ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն ամեն կերպ փորձում է տապալել պայմանավորվածությունները. Նարեկ Մինասյան

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին խոսելիս անհրաժեշտ է տարանջատել երկու առանձին տարրեր՝ բանակցային գործընթաց և սահմանային իրավիճակ: Այս մասին «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը: 

«Ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացի համատեքստում երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ նախագահների հանդիպումները Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Հասկանալի է, որ ապրիլյան պատերազմն ազդեց ողջ բանակցային գործընթացի վրա, և, բնականաբար, պետք էր հասկանալ, թե ինչ իրավիճակում է բանակցային գործընթացը և ինչ ուղղությամբ է պետք շարժվել», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ «երկու հանդիպումները փորձ էին միջնորդների և Ռուսաստանի նախագահի կողմից կանխելու բանակցային գործընթացի տապալումը»:

«Ձեռքբերված պայմանավորվածությունների շարքում կարելի է առանձնացնել հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ հանդիպումների ընթացքում նաև կարևորվեց, որ դեռևս ուժի մեջ է 1994-95 թվականներին կնքված եռակողմ, անժամկետ հրադադարի մասին պայմանագիրը», - նշեց Ն. Մինասյանը:

Խոսելով ապրիլյան պատերազմից հետո տարեվերջին համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի մասին՝ փորձագետը նշեց, որ համանախագահներն իրենց հայտարարություններում շարունակում են առաջնորդվել համահարթեցման սկզբունքով՝ խուսափելով հասցեական հայտարարություններից. «Համանախագահների ընկալմամբ սա արդարացված մոտեցում է, բայց պետք է հասկանալ, որ ոչ հասցեական հայտարարությունները վտանգ են ներկայացնում ընդհանուր իրավիճակի համար, քանի որ Ադրբեջանը դա ընկալում է որպես աջակցություն կամ անպատժելիություն»: Փորձագետն ընդգծեց նաև, որ համանախագահների հայտարարությունները կոչեր են պարունակում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին:

«Ադրբեջանն ամեն կերպ փորձում է տապալել այդ պայմանավորվածությունները՝ որոշ դեպքերում անգամ ծայրահեղությունների մեջ ընկնելով: Բայց հայկական կողմը պնդում է դրանց իրականացման վրա՝ նշելով, որ դրանք պետք է ապահովեն այն նվազագույն փոխվստահության շեմը, որի դեպքում միայն կարելի է անդրադառնալ քաղաքական բանակցություններին», - նշեց Նարեկ Մինասյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: