ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն սիրիական կարգավորման բանաձև է փնտրում

Alliance/AP Photo

Սիրիական հակամարտության մեջ ներգրավված խոշորագույն երկու ուժերի՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում, երբ հետագա համագործակցությունն այլևս անհնար է թվում,  ԵՄ-ն փորձում է գտնել սիրիական հակամարտության կարգավորման բանալին տարածաշրջանային գերտերությունների հետ համագործակցության միջոցով: Բրյուսելում կարծում են, որ տարածաշրջանային «խաղացողների» հետ փոխգործակցությունը հենց այն բանալին է, որը կարող է պայմաններ ստեղծել Սիրիայի ֆիզիկական, քաղաքական և սոցիալական վերակառուցման համար:

ԵՄ-ն սիրիական ճգնաժամի հարցում ելնում է նրանից, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Պաշտոնական Բրյուսելը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Սիրիայի միասնականությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը: ԵՄ-ն աջակցում է Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ջանքերին:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հոկտեմբերի վերջին այցելեց Իրան և Սաուդյան Արաբիա: Թեհրանում և Էլ Ռիյադում քննարկումների հիմնական թեման սիրիական ճգնաժամն էր: Ակնկալվում է, որ առաջիկայում ԵՄ բարձր հանձնակատարը կայցելի նաև Թուրքիա և Կատար, որոնք ևս սիրիական հակամարտության մեջ ներգրավված հիմնական ուժերից են: Սա Մոգերինիի մերձավորարևելյան ուղևորության հիմնական երթուղին է:

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ Մոգերինին ընդգծել է, որ «ԵՄ-ն զգում է Իրանի կարիքը տարածաշրջանային խնդիրների լուծման համար»: Սաուդական թագավորի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է «տարածաշրջանային համաձայնության համար համապատասխան պայմանների ստեղծումը»:

ԵՄ ակտիվությունն այս ուղղությամբ ամենևին էլ պատահական չէ: Մերձավորարևելյան ճգնաժամերից ամենաշատ տուժողներից մեկը հենց Եվրամիությունն է: Փախստականների հոսքն ու ահաբեկչությունն այսօր ԵՄ գլխավոր խնդիրներից են: Մոգերինիի մերձավորարևելյան ուղևորությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ն գիտակցում է տարածաշրջանային երկրների դերակատարությունը սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում:

Չի բացառվում, որ ԵՄ ջանքերը կարող են որոշակի արդյունք արձանագրել, այդ թվում նաև այն պատճառով, որ սիրիական ճգնաժամը չի կարող կարգավորվել առանց հակամարտության բոլոր «խաղացողների» ներգրավման: Բայց, միևնույն ժամանակ, տարածաշրջանային գերտերությունների հետ համագործակցությունն անգամ չի կարող ապահովել հակամարտության լուծումը, քանի դեռ երկու գլխավոր ուժերի՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև համաձայնություն ձեռք չի բերվել առանցքային հարցերի շուրջ, որոնցից ամենախնդրահարույցն այս պահին ահաբեկիչների և ընդդիմադիրների տարանջատումն է: Հետևաբար, ԵՄ գործողությունները կարող են միայն բարենպաստ ֆոն ապահովել ռուս-ամերիկյան հնարավոր գործարքի կայացման համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: