ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նալբանդյան. Բաքուն հայտարարում է բանակցությունների շարունակման մասին, բայց չի կատարում պայմանավորվածությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ դեկտեմբերին Համբուրգում կարող է կայանալ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, սակայն Բաքվի հայտարարությունները հակասական են: Այս մասին Երևանում Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Իհարկե, Ադրբեջանից հնչեց հայտարարություն, որ պատրաստ են մասնակցել, բայց Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասություններ են պարունակում», - ասել է նա:

Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանը մի կողմից հայտարարում է, որ պատրաստ են մասնակցել եռանախագահների կողմից նախաձեռնվող հանդիպումներին, մյուս կողմից հայտարարություններ է անում, որոնք հակադրվում են եռանախագահների մոտեցումներին:

«Եռանախագահները բազմիցս ասել են, որ հիմնախնդիրը կարող է լուծվել միջազգային իրավունքի երեք սկզբունքի հիման վրա՝ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն: Ներկայացված սկզբունքները մեկ ամբողջություն են, դրանց տարանջատումը դժվար վիճակ կստեղծի», - նշել է արտգործնախարարը, գրում է Panorama.am-ը:

Նա ասել է, որ Բաքուն պետք է կողմնորոշվի՝ արդյոք իսկապես ցանկանում է, որ եռանախագահող ձևաչափում շարունակի բանակցությունները, որովհետև մի կողմից ասում են՝ պատրաստ են մասնակցելու հանդիպումներին, մյուս կողմից՝ դուրս են գալիս եռանախագահների առաջարկների դեմ, նաև՝ այն հիմքի դեմ, որն առաջարկվում է որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում:

«Այլապես այս հանդիպումներին մասնակցությունը դառնում է իմիտացիա իրենց կողմից: Դրա ապացույցներից մեկն էլ իրենց մասնակցությունն էր Վիեննայում, Սանկտ Պետեբուրգում կայացած գագաթաժողովներին: Մասնակցեցին, բայց դա ի՞նչ տվեց: Մինչ այսօր հրաժարվում են իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները, անում են ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանը երբևէ չի հրաժարվել հանդիպումներից, մասնակցելով այդ հանդիպումներին՝ ընդունել է այն շրջանակը, որն առաջարկվում է բանակցությունների համար եռանախագահների կողմից: Նա ընդգծել է, որ դա է տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

ԱԳ նախարարի խոսքով, Ադրբեջանը, ինչպես միշտ, նորից սրում է իրավիճակը, հայտարարել է լայնածավալ ռազմական զորավարժությունների մասին, որին մասնակցելու է ադրբեջանական բանակի ամբողջ ներուժը՝ 60 հազար զորք, տանկեր, հրթիռներ:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Ավելի վաղ նոյեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին:

Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ:

Նալբանդյանն ու Ջենտիլոնին մտքեր են փոխանակել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնակվելիք քայլերի շուրջ, անդրադարձան մոտ երեք տասնյակ փաստաթուղթ ընդգրկող իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, քննարկեցին միջխորհրդարանական շփումներին, առևտրատնտեսական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղիները, կարևորեցին գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացումը:

Նախարարները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները:

Անդրադարձ եղավ մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերին, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում տեղի ուենցող զարգացումներին, սիրիական ճգնաժամին, միգրացիոն հոսքերին, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։

Հանդիպման օրակարգային հարցերի թվում էր նաև ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Նալբանդյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրել է բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է Իտալիայի` որպես ԵԱՀԿ ապագա նախագահող երկրի դիրքորոշումը` սատարելու եռանախագահների ջանքերին և նրանց կողմից որպես մեկ ամբողջություն առաջարկվող միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության, հիման վրա հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հասնելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: