ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե Բաքուն պատերազմ պարտադրի, մենք պատասխանատու չենք լինի թնդանոթի մսի համար. Սերժ Սարգսյան

president.am

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Գոլոս Արմենիի» թերթին:

 

–Ինչպե՞ս կմեկնաբանեիք Ադրբեջանի նախագահի՝ շփման գծում արված վերջին հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանական բանակը ամենամարտունակ բանակներից մեկն է, որը հաղթել է ապրիլյան պատերազմում։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք Ալիևի խոսքերը Հայաստանի մասին, որը, պարզվում է, «ոտքերի վրա կանգնելու համար մյուսների օգնության կարիքն ունի»։


- Կարծում եմ՝ Ադրբեջանի ղեկավարության նման հայտարարություններում կարելի է տեսնել Ղարաբաղյան խնդրի իրական պատճառը։ Դա մարտնչող ռեժիմի առկայությունն է, որի համար հարևանների հետ հավերժական պատերազմն իր իշխանությունը պահելու աղբյուր է։ Գիտեք, Իլհամ Ալիևի հայտարարության մեջ այնքան սուտ կա, որ եթե սկսեմ մեկնաբանել այդ ելույթի յուրաքանչյուր պարբերությունը, մեզ մի քանի օր անհրաժեշտ կլինի։

Հակիրճ ասեմ հետևյալը։  Այս բոլոր տարիներին Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունն ստեղծել է թերարժեքության ու պարտվածի բարդույթներ։ Եվ, բնականաբար, ադրբեջանական իշխանություններն օգտագործում են ցանկացած առիթ, յուրաքանչյուր իրավիճակ՝ վերացնելու այդ բարդույթն անգամ կեղծիքի, ապատեղեկատվության և իրականության խաթարման ճանապարհով։

Տվյալ հայտարարությունը բացառություն չէ։ Նրանք միշտ պնդում էին, թե Ադրբեջանն ուժեղ է Հայաստանից, որ ունեն ժամանակակից զենք, նավթադոլարներ, որոնք օգտագործելով կարող են յուրաքանչյուր պահի նվաճել Լեռնային Ղարաբաղը։

Ապրիլյան պատերազմի ընթացքում, բախվելով հակառակ իրականությանը, Ադրբեջանի ղեկավարությունը, չհասնելով իր նպատակին, ներկայումս ստիպված է արդարացնել այն բոլոր մարդկային և ռազմատեխնիկական կորուստները, որը կրել է ապրիլյան պատերազմի ընթացքում։

Եթե ադրբեջանական բանակն ուժեղ է խոսքերով, ապա մենք մեր ուժն ապացուցեցինք գործով։ Մեզ պետք չէ քարոզչություն, որպեսզի ապացուցենք մեր բանակի հզորությունն ու մարտունակությունը։ Նրանք համոզվեցին դրանում 1990-ականներին մեզ պարտադրված պատերազմի ընթացքում, նրանք տեսան Լեռնային Ղարաբաղի բանակի մարտունակությունը ապրիլյան պատերազմի ընթացքում։

Ընդ որում՝ Ղարաբաղի բանակը պայքարում էր ոչ միայն ադրբեջանական բանակի, այլև դրա հանցակիցների ու վարձկանների դեմ։ Եթե ադրբեջանական բանակն իր ժամանակակից սպառազինության առկայության պայմաններում ու արտաքին աջակցությամբ չորս օրում չկարողացավ հաղթել Լեռնային Ղարաբաղի համեմատաբար փոքրաթիվ զինված ուժերին, կրեց խոշոր կորուստներ, գրավելով ընդամենը մի քանի բարձունք, ապա, կարծում եմ, որ հենց դա է նրանց բանակի մարտունակության ցուցիչը, այլ ոչ թե Ադրբեջանի նախագահի խոսքերը։

Անկախությունից հետո Հայաստանի առաջ ծառացան բազմաթիվ մարտահրավերներ՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, արևելքից ու արևմուտքից բլոկադան։ Չնայած այդ ամենին, Ադրբեջանի և Հայաստանի ու Ղարաբաղի զինված ուժերի անհամաչափ պոտենցյալին, ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ կես տարի առաջ հայկական զինված ուժերն ապացուցեցին, որ ի վիճակի են առանց դրսի օգնության, խաղադրույք կատարելով սեփական ուժերին, հաղթանակել ու պարտադրել հակառակորդին հրադադար։

Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի առաջնորդը փորձում է «հոգեբանական հաղթանակ» տանել իր ժողովրդի նկատմամբ՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականություն։

Մենք առաջնորդվում ենք նրանով, որ անվտանգության ապահովման հարցերում Հայաստանն առաջին հերթին հույս է դնում իր ուժերի վրա։ Անկասկած, մենք ունենք ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրեր, որոնք կոչված են նաև զսպիչ դեր կատարել ուժային հավակնությունների ժամանակ։

Այդ միջազգային համաձայնագրերը, հստակ պարտավորություններով, կոչված են բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու խնդիրների լուծման արդյունավետությունը, որոնք ծառացած են զինված ուժերի առաջ։

Եվ հիմա, պոստֆակտում պարզապես ծիծաղելի է հերոս ներկայանալը։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Բաքվում ռազմական գործողություններին վերաբերվում են որպես զինվորներով համակարգչային խաղի՝ կատարելով խաղադրույքներ։ Հանկարծ, գուցե, բախտը բերի։

Ամենավտանգավորն այն է, որ նրանք վտանգում են ոչ միայն երիտասարդների, այլև ողջ ադրբեջանցի ժողովրդի կյանքը՝ չգիտակցելով իրողությունները։ Բաքվի նախաձեռնած նոր ռազմական ագրեսիայի համար Ադրբեջանը ստիպված կլինի չափազանց բարձր գին վճարել։

Հարցն այն չէ, թե արդյո՞ք ի վիճակի էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը վերադարձնել այդ տարածքները, թե՞ ոչ։ Հարցը գինն է, որը ստիպված կլինեինք վճարել այդ 800 հեկտարի դիմաց։ Մեզ համար թանկ է յուրաքանչյուր երիտասարդ կյանքը, և մենք մինչև վերջին պահը կձգտենք խուսափել ռազմական գործողությունների վերսկսումից՝ փորձելով առաջ տանել բանակցային գործընթացը մեռյալ կետից, որտեղ այն հայտնվեց ապրիլյան ագրեսիայի հետևանքով։

Սակայն եթե Բաքուն պատերազմ պարտադրի, մենք հաստատ պատասխանատու չենք լինի թնդանոթի մսի համար, որին ցանկանում է Ադրբեջանը իր ԶՈւ-ում ծառայող երիտասարդությանը տեսնել։

Հնարավոր է, եթե ժամանակին պարոն Ալիևը ծառայեր բանակում, նա չէր տոնի ու չափի իր մեկ գործողության հաղթանակը։

Ըստ իս՝ Ադրբեջանի նախագահին անձամբ է անհրաժեշտ եզրակացություններ անել ինչպես 25-ամյա վաղեմություն ունեցող, այնպես էլ ապրիլյան պատերազմից։

Որպես մարդ, որը և՛ ժամկետային ծառայություն է անցել, և՛ երկար տարիներ բանակում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, պետք է ասեմ հետևյալը՝ բանակի հաղթանակը կամ պարտությունը մեկ գործողության մեջ չէ, այլ առաջադրված նպատակների ու դրանց հասնելու։

Ի՞նչ նպատակ ուներ ապրիլյան ագրեսիան Ղարաբաղի ողջ շփման գծի երկայնքով։ Գիշերը, խախտելով հրադադարը, հարձակվել հակառակորդի վրա, սպանել տարեցներին, հետո պղծել նրանց մարմինները, իսկ հետո հորինել հեկտարներ, ցուցադրել հայ զինվորների գլուխները և պարգևատել նրանց, որոնք դրանք արել են, դրա՞նք են արդյոք «պրոֆեսիոնալիզմը, հերոսականությունն ու վարպետությունը», որոնց մասին հիշատակում է պարոն Ալիևը։

Մեզ պետք չէ պատերազմ, սակայն եթե Բաքվի ղեկավարությունը ցանկանա նորից փորձության ենթարկել ճակատագրին, թող պատրաստվի վատագույն սցենարին։ Քանի որ այդ ժամանակ նրանք ոչ ոքի չեն կարողանա մեղադրել քաղաքների ու շրջանների կորուստների մեջ։

Բաքվում պետք է գիտակցեն՝ չի ստացվի նրանց մոտ ուժային լուծում։ Հայկական բանակը մեր ողջ ժողովուրդն է, որը, ինչպես ավելի քան 20 տարի առաջ, այնպես էլ ապրիլին կանգնեց իր Հայրենիքի պաշտպանությանը։

Թարգմանությունը՝ 168.am-ի

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: