ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ազգ-բանակ» հայեցակարգն ավելի շատ վերաբերում է հասարակությանը. «Ազգ-բանակ 2017»

Վերջին շրջանում ակտիվ քննարկվում է «Ազգ-բանակ» հայեցակարգը, որը նախորդ տարի առաջ քաշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հայեցակարգի շուրջ հասարակական վերաբերմունքը տարբեր է՝ որոշների կարծիքով դա հասարակության ռազմականացում է, մյուսներն այն ընկալում են որպես ռազմական և պաշտպանական համակարգի առավել ներառական դարձնելուն ուղղված քայլ: Այս հարցերի շուրջ նախօրեին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի շրջանակներում կայացած «Ազգ-բանակ. անվտանգության բանաձև» քննարկման ժամանակ մտքեր փոխանակեցին Հայաստանի հասարակական, քաղաքական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները:

««Ազգ-բանակ» լինել չի նշանակում պետական ողջ ռեսուրսը ծախսել բանակի վրա, լինել հետընթաց հասարակություն: Դա մոբիլիզացիայի որոշակի աստիճան է, որը թույլ է տալիս ամենատարբեր ոլորտներում լինել ավելի արդյունավետ», - քննարկման ժամանակ նշեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը կապված չէ միայն Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, այն հասարակության ինքնակազմակերպման ձև է: «Մենք «Ազգ-բանակ» ենք ոչ միայն ռազմական մարտահրավերների պատճառով: Հայաստանի յուրաքանչյուր 40-րդ քաղաքացի ծառայում է բանակում՝ որպես զինվոր, սպա: Դա շատ մեծ անհամաչափ թիվ է», - նշեց նախարարը՝ հավելելով, որ առշունչ զինվորների թվով ավելի մեծ ցուցանիշ ունեն միայն Իսրայելը և Սինգապուրը:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ևս կարծում է, որ «Ազգ-բանակ» հայեցակարգն ավելի շատ վերաբերում է հասարակությանը: «Դա վերաբերում է ոչ այնքան բանակին, որն այս հայեցակարգին թերևս ամենապատրաստված տարրն է, այլ բանակի նկատմամբ վերաբերմունքին: «Ազգ-բանակը» դաստիարակության, կրթության համակարգի մասին է: Հասարակությունը պետք է բանակին վերաբերվի այնպես, ինչպես կրոնին, ազգային ինքնությանը: Եթե դա չլինի, բանակը մարտունակ չի լինի, ինչքան ներդրում էլ որ անես», - նշեց Իսկանդարյանը:

Պատգամավոր Կարեն Բեքարյանի խոսքով, «Ազգ-բանակ» կոնցեպտը միանգամից իր հետ մի շարք էական տարրեր է ենթադրում՝ հանրության բոլոր շերտերը, ինստիտուցիոնալ բոլոր մարմինները, անգամ ինչ- որ պահից յուրաքանչյուր անհատ պետք է կարողանա իր տեղը, դերը գտնել այդ կոնցեպտի մեջ: Այս համատեքստում պատգամավորը հատկապես կարևորեց խորհրդարանական դիվանագիտության, քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի դերակատարումը:

Հասարակությանն այդ կոնցեպտի մեջ ներգրավելու ուղղությամբ հնչեցին մի շարք առաջարկներ՝ մասնավորապես  դպրոցներում արտաժամյա համապատասխան խմբակներ կազմակերպել, ներդնել համակարգ, որի դեպքում յուրաքանչյուր մարդ որոշակի պարբերականությամբ ինչ-որ ժամանակով կմեկնի ռազմական պատրաստվածության կուրսերի, ուսումնական հաստատություններում սովորեցնել զենք գործածել և այլն:

Քննարկման մասնակիցներն արձանագրեցին, որ «Ազգ-բանակ» հայեցակարգն այժմ կարգախոս է, բառեր, որոնք պետք է լցնել բովանդակությամբ: Եվ այդ հարցում յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչներ ունեն իրենց անելիքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: