ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կայացել է ԱլԳ երկրների նախարարների հանդիպումը Երևանում

Նոյեմբերի 17-ին Երևանում կայացավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցեցին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից: 

Բացելով հանդիպումը` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Այսօր Հայաստանում մենք երկրորդ անգամ ենք հյուրընկալում այս ձևաչափով հանդիպումը. նախորդը տեղի էր ունեցել 2013թ. սեպտեմբերին: Հայաստանը կարևորում է իր ներգրավվածությունն Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, և այսօրվա հանդիպման անցկացումը Երևանում դրա հերթական վկայությունն է:

Մեր քննարկումներում հնարավորություն կունենանք հանգամանալից անդրադառնալ Ռիգայի գագաթաժողովից հետո Արևելյան գործընկերության շրջանակներում արձանագրված զարգացումներին և ձեռքբերումներին, կներկայացնենք մեր ակնկալիքները՝ 2017թ. կայանալիք գագաթաժողովին ընդառաջ»:

Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարևորեց նաև ոլորտային, մասնավորապես՝ հետազոտությունների և նորարարությունների ոլորտում երկխոսությունը: Նշելով, որ դա գերակա ոլորտ է հանդիսանում, Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ ԱլԳ մասնակից պետությունների կայուն տնտեսական զարգացումը կախված է նաև հետազոտությունների և նորարարությունների ռազմավարությունների որակից և դրանց իրագործման արդյունավետությունից: 

Խոսելով Հայաստան-Երոպական միություն հարաբերությունների մասին՝ արտգործնախարար Նալբանդյանը շեշտեց. «Վերջին երկու տարիներին Ռիգայի հռչակագրի դրույթների իրագործումը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Հայաստանի պարագայում կարող եմ ասել, որ անցնող տարվա ընթացքում տեսանելի արդյունքների ենք հասել. կայացել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեց փուլ, և կողմերին հաջողվել է գրանցել զգալի առաջընթաց: Միացել ենք ԵՄ մի շարք ծրագրերի, ինչպիսիք են՝ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման COSME ծրագիրը, հետազոտությունների ու նորարարության Horizon 2020 ծրագիրը: Մեկնարկ է տրվել Ստեղծագործ Եվրոպա նախաձեռնությանը միանալու գործընթացին, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել մշակութային փոխանակումների շրջանակը։ Ակնկալում ենք նաև, որ առաջիկայում կսկսեն բանակցությունները Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու ուղղությամբ, ինչպես նաև հուսով ենք շուտով մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:

Կցանկանայի տեղեկացնել, որ սկսվել են Հայաստանի և Եվրոպական միութան միջև 2017-2020 թվականների համար գործընկերության առաջնայնությունների շուրջ մեր խորհրդակցությունները։ 

Օգտագործելով այս առիթը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում»։ 

Հանդիպմանը բացման և ամփոփիչ խոսքերով հանդես եկան Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ովքեր կարևորեցին նման ձևաչափով պարբերական հանդիպումները՝ գործընկեր երկրների տեսակետներին և նրանց մտահոգող խնդիրներին ծանոթանալու և համատեղ լուծումներ գտնելու առումով։ 

Նախարարական հանդիպման մասնակիցներն արդյունավետ քննարկումներ ունեցան Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության համար կենսական բոլոր ուղղություններով, անդրադարձ կատարեցին Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքներին։ Բանախոսները կարևորեցին Ռիգայի հռչակագրում ամրագրված ԵՄ ու գործընկեր երկրների հարաբերությունների զարգացման հիմնական ուղենիշները:

Մասնակիցները համակարծիք էին, որ, 2017թ. կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, Երևանում թե արտաքին գործերի, և թե գիտության ու նորարարությունների հարցերով նախարարական քննարկումներն իրենց դրական ներդրումը կունենան ԵՄ և գործընկեր երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման գործում:

Հանդիպման արդյունքներով պատվիրակությունների ղեկավարները, ԵՄ հանձնակատար Հանը և ԵԱԳԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Բեյաղը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: