ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրան-Մեծ Բրիտանիա. կարգավորման գործընթացը նոր թափ է ստանում

AP GRAPHICSBANK

Իրանն ու Մեծ Բրիտանիան հայտարարել են Լոնդոնում և Թեհրանում իրենց դեսպանների նշանակման մասին: Իրանական Tasnim լրատվական գործակալությունը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան է նշանակվել Համիդ Բայեդինեջադը, ով Իրանի և միջազգային միջնորդների «Վեցյակի» (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա) միջև բանակցությունների ժամանակ ներգրավված է եղել իրանցի բանակցողների թիմում: Իսկ Մեծ Բրիտանիան 5 տարի տևած ընդմիջումից հետո դեսպան է նշանակել Նիկոլաս Հոփթոնին, ով ավելի վաղ ծառայել է որպես Մեծ Բրիտանիայի Գործերի ժամանակավոր հավատարմատար Իրանի Իսլամական Հանրապետությունում, իսկ 2013-2015 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանը Կատարում: Նախօրեին նրանց ընդունել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:

Նորությունն իհարկե անսպասելի չէր՝ հաշվի առնելով միջուկային գործարքի կնքումից անմիջապես հետո մեծ արագությամբ ընթացող Իրան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների վերականգնման գործընթացը: 2015 թվականի օգոստոսին Մեծ Բրիտանիան և Իրանը գրեթե միաժամանակ վերաբացեցին իրենց դեսպանատները Թեհրանում և Լոնդոնում՝ ազդարարելով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը: Թեհրան այցելեց Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը, ինչը բրիտանացի արտգործնախարարի առաջին այցն էր Իրան 12 տարիների ընդմիջումից հետո: Իհարկե, գործընթացն ընթանում էր Իրան-ԵՄ հարաբերությունների վերականգնման ողջ գործընթացի համատեքստում: Ակտիվորեն վերականգնվում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և եվրոպական այլ առաջատար երկրների հետ Իրանի կապերը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը 2011 թվականին հարձակման էր ենթարկվել: Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների դեմ հանդես եկող ցուցարարները կոտրել էին դեսպանատան ապակիներն, այրել բրիտանական դրոշը: Բրիտանիան այն ժամանակ հայտարարեց, որ ցուցարարները հարձակումն իրականացրել են իրանական վարչակազմի աջակցությամբ:

Երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը սկսեց թուլանալ 2013 թվականին՝ Հասան Ռոհանիի իշխանության գալուց հետո: Երկրները մասնակի դիվանագիտական հարաբերություններ ունեին: Նրանցից յուրաքանչյուրը ոչ ռեզիդենտ ժամանակավոր հավատարմատար ուներ, որն ամսական ընդամենը 1 շաբաթ էր անցկացնում մյուս երկրի մայրաքաղաքում:

Իրանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները մշտապես անհանգիստ բնույթ են կրել: Իսլամական հեղաշրջումից 9 տարի անց` 1988 թվականին, երկու երկրները վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները, սակայն ընդամենը մեկ տարի անց դիվանագիտական կապը խզվեց: Հարաբերությունները մասնակիորեն վերականգնվեցին 1990 թվականին, իսկ 1999-ին բարձրացվեցին մինչև դեսպանների մակարդակ: Մեկ տասնամյակ անց, կապված միջուկային ծրագրի պատճառով Իրանի նկատմամբ գործադրվող ճնշման հետ, երկու երկրների հարաբերությունները կրկին վատացան: Լոնդոնը սառեցրեց իրանական ակտիվները:

Ակնհայտ է, որ դեսպանների նշանակումը հնարավորություն կտա ավելի մեծ արագությամբ հաղթահարելու երկու երկրների միջև առկա տարաձայնությունները և համագործակցության նոր հարթակներ գտնել, ինչն իր դրական ազդեցությունը կունենա նաև Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունների կարգավորման ընդհանուր գործընթացի վրա: 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: