ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ադրբեջանում չկա քաղաքականություն...». միջազգային լրատվամիջոցների արձագանքը Մեհրիբան Ալիևայի նշանակմանը

bbc.com

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի փոխնախագահի պաշտոնում նշանակեց իր տիկնոջը: Ալիևն Անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել էր իր տիկնոջ իրականացրած գործունեությունը՝ սկսած 2004 թվականից, երբ նա ստանձնել էր Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահի պաշտոնը: 

Այս իրադարձությունը մեծ աղմուկ բարձրացրեց միջազգային մամուլում: Գրեթե բոլոր հայտնի և ոչ հայտնի լրատվամիջոցները շարունակում են մեկնաբանել տեղի ունեցածը՝ հնչեցնելով բազմանշանակ գնահատականներ: Ստորև անդրադառնանք դրանցից մի քանիսին:

Euronews լրատվականն անդրադարձել էր Մեհրիբան Ալիևայի նշանակմանը հետևյալ մեկնաբանությամբ՝ «Ադրբեջանի նախագահը խթանում է ընտանեկան կապերը՝ կնոջը նշանակելով փոխնախագահ»:

BBC-ն այս իրադարձությունը լուսաբանող հոդվածում գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր տիկնոջը նշանակել է փոխնախագահի պաշտոնում՝ իր իշխանությունը նավթով հարուստ Հարավային Կովկասում էլ ավելի ամրապնդելու նպատակով»: Որպես հիշեցում BBC-ն ներկայացնում է նաև ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերի արտահոսքի արդյունքում ի հայտ եկած տեղեկություններն այն մասին, որ չնայած Մեհրիբան Ալիևայի պատգամավոր լինելուն, նա քաղաքականությունից ընդհանրապես գլուխ չի հանում: Բացի այդ, լրատվամիջոցի պնդմամբ, տեղեկատվության արտահոսք ապահոված աղբյուրները ծաղրել էին նաև պլաստիկ վիրահատությունների և շքեղ նորաձևության նկատմամբ Ալիևայի ունեցած խանդավառությունը:

Financial Times լրատվակայքի մեկնաբանությամբ, Ալիևան նշանակվել է Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնում ամուսնուն հաջողություն բերելու համար՝ չնայած այն հանգամանքին, որ իր գործառույթները մինչև այժմ հստակեցված չեն: Ըստ կայքի՝ Ադրբեջանում ընտանեվարությունը սկիզբ է առել  դեռևս Հեյդար Ալիևի օրոք, որն իշխանությունը փոխանցեց որդուն:

Gazeta  ռուսական կայքն անդրադառնում է այս իրադարձությանն այլ տեսանկյունից: Մեհրիբան Ալիևան Փաշաևների կլանի ամենաազդեցիկ ներկայացուցիչն է: Փաշաևների կլանը երկար ժամանակ է ճնշում է գործադրում Ալիևիների վրա: Նպատակը՝ Ադրբեջանի պետական համակարգում իշխանական ուժերի միջև նոր հավասարակշռություն ստեղծելն է: Gazeta-ի փոխանցմամբ՝ նախատեսվում էր, որ պայքարը երկու կլանների միջև կլիներ ավելի կտրուկ, սակայն ի վերջո Ալիևայի նշանակմամբ հաջողվեց հասնել փոխզիջման:

Միջազգային լրատվամիջոցներից զատ նշանակումը ոչ միանշանակ արձագանք է ստացել նաև ադրբեջանցիների շրջանում:  Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի մեկնաբանությամբ. «Մեհրիբան Ալիևայի նշանակումը չի ունենա ոչ մի էական նշանակություն: Ադրբեջանում ամեն ինչ կայուն է…Հեյդար Ալիևն իր իշխանությունը կտակել էր  որդուն, ով դրան վերաբերվում է որպես իր ունեցվածքի: Ինչ վերաբերում բնակչությանը, ապա նրանք ոչ մի առնչություն չունեն ո՛չ ընտրություններին և ո՛չ էլ տեղի ունեցող իրադարձություններին: Հասարակությունը դիտորդի կարգավիճակում է: Ադրբեջանում չկա քաղաքականություն…չկան օրենքներ և կուսակցություններ...»


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: