ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական կայքն անդրադարձել է Արտո Թունջբոյաջյանի կյանքին և Ցեղասպանությունից փրկվելու պատմությանը

Bravo.am

Թուրքական gazetekarinca.com կայքը,  auroraprize.com կայքի «100 կյանք» նախագծի շրջանակում ստամբուլահայ հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի հարցազրույցը թարգմանելով ներկայացրել է ամբողջությամբ՝ օգտագործելով ցեղասպանություն բառն առանց չակերտների: Այս մասին հայտնում է Թերթ.ամ-ը:

Թունջբոյաջյանի՝ թուրքական մամուլում հայտնված կյանքի պատմությունը ներկայացվում է ստորև.

Արտոյի հայրը՝ Սեդրակ Թունջբոյաջյանը, 10 տարեկան էր, երբ սկսվեց նրա հայրենի Սեբաստիայի վրա հարձակումը:

«Երբ հայրս տեսնում է, թե ինչպես են իրենց հարևանների երկու աղջիկների կոկորդը կտրում, վախեցած ու խուճապահար մտնում է փոսի մեջ ու թաքնվում: Ավելի ուշ նա մի հովվի օգնությամբ կարողանում է անցնել ավելի ապահով վայր», - պատմում է Արտոն:

Ընտանիքում 11 քույր-եղբայրներից միայն 4-ն են կարողանում փրկվել կոտորածից. որբացած Սեդրակը, Միսակը, Գագիկն ու Օվսաննան կարողանում են հասնել Ստամբուլ: Այստեղ, ի տարբերություն Սեբաստիայի, կային եվրոպացիներ, և այդ միտքը նրանց ավելի ապահով լինելու զգացում էր տալիս:

Արտոյի հայրն այստեղ ծանոթանում և ամուսնանում է Վալենտինա Պտիկյանի հետ: Ավելի ուշ նրանք ունենում են Օննոյին և Արտոյին, ինչպես նաև մեկ աղջիկ՝ Թագուհի անունով: Թունջբոյաջյանների ընտանիքն ապրել է Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասում, ընտանիքի հայրն ու հորեղբայրն այնտեղ սկսում են զբաղվել արհեստագործությամբ:

Արտոն հիշում է, որ միշտ օգնում էր հորը. ներկում էր հոր և հորեղբոր պատրաստած կոշիկները, զբաղվում էր դրանց առաքմամբ:

1981թ.-ին Արտոն մեկնում է ԱՄՆ և վերադառնում երեք տարի անց՝ 1984թ.-ի օգոստոսի 4-ին: 

«Ուղիղ տուն շտապեցի: Տանը մի սեղանի շուրջ խմում էին իմ առողջության ու բարօրության համար: Այն պահին, երբ մայրս լաց էր լինում, պատուհանը երեք կամ չորս անգամ թխկթխկացրի: Ասացի՝ «Մամ, ես եմ»: Մայրս նայեց պատուհանից դուրս ու հորս ասաց. «Սեդրակ, մենք այս ինչքան ենք խմել, որ Արտոյի ձայնն է ականջիս լսվում»։ Այդ ժամանակ նորից ասացի՝ «Մամ, ես եմ»: Դրանից հետո հայրս դուրս թռավ ու փաթաթվեց ինձ», - հիշում է Արտոն ու պատմում, որ հենց այդ օրը հայրն առաջին անգամ տանը խոսել է Ցեղասպանության ու կորցրած հարազատների մասին: 

«Հայրս վերին աստիճանի քաշվում էր պատմելուց: Երբեմն ականատեսն էի լինում, թե ինչպես էր հանկարծակի սկսում արտասվել: Հայրս մեզ ոչինչ չէր ասում: Սակայն վերջիվերջո սկսեց խոսել կոկորդները կտրված հարևանների, քույրերի մասին: Մահից մի որոշ ժամանակ առաջ պատմեց մեզ… Այդ ժամանակ սկսեցի հասկանալ հորս հայացքն ու դեմքը… », - պատմում է Թունջբոյաջյանը:

«Գիտե՞ք, ես եկա այն եզրահանգմանը, որ այդ օրերին մահանալն ամենահեշտ բանն էր: Մահացածներն արդեն չկան, բայց մնացողները շատ ցավ են քաշում», - նշել է Արտոն: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: