ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Կարապետյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը:
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությանը և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետն անդրադարձել է մինչ օրս ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներին, ընդունված որոշումներին, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակում կատարված աշխատանքներին, ինչպես նաև առաջիկա անելիքներին: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել օրենսդրական մի շարք նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետության բարձրացմանը, գործող մեխանիզմների կատարելագործմանը, նոր ընթացակարգերի ներդրմանը, որոնց արդյունքում՝ բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը հաջողելու և հետևողականություն ապահովելու գործում մեծապես կարևորում եմ հասարակության ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, կառավարություն-հասարակություն հետադարձ գործուն կապը և գործընկեր կառույցների հետ կառուցողական համագործակցությունը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ կառավարությունը բաց է քննարկումների և առաջարկությունների համար», - ասել է վարչապետը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության կողմից կատարվող քայլերից և ողջունել ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարություններն ու գործողություններն այդ առնչությամբ: Ռիչարդ Միլսը նշել է, որ դեռևս անելիքներ կան, և ԱՄՆ-ն պատրաստ է իր ունեցած ռեսուրսներով աջակցել ՀՀ կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերում: «Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում աջակից լինելու Միացյալ Նահանգների հանձնառության վերաբերյալ կասկած չի կարող լինել: Մենք պատրաստ ենք աշխատել ՀՀ պետական կառույցների հետ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարելու իրական կամք են դրսևորում», - ասել է ԱՄՆ դեսպանը:

Դեսպան Միլսի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա ստեղծվելիք հակակոռուպցիոն անկախ կանխարգելիչ մարմնի գործունեության նպատակին և ուղղություններին վերաբերող մանրամասներ: Քննարկվել են նաև պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման քրեականացմանը, կոռուպցիոն հանցագործությունների քննության որակի բարձրացմանը և այլ ուղղություններով մշակված օրենսդրական նախաձեռնություններին առնչվող հարցեր: 

Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը մտքեր են փոխանակել նաև հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ուղղությունների և առաջնահերթությունների շուրջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: