ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ բոլոր երկրներում, բացի Հայաստանից, բնակչության աջակցությունն ինտեգրացիային 60 տոկոսից բարձր է. Միխայիլ Դեմիդենկո (ԲԱՑԱՌԻԿ)

Եվրասիական ինտեգրման առկա իրավիճակի և հեռանկարների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Միխայիլ Դեմիդենկոյի հետ:

 

- ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացն ի՞նչ հիմնական խոչընդոտների է բախվում, և դրանց հաղթահարման ի՞նչ ուղիներ եք տեսնում:

- ԵԱՏՄ-ում խոչընդոտները պայմանավորված են այն հանգամանքով, որ մեր տնտեսությունները, ունենալով ընդհանուր խորհրդային անցյալ, այնուամենայնիվ վերջին ավելի քան 20 տարիներին միմյանցից անկախ են զարգացել: Բնական է, որ առաջացել են մի շարք խոչընդոտներ, որոնք մենք փորձում ենք հաղթահարել եվրասիական ինտեգրացիայի շրջանակներում: Առաջին հերթին դրանք փոխադարձ առևտրի հետ կապված խոչընդոտներ են: Եվրասիական ինտեգրման հետազոտության կենտրոնն իրականացրել է համապատասխան հետազոտություններ, և պարզվել է, որ վնասների մոտ 20 տոկոսն ընկերությունները կրում են հենց այդ խոչընդոտների հետևանքով: Վերջիններիս վերացման հարցով աշխատանքներն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Ես համոզված եմ, որ դրանք բավականին հաջող կլուծվեն, քանի որ միանգամայն ակնհայտ է, որ երկարաժամկետ հեռանկարում հատկապես փոքր տնտեսությամբ երկրների համար, ինչպիսիք են Բելառուսը, Հայաստանը և Ղրղըզստանը, եվրասիական ինտեգրացիան շահեկան է:

Այնուհետև լուրջ խոչընդոտներ կան նաև ֆինանսական ոլորտում: Մենք կառուցում ենք այդ թվում նաև ընդհանուր ֆինանսական շուկա, որին խանգարում են մեր տնտեսությունների այնպիսի հարցեր, ինչպես, օրինակ, բարձր դոլարիզացիան, ինչը բնորոշ է Բելառուսին, Հայաստանին և Ղրղըզստանին (ազգային արժույթի հանդեպ յուրօրինակ անվստահությամբ պայմանավորված): Կարող էին ԵԱՏՄ երկրների միջև փոխհաշվարկներն ավելի շատ լինեին ազգային արժույթով: Այս հարցն այժմ օրակարգում է:

Մեր երկրներին նաև բնորոշ է մակրոտնտեսական անկայունություն՝ բարձր և փոփոխվող ինֆլյացիա: Այս հարցի լուծումը պահանջում է երկարաժամկետ ջանքեր: Այստեղ հարկ է նշել, որ Հայաստանի Կենտրոնական բանկն առաջ է ԵԱՏՄ երկրներից. ավանդաբար ցածր ինֆլյացիա ունի: Դա արվում է արժույթի փոխարժեքի կայունացման հաշվին, ինչը, սակայն, որոշակի հարցեր է առաջացնում:

- Ձեր կենտրոնի հետազոտությունների համաձայն՝ ինչպե՞ս է փոխվում ԵԱՏՄ երկրների տրամադրվածությունը միմյանց և ինտեգրացիոն գործընթացի նկատմամբ ընդհանրապես: ԵԱՏՄ զարգացման հետ կապված լավատեսությունն աճո՞ւմ, թե՞ անկում է ապրում: Առանձին երկրներում միմյանց նկատմամբ վստահություն կա՞, թե՞ ոչ:

- Այս տարի կան ինչպես դրական, այնպես էլ բացասական միտումներ: Նախ ԵԱՏՄ բոլոր երկրներում, բացի Հայաստանից, ինտեգրացիայի նկատմամբ բնակչության աջակցության մակարդակը շատ բարձր է՝ ավելի քան 60 տոկոս: Օրինակ՝ Բելառուսում կազմում է 63 տոկոս. նախորդ տարվա համեմատ աճել է: Ղազախստանում աննշան իջել է՝ 80-ից 74 տոկոսի, իսկ Ղրղըզստանում՝ 76-ից 71 տոկոսի: Աջակցության մակարդակի առավել էական անկում գրանցվել է Հայաստանում և Ռուսաստանում: Հայաստանում 56 տոկոսից դարձել է 46 տոկոս: Վերլուծաբանների կարծիքով՝ դա առաջին հերթին կապված է հայ-ադրբեջանական վերջին ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումից դժգոհ լինելու, ինչպես նաև ռուսական ընկերությունների կողմից Հայաստանին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: Ամենայն հավանականությամբ սրանք որոշակի դեր են խաղացել, որ Հայաստանի բնակչությունն ավելի քիչ է աջակցում եվրասիական ինտեգրմանը:

- Դուք այս խնդրին մասամբ անդրադարձաք: Հաճախ քաղաքական հակասություններն ազդում են ինտեգրացիոն գործընթացի նկատմամբ հասարակության վերաբերմունքի վրա: Ի՞նչ միտումներ կարելի է արձանագրել այս ուղղությամբ, և ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ:

- Կարծում եմ, որ ինտեգրացիայի նկատմամբ հասարակության վերաբերմունքը մեծապես ազդվում է ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկություններից: Ամեն դեպքում եվրասիական ինտեգրացիան ոչ թե քաղաքական է, այլ տնտեսական: Ինտեգրացիայի հիմքում ընկած են բավականին հզոր տնտեսական հիմքեր, ինչպես, օրինակ, աշխատանքի, ապրանքների ընդհանուր շուկան, ընդհանուր ֆինանսական տարածքը, ինչը լուրջ հնարավորություններ է տալիս առաջին հերթին փոքր տնտեսությամբ երկրներին: Տնտեսական հիմնավորումներն ավելի ծանրակշիռ են, քան ինչ-որ ժամանակավոր քաղաքական հարցերը: Իսկ քաղաքական առումով, կարծում եմ, որ լուրջ տարաձայնություններ չեն լինի. Ռուսաստանը ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս երկրների անվտանգության երաշխավորն է:

- Վերջին շրջանում ԶԼՄ-ները հաճախ են քննարկում ԵԱՏՄ ընդլայնումը: Ինչպե՞ս են վերաբերվում ԵԱՏՄ երկրները դրան:

- ԵԱՏՄ ընդլայումը կարող է ընթանալ երկու ուղով: Առաջինը՝ հնարավոր նոր անդամների ընդունում: Այստեղ այս պահին միակ թեկնածուն Տաջիկստանն է, և անդամ երկրներից ոչ մեկը դեմ չէ սրան:

Երկրորդ ուղղությունն ազատ առևտրի գոտիների ստեղծումն է, և այստեղ շատ հեռանկարներ կան: Ավելի քան 50 երկիր է ցանկանում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել, 15-ի հետ այս ուղղությամբ բանակցություններ են տարվում:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: