ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նալբանդյանի այցը Մոսկվա. հիմնական շեշտադրումները

Նախօրեին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա: Այս այցը կարևոր էր ոչ միայն նրանով, որ կայանում էր ՀՀ Նախագահի՝ Ռուսաստան պաշտոնական այցից առաջ, այլ նաև քանի որ այն տեղի էր ունենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում: Այցի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին, ում հրավիրեց այցելել Երևան:

Բանակցություններին նախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստանի նախագահի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքը, երկու պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկեցին քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, հումանիտար, մշակութային ոլորտներում համագործակցությունը:

Հատուկ ուշադրության կենտրոնում է եղել արտաքին քաղաքական համադրման հարցը, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցությունը:

Քննարկվել է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ճակատագիրը: «Ռուսաստանի Դաշնությունն անտարբեր չէ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ճակատագրի նկատմամբ: Սկզբում Գերմանիայի, իսկ հետո արդեն Ավստրիայի նախագահությունն ակտիվորեն աշխատանքներ է տանում, որպեսզի այդ հարցերը լուծվեն: Ավստրիայի նախագահության պատրաստած վերջին առաջարկը լուծում է առաջացած բոլոր խնդիրները: Հուսով եմ, որ դրան հնարավոր կլինի վերադառնալ մոտ ժամանակներս և որ դա կօգնի հաղթահարել ԵԱՀԿ համար ոչ այդքան ցանկալի իրավիճակը»,-  համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր: Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, սիրիական ճգանաժամի հանգուցալուծման ջանքերին: Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց ռուսաստանյան կողմին՝ Հայաստանից մարդասիրական օգնությունը Սիրիա փոխադրելու համար:

Հանդիպման օրակարգում կենտրոնական տեղ էր զբաղեցնում Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները համակարծիք էին, որ խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի: Շեշտվեց 1994-1995թթ. անժամկետ զինադադարի հաստատման եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարման կարևորությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: Լավրովը ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանք չկա: «Եթե մենք իսկապես հանձնառու ենք փոխադարձ ընդունելի լուծում որոնելու անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություններին, իմ խորը համոզմամբ, Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանք չկա»,- հայտարարել է Լավրովը: 

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ դրա օգտին բազմիցս հանդես են եկել ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, այնպես էլ ԵԱՀԿ բոլոր անդամները: Նրա խոսքով՝ համանախագահներն անգործության մատնված չեն: «Ես չեմ կարող այդպես որակել այն, ինչ այժմ այդ եռյակի շրջանակներում տեղի է ունենում: Համանախագահներն իրենց եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք պարբերաբար տարածվել են որպես ԵԱՀԿ պաշտոնական փաստաթղթեր, արտահայտվել են բանակցային գործընթացի արագացման և ակտիվացման օգտին: Վերջին նման փաստաթուղթն ընդունվել է բառացիորեն օրերս՝ անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի շրջանակներում»,- ասել է Լավրովը:

Նախարարների հանդիպմանը հետևած արարողությանը Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի արտգործախարարին շնորհված Բարեկամության շքանշանը: Նալբանդյանն իր հերթին ՀՀ ԱԳՆ պատվո շքանշաններով է շնորհել ՌԴ ԱԳՆ մի շարք պաշտոնյաների: Նալբանդյանն ու Լավրովը բացեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Նալբանդյանը այցի շրջանակներում հանդիպումներ ունեցավ ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ՝ նրանց ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: