ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինդոնեզական ամսագիրը հոդված է հրատարակել Հայաստանի և Արցախի մասին

Armenpress

Ինդոնեզական հայտնի «Տեմպո» ամսագրի լրագրող Ֆամեգա Պուտրին հոկտեմբերի կեսերին այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, ինչից հետո նյութ է հրապարակել իր այցելությունների վերաբերյալ, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Ներկայացնում ենք նրա հեղինակած հոդվածը որոշ կրճատումներով։

«Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը կռվախնձոր է եղել հայ քրիստոնյաների և Թուրքիայի ու Պարսկաստանի հովանավորությունը վայելող մահմեդականների միջև: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միությունը Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով միացրեց Ադրբեջանին, թեև Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը հայերն էին կազմում: 1980-ականների վերջին ԼՂԻՄ մարզային խորհուրդը Հայաստանի հետ վերամիավորվելու ցանկությունն արտահայտող որոշում ընդունեց, իսկ որոշ ժամանակ անց հռչակվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս ամենին հաջորդած պատերազմին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորներն էլ դարձան փախստական:

Թեև կնքվել է զինադադարի մասին պայմանագիր, հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի կողմից լինում են զոհեր:

Միևնույն ժամանակ մայրաքաղաք Ստեփանակերտում բնականոն կյանք է եռում. խանութները լի են ֆիրմային հագուստներով, քաղաքի շուկան՝ թարմ մրգերով, իսկ Ստեփանակերտի դպրոցներ հաճախող կենսախինդ երեխաները ողջունում են ինձ:

Ստեփանակերտի մաքուր և կոկիկ կենտրոնն իր լայն պողոտաներով ու մայթուղիներով հիշեցնում է եվրոպական մի քաղաք, սակայն ի տարբերություն եվրոպական քաղաքների՝ Ստեփանակերտի փողոցներով քայլում են երիտասարդ զինվորներ:

Եթե ինդոնեզական Աչեհում ամեն կիլոմետրի վրա անձի ինքնությունը ստուգող կետեր են տեղակայված, Ստեփանակերտում նման կետեր չկան: Եվ թեև փողոցներում զինվորները շատ են, նրանց մեծ մասը զենք չի կրում:

Ղարաբաղից վերադառնալուց մի քանի օր անց Երևանում ես տեղեկացա սահմանում հրադադարի ռեժիմի հերթական խախտման մասին, որը հանգեցրել էր զոհերի: Հոկտեմբերի 28-ին առաջնագծում զոհվել էր հայ զինծառայող Գուրգեն Այվազյանը: Ըստ հաղորդման՝ ադրբեջանական կողմը դիմել էր սադրիչ գործողությունների՝ կիրառելով նռնականետեր:

Ինչպես նշեց ինձ ուղեկցող երթուղային տաքսու վարորդը, քանի դեռ կան երկկողմ զոհեր, պատերազմում չկան հաղթողներ:

Երևանում բոլորը ինձ հարցնում էին. «Դեռ չե՞ս տեսել Արարատը… Մեծ բան ես կորցրել»: Արարատը հայերի հպարտությունն ու պարծանքն է, այն ազգային խորհրդանիշ է:

Այսօր Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, և այն իր ողջ գեղեցկությամբ տեսնելու մի վայրը Խոր Վիրապն է. վանք, որ Թուրքիայի հետ սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:

Նոյան տապանի իջևանի վայրը համարվող Արարատ լեռը հնուց ի վեր ներկա է եղել Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանը, և նրա մասին բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ են ձոնվել:

Երբ անցյալում արհավիրքները հարվածել են Հայաստանին, շատ հայեր ապաստան են գտել Սիրիայում: Այժմ, երբ խորը ճգնաժամի մեջ է գտնվում հենց Սիրիան, սիրիահայերը վերադառնում են հայրենիք: Վերադառնում են այն սիրիահայերը, որոնց նախնիները, մազապուրծ լինելով հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից, ապաստան էին գտել սիրիական քաղաքներում, այդ թվում՝ Հալեպում...

 

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: