ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում 1991-ի հանրաքվեի օրը ծանր հրետանուց կրակում էին մարդկանց վրա. Վարդգես Բաղրյան (ԲԱՑԱՌԻԿ)

artsakhwriters.com

ԼՂՀ անկախության հանրաքվեի 25-րդ հոբելյանի առթիվ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանի հետ: 

- Պարո'ն Բաղրյան, որպես 1991 թվականի դեկտեմբերի 10-ի ԼՂՀ անկախության հանրաքվեն լուսաբանած լրագրող, կներկայացնեք, թե ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել հանրաքվեն:

- Ինձ իսկապես բախտ է վիճակվել լուսաբանել1991 թվականի դեկտեմբերի 10-ին անկախության հանրաքվեն: Բարեբախտաբար մոնտաժված տեսանյութը պահպանվում է,  և դիտելով այդ կադրերը՝ կարելի է համոզվել, որ Արցախում պատերազմ էր բառիս բուն իմաստով՝ ընդ որում ոչ միայն սահմաններին կամ սահմանային գյուղերում, այլև հենց մայրաքաղաք Ստեփանակերտում: Դեկտեմբերի 10-ին, երբ խաղաղ բնակչությունը դուրս էր գալիս, որպեսզի կատարի իր քաղաքացիական պարտքը, ծանր հրետանուց կրակում էին քաղաքի վրա, կային ավերածություններ: Ավելին ասեմ, երբ Գերագույն խորհրդի պատգամավոր Սմիրնովի հետ հարցազրույց էի անում թատրոնի շենքի մոտ Կրկժան արվարձանից կրակոցներ էին լսվում: Այդ կրակոցների ձայնը ֆիքսված է տեսանյութում և Սմիրնովն ինքն էլ այդ մասին խոսում է:

Մինչ այդ՝ սեպտեմբերի 2-ին, հռչակել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և  անկախության հանրաքվեն հաջորդ քայլն էր: Գիտեք, հանրաքվեից հետո՝ դեկտեմբերի 28-ին, տեղի ունեցավ Գերագույն Խորհրդի նիստ, ընտրվեց խորհրդարան:  Իսկ 1992 թվականի հունվարի 6-ին Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի առաջին նիստին ընդունվեց անկախության հռչակագիր:

- 2006 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց երկրի սահմանադրությունը: Ի՞նչ նշանակություն ունեցավ դա Արցախի կյանքում:

- 10 տարի առաջ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը:  Դա անհրաժեշտություն էր, մինչ այդ մենք առաջնորդվում էինք տարբեր օրենքներով, բայց անհրաժեշտ էր մայր օրենք՝ սահմանադրություն: Եվ անհամեմատ խաղաղ պայմաններում մենք ընդունեցինք Սահմանադրությունը:

Ասեմ, որ երկու դեպքում էլ մասնակցությունը շատ բարձր էր, և մարդիկ գիտակցում էին, թե ինչի համար են քվեարկում: Ի դեպ, այդ օրը Մարդու իրավունքների պաշտպանության օրն է, և մենք պատահական չէ, որ ընտրել ենք հենց այդ օրը, քանի որ այն ժամանակ թերևս ոչ մի տեղ այդքան չէին ոտնահարվում մարդու իրավունքներն, ինչքան Արցախում ( ի նկատի ունեմ 1991 թվականին):

- Այսօր Արցախում քննարկում են սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հարցը: Ի՞նչ կտա դա Արցախին:

- Երկու կարծիք կար՝ խորհրդանակա՞ն, թե՞ նախագահական կառավարում:  Մինչև հիմա էլ կան տարակարծություններ: Ի վերջո, քաղաքական ուժերը, ոչ բոլորը իհարկե, բայց մեծ մասը, եկել են այն համոզման, որ ճիշտը նախագահական կառավարումն է: Սա, ի դեպ, համընկնում է նաև իմ տեսակետին, որը ես միշտ էլ արտահայտել եմ: Գտնում եմ, որ խորհրդարանական կառավարումն այս պահին մեզ համար չէ: Մեզ անհրաժեշտ է ուժեղ ձեռք, կենտրոնացված իշխանություն: Քավ լիցի, սա չի խոսում դիկտատուրա հաստատելու մասին: Մենք անցել ենք խորհրդարանական կառավարման փուլը 1990-ականներին, հետո անցել ենք նախագահական կառավարման: Ավելին, խորհրդարանական կառավարում ունեինք, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծվեց այդ լայնամասշտաբ պատերազմը: Եվ հենց 1992 թվականի օգոստոսին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, որպեսզի իշխանությունը լինի մեկ մարդու ձեռքում, և որոշում կայացնելու համար պատասխանատվություն կրեն ոչ թե մի քանի տասնյակ մարդիկ, այլ՝ մեկը, ով իր վրա կվերցնի պատասխանատվությունը: Սա չի նշանակում, որ այդ մարդն է միանձնյա որոշում կայացնում: Սակայն շատ դեպքերում պատերազմական իրավիճակում՝ նույն 90-ականներին, հնարավոր չէր անգամ նիստ հրավիրել, քանի որ պատգամավորների մի զգալի մասը ռազմաճակատում էր:

Վիճակն այսօր իհարկե այնպիսին չէ, ինչ 90-ականներին, սակայն չի բացառվում, որ դա կարող է կրկնվել, քանի որ հակառակորդն անընդհատ հոխորտում է, որ Ղարաբաղը ուժով կվերցնի: Այսինքն մենք միշտ էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Իմանանք, որ հնարավոր է, որ դա նորից տեղի ունենա: Ահա թե ինչու, իմ համոզմամբ ճիշտը նախագահական կառավարումն է: Սակայն վերջնական խոսքը կասի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: