ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի միջազգային արձագանքը

Getty Images

Երեկ Ստամբուլում հազարավոր թուրքեր դուրս էին եկել փողոցներ՝ իրենց դժգոհությունը հայտնելու սահմանադրական հանրաքվեի արդյունքներից: Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին կայացած հանրաքվեում սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին 51.4 տոկոս ձայներով: Սակայն թուրքական հասարակության մի ստվար զանգվածը, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելությունները, այդ արդյունքներն անվերապահորեն չեն ընդունում:

Այսպես, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի(ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության հայտարարությունում նշվում է, որ  Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի անցկացումը չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին: Մասնավորապես ընդգծվում է, որ առաջարկվող նոր սահմանադրությունը հասարակությանը ներկայացվել է ոչ օբյեկտիվ, իսկ ընտրատեղամասերում չեն եղել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին հանրաքվեի արդյունքները տխրեցնող է համարել երկրի ժողովրդավարների համար: «Անարդար ընտրական մթնոլորտում Թուրքիայի բնակչությունը փոքր տարբերությամբ աջակցություն ցուցաբերեց Էրդողանին անվերահսկելի լիազորություններ տվող, ավտորիտար համակարգին հարիր սահմանադրական փաթեթին: Սա Թուրքիայի բոլոր ժողովրդավարների համար ցավալի օր է: Ակնհայտ է, որ երկրի ուժերի տարանջատումը չհարգող, վերահսկման որևէ մեխանիզմ չունեցող սահմանադրությամբ երկիրը չի կարողանա միանալ Եվրամիությանը: Եթե փաթեթն առանց փոփոխության կիրառվի, ապա դա Եվրամիության հետ բանակցություններն առկախելու պատճառ կդառնա»,- հայտարարել է Փիրին:

Սակայն հեղինակավոր այս կառույցների գնահատականը որևէ ազդեցություն չունեցավ հանրաքվեի արդյունքներին ԱՄՆ-ի և Ռուսաստանի գնահատականների վրա: Այսպես, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շտապեց շնորհավորել Էրդողանին այս հաղթանակի կապակցությամբ: Հարկ է նշել, որ Թրամփի նման արձագանքը միանգամայն սպասելի էր. այժմ վերջինիս ավելի շատ հետաքրքրում է Սիրիայում դաշնակից ունենալու հարցը, այլ ոչ թե Թուրքիայի ներքաղաքական զարգացումները: Ռուսաստանի արձագանքը ևս բավականին զուսպ էր: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել հարգանքով վերաբերվել Թուրքիայի ժողովրդի կամարտահայտմանը:

Ինչպես քարոզարշավի ողջ ընթացքում, այնպես էլ հանրաքվեի արդյունքների նկատմամբ ամենակոշտ դիրքորոշումը ցուցաբերեց Եվրոպան: Եվրոպական առաջնորդները գլխավորապես ձեռնպահ են մնացել այս հաղթանակի կապակցությամբ էրդողանին շնորհավորելուց: Սահմանադրական փոփոխությունների ընդունման վերաբերյալ իրենց հայտարարություններում եվրոպական գործիչներն առավելապես ուշադրություն են հրավիրում այդ փոփոխությունների դեմ քվեարկածների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա: Մասնավորապես՝ թուրքական հասարակության մոտ այս հարցում առկա խոր տարաձայնություններն ընդգծվում է Ելիսեյան պալատի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածած հայտարարություններում: Փարիզը թուրքական իշխանություններին կոչ է արել հետևել մարդու իրավունքների հարցերով եվրոպական հռչակագրին, որը Թուրքիան ստորագրել է որպես Եվրոպայի խորհրդի անդամ: Հանրաքվեի արդյունքների նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում են ընդունել գերմանական քաղաքական ուժերը: Այսպես, Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից  և նոր փոփոխություններն ընդունելուց հետո գերմանական գլխավոր քաղաքական կուսակցությունների  ղեկավարները կոչ են արել չեղարկել Անկարայի՝ Եվրամիություն մուտք գործելու վերաբերյալ բանակցությունները, ձախակողմյան «կանաչ» կուսակցության առաջնորդներ Սարա Վահենքնեհթը և Ջեմ Օզդեմիրը պահանջել են վերանայել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը, իսկ աջակողմյան «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցությունը հայտարարել է, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում «այո» ասած գերմանաբնակ թուրքերը պետք է վերադառնան այդ երկիր, քանի որ այդ փաստը ցույց է տալիս, որ այդ թուրքերի ինտեգրման գործընթացը հաջողությամբ չի ընթանում: Կուսակցությունում տրամաբանական են համարում, որ այդ թուրքերից հետ վերցվի Գերմանիայի քաղաքացիությունը: Նշենք, որ Բելգիայում ևս առաջարկել են սահմանադրական հանրաքվեին «այո» ասած թուրքերին զրկել քաղաքացիությունից:

Սակայն փորձագետների կարծիքով եվրոպացի պաշտոնյաների խոսքերը գործի վերածվելու հավանականությունն այդքան էլ մեծ չէ: Այս մասին վկայում է նաև Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելի զգուշավորության կոչը։ Նրա խոսքով՝ պետք է «սառը գլխով մնալ» ու «խելամիտ վարք» դրսևորել։

Ինչպես երևում է եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններից, նրանք պատրաստ են այս անգամ ևս աչք փակել Թուրքիայում ավտորիտարիզմի դրսևորումների վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: