ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի համար առաջնահերթը կայուն խաղաղությունն է. Արտակ Բեգլարյան

news.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի հետ:

- Արցախի անկախության այս 25 տարիների ընթացում ո՞րն է եղել ամենակարևոր ձեռքբերումը կամ ձեռքբերումները:

 - Ամենակարևոր ձեռքերումը միգուցե կարող ենք նշել անկախությունը, այսինքն այն, որ մենք ինքնուրույն կարողանում ենք մեր ճակատագիրը որոշել: Երկրորդ ոչ պակաս կարևոր ձեռքբերումը խաղաղությունն է, գոնե հարաբերական, այսինքն այն, որ կարողացանք մեր սահմաններն ամուր պահել՝ իհարկե, ամբողջ ազգով (ի նկատի չունեմ միայն Արցախի Հանրապետությունը): Այս երկու ձեռքբերումները նախապայմաններ են դարձել մնացած ձեռքբերումների համար՝ այդ թվում սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական:

 

- Ի՞նչ եք կարծում, անկախության սերնդի մտածելակերպը տարբերվու՞մ է նախորդ սերնդի մտածելակերպից, և ո՞րն է այս սերնդի ապագայի տեսլականը:

- Միանշանակ տարբերվում է, սակայն դժվար է գնահատել, թե որքանով է այդ տարբերությունը պայմանավորված բուն անկախությամբ, քանի որ ցանկացած դեպքում երիտասարդ սերնդի մտածելակերպը տարբերվում է իրենից ավագ սերնդի մտածելակերպից: Սա բնական երևույթ է: Սակայն եթե հաշվի առնենք, որ նախորդ սերունդը մեծացել, հասունացել է խորհրդային շրջանում, մի պետությունում, որտեղ տարբեր էր գաղափարախոսությունը, տարբեր էր մտածողությունը, կրթական համակարգը, պետք է ասենք, որ, բնականաբար, անկախությունն ազդել է: Եվ այդ անկախությունը չի նշանակում հենց Արցախի Հանրապետության անկախությունը, այլ ընդհանրապես հայության՝ այսինքն Հայաստանի Հանրապետության և Արցախի:

Ընդհանուր Հայաստանի անկախությունն ազդել է մեր երիտասարդ սերնդի մտածողության վրա, և դա արտացոլվում է թե՛ մեր գործողություններում, թե՛ կյանքի հանդեպ մոտեցումներում և թե՛ ազգային խնդիրների հանդեպ մոտեցումներում:

 

- Ո՞րն է Արցախի զարգացման Ձեր անձնական տեսլականը, և որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:

- Եթե երկարաժամկետ կտրվածքով դիտարկենք, իհարկե, առաջնահերթը մեր կայուն խաղաղությունն է, որը հետագայում կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել  Արցախի տնտեսական, ժողովրդագրական (և՛ բնական, և՛ մեխանիկական աճով) և իհարկե կրթական համակարգի զարգացման համար: Վերջինս կապահովի կառավարման և տնտեսական համակարգերի արդյունավետությունը: Այդ ճանապարհին, կարծում եմ, ինստիտուցիոնալ մոտեցումը լավագույն տարբերակն է: Մենք պետք է հենվենք զարգացող, զարգացած ինստիտուտների վրա և ընտրենք լավագույն կադրեր, որոնք կգործարկեն այդ ինստիտուտները: Երբեք չպետք է հույս դնել միայն անհատների վրա, պետք է ինստիտուտներ լինեն, որոնք կապահովեն համապատասխան պայմաններն անհատների գործունեության համար:

Իսկ տնտեսական զարգացման համար տարբեր ուղղություններ կան, բայց հնարավորինս պետք է անել այնպես, որ Արցախը մնա իր մաքրությամբ և անարատությամբ գյուղատնտեսության ոլորտում և հնարավորինս զարգանա այս ուղղությամբ:

Իրավա-քաղաքական տեսանկյունից ցանկալի տարբերակը, բնականաբար, այն է, որ Արցախը և Հայաստանի Հանրապետությունը մեկ պետության մեջ լինեն: Սա իմ տեսլականն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: