ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանն ու Պակիստանը նոր պատերազմի նախաշեմին

dhakatribune.com

Հնդկաստանի զինված ուժերը նախօրեին մտել են Պակիստանի ենթակայության տակ գտնվող Քաշմիր շրջան և կետային հարվածներ են հասցրել, հայտնում է Reuters-ը՝ Հնդկաստանի ռազմական հրամանատարությանը հղումով: Նշվում է, որ ռազմական գործողության նպատակը Պակիստանի տարածքից Հնդկաստանի վրա իրականացվող պարբերական հարձակումներին վերջ դնելն է եղել:

«Հարվածները հասցվել են հիմնվելով այն հավաստի տեղեկությունների վրա, որ ահաբեկիչների մի քանի խումբ պատրաստվում է ներխուժել Հնդկաստանի տարածք», - հայտնել է հնդկական Քաշմիրի զորքերի հրամանատար գեներալ Ռանբիր Սինխը:

Նա նաև նշել է, որ հարվածներ հասցնելուց առաջ կապվել է Պակիստանի ենթակայության տակ գտնվող Քաշմիրի զորքերի հրամանտարի հետ՝ գործողության մասին նրան զգուշացնելու համար: Սակայն պակիստանյան կողմը հերքում է այդ տեղեկությունը՝ նշելով, որ ահաբեկիչների բազաների մասին տեղեկությունները Հնդկաստանի կողմից միտումնավոր ստեղծվող պատրանք է՝ կեղծ ազդեցություն ապահովելու համար: Պակիստանի վարչապետը խստորեն քննադատել է Հնդկաստանի զինված գործողությունները և խոստացել, որ պակիստանյան բանակը կոչնչացնի ցանկացած չարիք՝ կոչված քայքայելու Պակիստանի ինքնիշխանությունը:

Նշենք, որ Քաշմիրի շուրջ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը սկսվել է 1947 թվականին, երբ Հնդկաստանն անկախացել է Մեծ Բրիտանիայից և կրոնական սկզբունքով բաժանվել երկու պետությունների: Արդյունքում հիմնականում մուսուլմաններով բնակեցված Քաշմիրում հստակ պետական սահման գոյություն չունի, և իսլամիստական անջատողական խմբերն ակտիվ գործունեություն են իրականացնում Քաշմիրի հնդկական մասում, ինչը հանգեցնում է երկու երկրների միջև լարվածության պարբերական աճի:

Վերջին նման սրացումը սկսվեց սեպտեմբերի 18-ին, երբ զինյալները հարձակվեցին հնդկական Ջիմմու և Քաշմիր նահանգի Ուրու քաղաքի մոտ տեղակայված հնդկական գումարտակի վրա, այդ ժամանակ զոհվեց 18 հնդիկ զինծառայող: Այս միջադեպի արդյունքում Հնդկաստանը հայտարարեց Իսլամաբադի հետ հարաբերությունները վերանայելու, Պակիստանի՝ որպես ահաբեկչություն աջակցող երկրի միջազգային մեկուսացումը մեծացնելու մասին, քանի որ Նյու Դելիում վստահ են, որ հարձակման հետևում կանգնած են «Ջեյշ-է-Մուհամմեդ» խմբավորման զինյալները, ովքեր Հնդկաստանի տարածք են ներթափանցել Պակիստանից: Իսլամաբադը, բնականաբար, հերքում է այս մեղադրանքները: Սակայն հարկ է նշել, որ տարածաշրջանում լարվածության աճ նկատվում է դեռ հուլիսի սկզբից, երբ հնդիկ զինվորականները սպանեցին անջատողականների առաջնորդներից մեկին: Արդյունքում Քաշմիրում հաճախակի դարձան բողոքի ակցիաները, որոնց ընթացքում զոհվել է ավելի քան 80 մարդ:

Այս լարվածությունը կվերածվի Հնդկաստանի և Պակիստանի միջև լայանածաված պատերազմի, թե՝ ոչ, փորձագետները դժվարանում են պատասխանել: Վերջիններս մինչ Հնդկաստանի կողմից Պակիստանին հարվածելը նշում էին, որ չնայած Հնդկաստանում նկատվող ռազմատենչ հռետորաբանությանը՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ դժվար թե լինեն, քանի որ երկու երկրները միջուկային ներուժ և բավականին ուժեղ բանակ ունեն: Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Պակիստանի տնտեսությունը բավականին ծանր վիճակում է գտնվում, և այդ վիճակից դուրս գալու նպատակով Իսլամաբադի՝ չինական ներդրումներ ներգրավելու քաղաքականությունը կձախողվի՝ երկրում ռազմական գործողությունների կամ անկայության պատճառով: Սակայն պետք է հիշել, որ վերջին 60 տարում Հնդկաստանի և Պակիստանի միջև 3 լայնամասշտաբ պատերազմ է եղել և վերջնական խաղաղություն այդպես էլ չի հաստատվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: