ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինն ու Լուկաշենկոն հաշտվել են. ո՞ր կողմն է զիջել

Sergey Gric / AP

Ռուսաստանին և Բելառուսին, կարծես թե, հաջողվել է հարթել երկկողմ հարաբերություններում առկա տարաձայնությունները, որոնք խոչընդոտում էին ոչ միայն երկու երկրների միջև հարաբերությունների, այլ նաև ինտեգրացիոն կառույցներում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, համագործակցության զարգացմանը:

Թերևս ամենամեծ խնդիրը, որն առկա էր երկկողմ հարաբերություններում, գազային ճգնաժամն էր: Մասնավորապես, Ռուսաստանն ու Բելառուսն արդեն մեկ տարի է չեն կարողանում պայմանավորվել գազի գնի շուրջ: Մինսկը պնդում էր, որ Ռուսաստանն իջեցնի գազի գինը Բելառուսի համար, սակայն Մոսկվայում այդ պահանջը հիմնավորված չեն համարում: Արդյունքում Ռուսաստանը սկսեց նվազեցնել նավթի մատակարարումը Բելառուս, ինչպես նաև 6.81 տոկոսով բարձրացրեց գազի գինը:

Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը լուծել են գազի ոլորտում առկա բոլոր վիճելի հարցերը: «Մենք սխեմա ենք գտել, որով պահպանում ենք մեր մոտեցումները, մոտեցնում ենք գազի գնի հարցով մեր դիրքորոշումները», - ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝ կողմերը գտել են փոխադարձ զիջումների հնարավորություն և պայմանավորվել են առաջիկա երեք տարիներին համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նա նաև նշել է, որ 10 օրվա ընթացքում Ռուսաստանը և Բելառուսը վերջնականապես փոխըմբռնում ձեռք կբերեն բոլոր տարաձայնությունների շուրջ:

Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես հաղորդվում է, որ ռուս ձեռներեցները կայցելեն բելառուսական գյուղատնտեսական այն ձեռնարկություններ, որոնց արտադրանքի ֆիտոսանիտարական նորմերի պահպանման վերաբերյալ կասկածներ էին առաջացել ռուսական կողմի մոտ: Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ռուսաստանն արգելել է բելառուսական որոշ գյուղմթերքների ներմուծումը ռուսական շուկա:

Ռուսաստանը 750-800 մլն դոլարի չափով վերաֆինանսավորելու է Բելառուսի վարկային պարտավորությունները: Հաղորդվում է, որ վերաֆինանսավորվելու են ռուսական վարկերով պարտավորությունները, որոնք Բելառուսը պետք է կատարի ընթացիկ տարվա մեջ։ 

Հաղորդվում է, որ բանակցությունների ժանանակ կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգի խնդիրներ: «Հատկապես այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեզ, մեր հարևաններին, Եվրամիության քաղաքականությանը», - նշել է Լուկաշենկոն: «Ես, իհարկե, խնդրել եմ Պուտինին, որ նա չմոռանա Բելառուսի մասին՝ գերտերությունների հետ հարաբերությունների կառուցման դեպքում», - նշել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ Մեծ քսանյակի առաջիկա հանդիպման ժամանակ Ռուսաստանը խոստացել է նախկինի պես աջակցել Մինսկին բոլոր ձևաչափերում:

Նշենք, որ երկկողմ հարաբերություններում առկա տարաձայնությունները հիմնականում պայմանավորված էին հենց նավթագազային վեճով: Հետաքրքիր է, որ կողմերը չէին կարողացել համաձայնության գալ այդ խնդրի շուրջ նախագահների հանդիպումից մեկ շաբաթ առաջ կայացած վարչապետների հանդիպման ժամանակ: Դժվար է ասել, թե Պուտինն ու Լուկաշենկոն հստակ ինչ են պայմանավորվել, քանի որ հանդիպումից հետո Բելառուսը դեռևս չի ընդունել Ռուսաստանին գազի դիմաց ունեցած պարտքը, իսկ Ռուսաստանը չի հայտնել, թե ինչ գնով է պատրաստվում գազ մատակարարել այդ երկրին: Ամեն դեպքում ակնհայտ է, որ կողմերը գնացել են ինչ-ինչ զիջումների: Փորձագետները չեն բացառում, որ Բելառուսում սկիզբ առած բողոքի ակցիաները Լուկաշենկոյին ստիպել են քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ տարաձայնությունները հարթելու ուղղությամբ, իսկ Ռուսաստանին պետք է պահել իմիջը և տարաձայնություններ չունենալ գոնե դաշնային պետության հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: