ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին հայրական վերաբերմունքի համար

Armenianchurch.org

Նոյեմբերի 22-ի երեկոյան, Մոսկվայում Քրիստոս Ամենափրկիչ տաճարի եկեղեցական ժողովների դահլիճում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ներկա է գտնվել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի առիթով կազմակերպված պաշտոնական համերգին։

Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, տարբեր Քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր ու պատվիրակություններ, այլ կրոնների ներկայացուցիչներ, Ռուս Եկեղեցու Սինոդի անդամներ և բարձրաստիճան եկեղեցականներ, դիվանագետներ, պետական կառույցների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ղեկավարներ, գիտության և մշակույթի գործիչներ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պետական կայքէջից:

Համերգի ավարտին տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն իր շնորհավորական ուղերձը հղեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին։

 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անունից շնորհավորելով Նորին Սրբությանը ծննդյան 70-ամյա հոբելյանի նշանակալի առիթով՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասաց. «Մենք ճանաչում ենք Ձեզ որպես Քրիստոսի և Նրա Սուրբ Եկեղեցու հավատարիմ ու անձնվեր ծառայի:    Քրիստոսի Սուրբ Եկեղեցուն սպասավորությանը Դուք կոչվեցիք խորհրդային տարիներին, երբ բազմազգ պետության ողջ տարածքում հալածվում էր հավատքը, տարատեսակ ճնշումների էին ենթարկվում Եկեղեցին ու հոգևորականը: Աստվածմերժության դժվարին ժամանակներում Դուք աննվազ նախանձախնդրությամբ ծառայեցիք Ռուս Ուղղափառ Եկեղեցու պայծառությանը: Բարի ներդրում բերեցիք հավատացելոց հոգևոր կյանքի զորացմանը՝ երկարամյա պատասխանատու բարձր ծառայություն իրականացնելով կրթական և միջեկեղեցական ոլորտներում, մեծապես կարևորելով եկեղեցականների նոր սերնդի պատրաստությունը, ինչպես նաև երկխոսության խթանումը Եկեղեցիների միջև:

Դուք շարունակեցիք եռանդուն գործունեությունը՝ ի խնդիր հավատավոր Ձեր հոտի հոգևոր կյանքի զորացման ու առաջընթացի՝ կոչվելով Հայրապետական բարձր ծառայության: Ամենքս այսօր ականատեսն ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու պայծառության, եկեղեցական սպասավորության առավել արդյունազարդման: Ձեր Հայրապետության տարիներին ևս Դուք նշանակալի ավանդ բերեցիք միջեկեղեցական ասպարեզում՝ ջատագովը լինելով աշխարհում քրիստոնեական արժեքների պահպանման, քրիստոնյաների իրավունքների պաշտպանության և միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերությունների առավել արդյունավորման:

...Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, ուրախությամբ ենք հիշում Ձեր այցելությունը Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մեր հանդիպումները, փոխայցերը հատկանշվել են բարեկամությամբ ու բարյացակամությամբ, որոնցով պսակված են մեր ժողովուրդների դարավոր եղբայրությունն ու փոխհարաբերությունները: Գոհունակություն է հաստատել, որ Ձեր հայրապետության տարիներին առավել ամրապնդվել են մեր Եկեղեցիների և հավատակից մեր ժողովուրդների եղբայրական կապերն ու գործակցությունը, որի համար այսօր գոհաբանական աղոթք ենք վերառաքում առ Բարձրյալը: Վստահ ենք, որ բարեկամության այդ նույն ոգին պիտի շարունակի թագավորել մեր Եկեղեցիների հարաբերություններում՝ փոխըմբռնումով, սիրով ու փոխադարձ հարգանքով նոր արդյունքներ արձանագրելու Քրիստոսապատվեր առաքելության մեջ, «Տիրոջն արժանի և ամեն ինչում նրան հաճելի ձևով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու» (Կող. 1.9-10)»:

Վեհափառ Հայրապետը նաև շնորհակալություն հայտնեց Կիրիլ Պատրիարքին՝ Ռուսաստանում Հայ Եկեղեցու թեմերի նկատմամբ դրսևորվող հայրական վերաբերմունքի, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջնորդական առաքելությունը շարունակելու և Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ու Հայոց Հովվապետի հետ միասին եռակողմ հանդիպումներ կազմակերպելու համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ եղբայրության, սիրո ոգին և գործակցության բարի արդյունքները շարունակեն զարդարել Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիների բարեկամությունը՝ քաջալերելով երկու ժողովուրդներին միասնաբար ապրելու և արարելու` որպես Աստծո որդիներ և որպես հավատակից եղբայրներ:

Խոսքի ավարտին Նորին Սրբությունը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին մաղթեց քաջառողջություն, արևշատություն և անսպառ կորով ու քաջեռանդություն՝ հայցելով, որ Տերը հանապազ զորակից ու աջակից լինի նրան՝ հովվապետության տարիները զարդարելով նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով` ի փառս Աստծո և ի պայծառություն Ռուս Ուղղափառ Եկեղեցու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: