ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ վարչապետի «պատմական» այցը Մոսկվա. ձեռք բերված հիմնական պայմանավորվածությունները

www.gov.am

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական «պատմական» այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այցի շրջանակում  Կարեն Կարապետյանին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդունել է պատվո պահակախմբով: Հարկ է նկատել, որ սա 2008 թվականից ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցն է ՌԴ:

Այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Անդրադառնանք հիմնական պայմանավորվածություններին: 

Կստեղծվի հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ

Երկկողմ համագործակցության ավանդական ուղղությունները քննարկելուց բացի, կողմերն անդրադարձել են նաև նոր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը՝ առանձնակի կարևորելով համատեղ նախագծերի միջոցով ռուսական կապիտալի ներգրավումը  հայաստանյան բիզնեսում:  

Այս համատեքստում քննարկվել է հայկական կողմի առաջարկը՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ֆինանսավորել Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Ի պատասխան՝ ռուսական կողմն առաջարկը դրական է գնահատել:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կարող են ներդրումային համագործակցության հատուկ հիմնադրամ ստեղծել: ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես գալով հայտարարությամբ ՌԴ վարչապետն իրազեկել է, որ ներդրումային համագործակցության շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հանձարարական տալ պրոֆիլային գերատեսչություններին վերլուծելու նման հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, ներդրումային համագործակցության ուղղությունները, ինչպես նաև՝  ֆինանսավորման աղբյուրները:

Կընդլայնվի համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում

Իր խոսքում ՌԴ վարչապետն անդրադաձել է նաև գյուղատնտեսությանը, փաստելով, որ առկա է զարգացման շատ մեծ ներուժ ոչ միայն ապրանքների կամ գյուղատնտեսական տեխնիկայի փոխադարձ գնման, այլև համատեղ արտադրությունների կազմակերպման տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև լիզինգային կամ այլ հիմունքներով Հայաստանին գյուղտեխնիկայի տրամադրման հարցին, կարևորվել է գյուղատնտեսության ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնման գաղափարը: Մեդվեդևի խոսքով՝ ներկայումս առկա են  մի շարք նախագծեր, այդ թվում՝ նաև ջերմոցային տնտեսությունների, պտուղ-բանջարեղենի վերամշակման հետ կապված, որոնք ռուսաստանյան առևտրային ցանցեր են մտնում:

Ռուսական ընկերությունները կներգրավվեն ՀՀ-Իրան ազատ առևտրի գոտում

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում՝ Իրանի հետ սահմանակից հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը և դրանում ռուսական ընկերությունների ակտիվ մասնակցությանը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարևորել է առաջարկը և կարծիք հայտնել, որ ռուսական ընկերություններն այդ հարցում հետաքրքրություն կդրսևորեն:

Ինչպես հայտնի է՝ ԱՏԳ-ն նպատակ ունի առավել ակտիվացնել տարածաշրջանային առևտրատնտեսական հարաբերությունները, ստեղծել հարթակ նոր ներդրումների ներգրավման և աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև արտահանման ներուժ  ունեցող ապրանքների արտադրության համար: Այն հնարավորություն կտա ներկայացնել Հայաստանի գրավչությունն ու այնտեղ հիմնել նոր արտադրություն, որը ԵԱՏՄ կարտահանվի «Արտադրված է Հայաստանում» պիտակով: ԱՏԳ-ի գերակա ոլորտները կլինեն գյուղմթերքն ու սննդի վերամշակումը, արդյունաբերությունը, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիանեըր, դեղագործությունը և տեքստիլ արտադրությունը: 

ՌԴ քաղաքացիները ՀՀ կայցելեն ներքին անձնագրերով

Համաձայն ձեռքբերված պայմանավորվածության՝  ՌԴ բնակիչները կկարողանան Հայաստան մեկնել ներքին անձնագրերով: Վարչապետի խոսքով՝ այդ մասին ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ: Կողմերը հայտագրեր են փոխանակել նաև 2000թ. սեպտեմբերի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին»: 

Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ այս որոշումը կխթանի մշակութային-մարդասիրական հարաբերությունների զարգացումը:

Ստորագրվել են փաստաթղթեր

Պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ավարտին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր են ստորագրվել.

  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ.» ծրագիրը, 
  •  Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարության միջև համագործակցության հուշագիրը, 
  • Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի (ՌԴ) միջև՝ 2015 թ. հոկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման ու միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմանն ուղղված գործնական միջոցառումների իրականացման մասին» արձանագրությունը:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: