ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք չենք ցանկանում հաջորդ սերունդների ուսերին դնել Ղարաբաղյան հիմնահարցի լուծման ծանրությունը. Սերժ Սարգսյան

president.am

Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Այս մասին Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: 

«Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդպիսի տեսակետը չի կարող ընդունելի լինել։

Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ։

Այո՛, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների` տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է: Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավել: Չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը, և հենց սրան են ուղղված համանախագահ երկրների հետ միասին հիմնահարցի կարգավորման մեր համատեղ ջանքերը։

Ես չեմ խոսի նախորդ տարբերակների համեմատ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ խախտած կլինեմ բանակցությունների խորհրդապահությունը։ Միայն կրկնեմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք:

Մինչ վերջին տարիների բանակցային գործընթացի հիմնական էությանն անդրադառնալը, կցանկանայի ևս մի տեսակետի արձագանքել։ Մադրիդյան փաստաթղթի հեղինակությունն իրեն վերագրողներից մեկը նախընտրական շրջանում ճանաչեց դրա տասնչորս պարագրաֆներից միայն մեկի հայրությունը` մնացածը թողնելով որբ։ Համաձայնեք, ծնողական պարտքի արտասովոր դրսևորում է, հատկապես որ Մադրիդյան փաստաթղթի այդ պարբերությունը լուրջ հարցեր էր առաջացնում։ Ըստ դրա՝ Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որի կապակցությամբ հղում էր արվում Արևմտյան Սահարայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 1975 թվականի հոկտեմբերի 16-ի կարծիքին։ Մի եզրակացության, որը մինչ օրս չի իրականացվել, մի եզրակացության, որը զուտ խորհրդատվական կարգավիճակ ունի։

Ինչ ազդեցություն կունենար Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վրա դրա կապակցումը աֆրիկյան ապագաղութացման հարցերի հետ, հանրաքվեի հավասարեցումը խորհրդատվական հարցախույզի հետ, մենք կարող ենք միայն ենթադրել, քանի որ այս վնասակար ձևակերպումը հանվեց աշխատանքային հետագա փաստաթղթերից։

Փոխարենը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցությունների պատմության մեջ առաջին անգամ ամրագրվեց, որ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ունենալու է իրավական պարտադիր ուժ։ Այսինքն` պարտադիր նաև Ադրբեջանի համար և երաշխավորված՝ միջազգային հանրության կողմից։ Ի տարբերություն նախորդ շրջանի, աշխատանքային փաստաթղթերում ամրագրվեց նաև, որ հանգուցալուծման մեջ որոշիչ ձայն են ունենալու նաև Արցախի ներկայացուցիչները:

Մի խոսքով, հստակ ու ակնառու ուրվագծվում է, թե ինչպիսի տեսք է ունենալու արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը, ինչի վերաբերյալ անկեղծության պոռթկման պահին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել էր, որ միջնորդներն իրեն պարտադրում են ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Հենց սա է վերջին տարիների բանակցային գործընթացի էությունը։

Նախորդ տարվա ապրիլին ադրբեջանական ագրեսիան կրկին ցույց տվեց, որ ինչպես 1988 թվականին, այնպես էլ այսօր, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարը միակ ճիշտ ճանապարհն է։ 

Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի։

Այս դիրքորոշումը հստակ արտահայտված է բանակցային գործընթացում։ Արցախյան հիմնահարցի կարգավորման հիմնական այս դրույթներում մեզ համար երկակի մեկնաբանություններ պարունակող ձևակերպումներն անընդունելի են։

Մի կարևոր հավելում ևս, որն աննախադեպ է հիմնահարցի հանգուցալուծման ջանքերի պատմության մեջ։ Առաջին անգամ թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքը, թե՛ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությունը, թե՛ Արցախի ու Հայաստանի միջև ցամաքային կապի դրույթն ամրագրված են համանախագահ երկրների ղեկավարների մի քանի համատեղ հայտարարությունների մեջ։ Այսինքն, սա ևս մեկ անգամ վկայում է, որ այն պնդումը, թե տարեցտարի Հայաստանի բանակցային դիրքերը թուլանում են, որևէ քննադատության չի դիմանում:

Հիմնահարցը մինչ այժմ չի կարգավորվել ոչ թե Հայաստանի, կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային գործընթացը, որը ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է և չի թաքցնում դա։ Քանի-քանի անգամ Ադրբեջանի ղեկավարությունը հոխորտացել է, որ ժամանակն իր օգտին է աշխատում և իբր Բաքվին մնում է միայն նստել ու սպասել, թե երբ իր նավթադոլարներով սնուցվող բանակն այնքան ուժեղ կլինի, որ հակամարտությունը լուծի իր օգտին», - նշել է նախագահը։

 


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: