ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կարող է դառնալ Ֆրանսիա-ԵԱՏՄ տնտեսական համագործակցության կապող կամուրջ

President.am

Կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա: Երկիր, որի հետ Հայաստանն ունի ավանդաբար ձևավորված բարեկամական՝ առանձնաշնորհյալ հարաբերություններ: Այս մասին են վկայում Ֆրանսիայում կայացած մի շարք բարձրաստիճան հանդիպումներն ու հնչած հայտարարությունները:

Հայաստանը որպես Ֆրանսիա-ԵԱՏՄ կապող կամուրջ

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հատկանշական էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի իր գործընկերոջ՝ Ֆրանսուա Օլանդի հետ, որի ժամանակ ՀՀ նախագահը շեշտեց, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը կարող է ամուր հիմք ծառայել  արդյունավետ տնտեսական համագործակցության համար։ Նախագահի համոզմամբ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է ֆրանսիացի գործընկերների համար դառնալ կամուրջ դեպի Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկա, իսկ Իրանի հետ Հայաստանի լավ հարաբերությունները կարող են նպաստել նաև Ֆրանսիա-Իրան տնտեսական համագործակցությանը: «Ունենալով Իրանի հետ լավ հարաբերություններ, Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ընթացքում այդ երկրի հետ պահպանելով լավ հարաբերություններ, ճանաչելով իրանական շուկան և Իրանի ժողովրդին՝ Հայաստանը ևս կարող է այստեղ առաջատար ֆրանսիական ընկերություններին օգտակար լինել, եվրոպական ընկերություններին հարթակ ծառայելով` ունենալով հնարավորություններ և այդ հնարավորություններն ի սպաս դնել մեր այս հարաբերությունների զարգացմանը», - հավելել է նախագահը:

 

Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունն ունի զարգացման նոր հնարավորություններ

Հայաստանը Ֆրանսիայի հետ հարաբերություններում մշտապես կարևորել է ոչ միայն քաղաքական համագործակցության էլ ավելի խորացումը, այլ նաև երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչի զարգացումը: Սրա մասին է վկայում Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանրապետության հեղինակավոր գործարարների միության (ՄԵԴԵՖ) «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության ներկայացուցիչների հետ նախագահ Սարգսյանի հանդիպումը:

«Եվ որքան էլ մեր երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները ամենևին գոհացուցիչ չեն՝ հաշվի առնելով հայ-ֆրանսիական օրակարգի ընդգրկումը, մեր երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա ներուժը չպետք է ծառայեցվի միայն առևտրային կապերի ամրապնդմանը։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ֆրանսիական կապիտալն ընդլայնվի Հայաստանում, և պատրաստ ենք ապահովելու ֆրանսիական բիզնեսի համար բարենպաստ ներդրումային հնարավորություններ», - նշել է նախագահը՝ հավելելեվ, որ օտարերկրյա ներդրումների խրախուսման և պաշտպանության բարձրացման ուղղությամբ Հայաստանն իրականացնում է հետևողական աշխատանք:

Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է, որ գործարարներին աջակցելու, գործարար միջավայրի զարգացմանը նպաստելու համար շարունակաբար կրճատվում և պարզեցվում են համապատասխան ընթացակարգերը, այդ թվում՝ հարկային և մաքսային ոլորտներում։

 

Հայաստան-Սփյուռք հարաբերություններին պետք է նոր որակ հաղորդել

Ցանկացած երկիր պաշտոնական այց կատարելիս, հատկապես առաջին համահայկական այցից հետո,  նախագահի հանդիպումը տեղի հայ համայնքի հետ արդեն իսկ ավանդույթ է դարձել: Եվրոպայում հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է Հայաստան-Սփյուռք փոխադարձ վստահության, միասնականության և պատասխանատվության կարևորությունը՝ հրավիրելով Սփյուռքի ներկայացուցիչներին անմիջական մասնակիցը դառնալու Հայաստանում տարբեր բնագավառների զարգացման քաղաքականության մշակման և կյանքի կոչման աշխատանքներին:  «Հայաստանը և սփյուռքը համատեղ ջանքերով կարող են աստիճանաբար հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը՝ միաժամանակ զերծ մնալով հուսախաբությունից և հիասթափությունից: Անհրաժեշտ է գտնել նոր լուծումներ, համախմբվել, դառնալ մեկ բռունցք և մեկս մյուսին լրացնելով ու օգնելով՝ առաջ շարժվել այս դժվարին ժամանակներում», - ասել է նախագահը:

 

Այսպիսով, Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների խորությունն ու դրանք էլ ավելի զարգացնելու պոտենցիալի առկայությունը, որտեղ իր ուրույն ու կամրջող դերն ունի նաև հայկական սփյուռքը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: