ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկախ ընտրությունների արդյունքներից՝ Հայաստանի նկատմամբ Իրանի քաղաքականությունը չի փոխվի. իրանագետ (ԲԱՑԱՌԻԿ)

panorama.am

Իրանում մայիսի 19-ին կայանալիք ընտրությունների նախօրեին Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցն իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ։

- Այս ընտրությունները նախորդներից ինչո՞վ են տարբերվում:

2017 թ. նախագահական ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի են ունենում Իրանի և «5+1 խմբի» միջև կնքված միջուկային համաձայնությունից հետո: Մի խնդիր, որը նախորդ տասնամյակում Իրանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերից մեկն էր և իր ուղղակի ազդեցությունն էր ունենում երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա:

Հետևաբար, միջուկային համաձայնությունից հետո չափազանց մեծ են Իրանի հասարակության սպասելիքները, քանի որ տարիներ շարունակ Իրանը գտնվում էր տնտեսական պատժամիջոցների ճնշման ներքո: Ուստի, միանգամայն հասկանալի է, որ քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր միջուկային համաձայնությանը ու դրա՝ Իրանի ներքին և արտաքին քաղաքականության վրա ունեցած դրական և բացասական ազդեցությանը:

Բնականաբար, գործող բարեփոխական նախագահ Հասան Ռոհանին միջուկային համաձայնությունը ներկայացնում է որպես կարևոր ձեռքբերում, իսկ նրա ընդդիմախոսները՝ պահպանողական թեկնածուներ Էբրահիմ Ռայիսին և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ կասկածի տակ են դնում դրա արդյունավետությունը:

Այս ընտրությունների առանձնահատկությունն էր նաև այն, որ քարոզարշավն ակտիվորեն լուսաբանվում էր նաև սոցիալական ցանցերի տիրույթում, և թեկնածուները տարբեր միջոցներով ներկայացնում էին իրենց առավելությունը՝ մատնանշելով հակառակորդի թերությունները:  

- Ինչպիսի՞ն են հանրային տրամադրություններն ընտրությունների նախաշեմին: Նախընտրական քարոզարշավը և դեբատներն էական ազդեցություն ունեցա՞ն ընտրողների կողմնորոշման վրա:

- Նախօրեին, երբ գործող նախագահի հիմնական մրցակիցներից մեկը՝ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հօգուտ պահպանողական մյուս թեկնածու Էբրահիմ Ռայիսիի հրաժարվեց մրցապայքարից, ընտրողների շրջանում որոշակի հստակություն առաջացավ, այսինքն՝ այն ընտրողները, որոնք հակված էին ձայն տալու պահպանողականներին, արդեն հստակ գիտեն, որ պահպանողականները միավորվել են մեկ միասնական թեկնածուի՝ Էբրահիմ Ռայիսիի շուրջը:

Ինչ վերաբերում է դեբատներին, ապա անցկացված երեք հեռուստաբանավեճերը, կարծում եմ, որ էական ազդեցություն չեն ունեցել ընտրողների կողմնորոշման վրա:

Սոցիոլոգիական վերջին հարցումներից մեկի համաձայն՝ այն հարցին, որ եթե միայն ընտրապայքարում մնան Հասան Ռոհանին և Էբրահիմ Ռայիսին, ո՞ր թեկնածուին ձայն կտան, գործող նախագահի օգտին պատրաստ են քվեարկել ընտրողների 48, իսկ պահպանողական թեկնածու Էբրահիմ Ռայիսիի օգտին՝ 39 տոկոսը:

- Նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածուներն անդրադարձե՞լ են հայկական համայնքին կամ Հայաստանին առնչվող հարցերին:

- Քարոզարշավի ընթացքում թեկնածուներն արտաքին քաղաքականությանն անդրադարձել են միջուկային համաձայնության համատեքստում: Բացի այդ՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին էլ թեկնածուներին կոչ է արել չենթարկվել Միացյալ Նահանգների՝ ավելին ստանալու պահանջներին ու ամուր կանգնել Իսրայելի դեմ:

Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա գործող նախագահ Հասան Ռոհանին երկրորդ հեռուստաբանավեճի ընթացքում անդրադարձավ կրոնական փոքրամասնությունների (որոնց թվում են նաև հայերը) ու էթնիկ խմբերի իրավունքներին: Իրանահայ համայնքն էլ իր հերթին ազատ է իր ընտրության մեջ, և որևէ թեկնածուի նկատմամբ հստակ կողմնորոշում չունի:

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարին՝ կարող ենք նշել, որ թեկնածուներից որևէ մեկի հաղթանակի դեպքում, մեծ հաշվով, Հայաստանի նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները չեն փոխվի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: