ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն սպառե՞լ է իր անվտանգության համակարգի գերհզոր իմիջը

timesofislamabad.com

Ամերիկյան հետախուզական  4 գործակալությունների ղեկավարների (ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն` Ջեյմս Քլապպերի, Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ղեկավար` Ջեյմս Քոմիի, Կենտրոնական հետախուզության վարչության (CIA) տնօրեն` Ջոն Բրենան, ազգային անվտանգության գործակալության ղեկավար՝ Մայք Ռոջերս) կողմից հրապարակված գաղտնի զեկույցը, որը նպատակ ուներ ապացուցելու ռուսական կիբերհամակարգերի առնչությունն ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին, չարդարացրեց ո՛չ ԱՄՆ և ո՛չ էլ միջազգային հանրության սպասելիքները:

Զեկույցի հրապարկվելուց հետո այն անմիջապես քննադատության արժանացավ ոչ միայն Թրամփի և նրա աջակիցների կողմից, այլ անգամ արևմտյան հայտնի պարբերականների խմբագիրների կողմից: Ամերիկյան հետախուզական ծառայությունների կողմից արված հետազոտությունը Թրամփը որակեց որպես «վհուկների քաղաքական որս»: Սպիտակ տան ադմինիստրացիայի ղեկավար Ռայնս Պրիբուսն իր հերթին հրապարակված զեկույցն անվանեց բացահայտ քաղաքականացված:

The Moscow Times  լրատվակայքի խմբագիր` Քևին Ռոթռոքի խոսքով՝ Կրեմլի դեմ ուղղված ԱՄՆ փաստարկները լի են թերացումներով: Հիմնավորումներն այն մասին, որ իբր ռուսական կառավարությունը դիմել է հաքերների օգնությանն ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտներն ապակայունացնելու նպատակով՝ զուրկ են լուրջ հիմնավորումներից:

Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը բավական քիչ ժամանակ է մնացել, իսկ նա արդեն խոստանում է իրականացնել կրճատումներ Կենտրոնական հետախուզության վարչությունում և իր թվիթերյան էջում բազմիցս հանդես է գալիս ԿՀՎ-ին ուղղված քննադատությամբ: Նորընտիր նախագահի և  ազգային հետախուզական ծառայությունների միջև առկա նմանօրինակ բախումն աննախադեպ բնույթ է կրում:

Վերլուծաբանների, փորձագետների և բարձրաստիճան պաշտոնյաների մեկնաբանություններն այս հարցի շուրջ ծայրահեղ տարբեր են: Անգամ եթե դիտարկենք այն փաստը, որ ռուսական կառավարությունն իրապես ունեցել է իրեն վերագրված դերակատարումը ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքի որոշման գործում, ցանկալի է, որպեսզի  ԱՄՆ հետախուզական ծառայությունները թերթեն իրենց իսկ պատմության էջերը՝  սեփական  հարուստ փորձը վերհիշելու համար: Եթե  անգամ ՌԴ-ն, նախաձեռնելով կիբեռհարձակումներ, կարողացել է վճռորոշ ազդեցություն ունենալ ԱՄՆ նախագահական ընտրություններում, ապա հարկ է նշել, որ կատարվածն ամենևին էլ զարհուրելի չէ: Դա պարզապես մատնանշում է բնականոն էվոլյուցիան ռուսական գաղտնի ծառայությունների, որոնք արդեն իսկ տիրապետում են գիտական և տեխնոլոգիական հզոր ներուժի:

Ներկայումս առկա լարվածությունը ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում կարող է հանգեցնել մեծ տեղեկատվական պատերազմի: Եվ բացի այդ, ԱՄՆ-ն, շարունակելով սանկցիաներ կիրառել ՌԴ-ի դեմ և մեղադրել վերջինիս կիբեռհարձակումների մեջ, այդպիսով սպառում է տեղեկատվական ոլորտում (IT)  տասնամյակներ շարունակ ձևավորած իր գերհզոր իմիջը: Փոխարենը ԱՄՆ-ն պետք է սկսի պաշտպանվել և ստեղծի բոլոր անհրաժեշտ տեղեկատվական մեխանիզմներն իր իսկ համակարգչային ցանցերն անվտանգ պահելու համար:

Կարևոր է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը միակ երկիրը չէ, որին հաջողվել է վնաս հասցնել ԱՄՆ կիբեռանվտանգությանը: Նման նախադեպ տեղի է ունեցել դեռևս 2015 թվականի հունիսին, երբ պարզ դարձավ, որ չինացի հաքերներին հաջողվել է գողանալ նախկին և գործող պետական ծառայողների անձնական տվյալները: Ինֆորմացիոն արտահոսքն այնքան մեծ էր, որ մի շարք պաշտոնատար անձանց կարծիքով կատարվածը կարող էր հանգեցնել Չինաստանում ԱՄՆ հետախուզական մեծ ցանցի բացահայտմանը:

Ամփոփելով, կարող ենք վստահաբար ենթադրել, որ տեղի ունեցածը հզոր ազդակ էր Արևմուտքին: Դրա մասին է վկայում երկու օր առաջ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրանի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան կուժեղացնի իր անվտանգության համակարգը՝ կիբեռ-հարձակումներից խուսափելու համար: Նրա խոսքով, եթե ՌԴ-ն կարողացել է ազդեցություն ունենալ ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքի վրա, ապա արևմտյան ժողովրդավարությունը լուրջ վտանգի առջև է կանգնած:

2017 թվականին Ֆրանսիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավի ֆավորիտ՝ Ֆրանսուա Ֆիոնը ցանկություն է հայտնել վերանայել հարաբերությունները Մոսկվայի հետ, ինչպես նաև միավորել ուժերը Սիրիայում ճգնաժամը հաղթահարելու գործում: Վերոնշյալը Ֆրանսիայի ներկայիս իշխանությունների համար խիստ վտանգավոր է և հետաքրքիր է՝ արդյոք այս ընտրություններում ևս կհայտնաբերվի ռուսական միջամտություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: