլ էր, որը հիմնականում ուղղված է քրդերի դեմ, այլ ոչ թե ԻՊ-ի:

Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա դժվար է ասել: Թուրքերն ու քրդերը կողք կողքի են, և մեծ լարվածություն կա: Թուրքիան արդեն Քոբանիի սահման տանկեր է ուղարկել՝ ճնշում գործադրելով քրդերի վրա և սպառնալով նրանց: Իսկ քրդերն էլ սահմանին կանգնած սպասում են և հետևում են տանկերի շարժին: Ո՞վ գիտի, գուցե ամեն ինչ ավարտվի բաց առճակատմամբ: Հուսով ենք, սակայն, որ դա տեղի չի ունենա, բայց Թուրքիան շատ ագրեսիվ է և կարող է իսկապես սահմաններն անցնել:

-          Ի՞նչ դիրքորոշում ունի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն այս ամենի վերաբերյալ:

-  Իհարկե, մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայի վարած քաղաքականությունը: Մենք ասում ենք, որ Թուրքիան պետք է բարեկամական հարաբերություններ զարգացնի քրդերի հետ: 2013-2015 թվականներին կար խաղաղ գործընթաց, բայց Թուրքիան կասեցրեց այն, ինչն իր հերթին բարդացրեց հարաբերությունները Սիրիայի և այնտեղի քրդերի հետ: Այժմ քրդական խնդիրը Թուրքիայում և Սիրիայում իրապես միահյուսված են: Դրանք նույն բանը չէին: Սա է պատճառ, որ Թուրքիան կամ պետք է պայքարի քրդերի դեմ և՛ Սիրիայում, և՛ Թուրքիայում, կամ էլ Թուրքիան պետք է որոշում կայացնի և Թուրքիա-Սիրիա սահմանի երկու կողմերում բնակվող քրդերի հետ սկսի խաղաղ գործընթաց:

Այսպիսով, մեր դիրքորոշումն այն է, որ քրդերի դեմ պատերազմ վարելու փոխարեն պետք է հաշտվեն քրդերի հետ, այլապես, եթե Թուրքիան շարունակի իր ագրեսիվ տրամադրվածությունն ու քաղաքականությունը, կհանդիպի դիմադրության:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: