ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը՝ Իսրայել-Սաուդյան Արաբիա հաշտության միջնո՞րդ

Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա և Իսրայել կատարած այցերը բազում ուշագրավ բաղադրիչներ ունեն: Ուշադրության կենտրոնում են հատկապես Սաուդյան Արաբիայի հետ շուրջ 280 միլիարդ ԱՄՆ դոլարի կնքված պայմանագրերը (հատկապես դրանց ռազմական բաղադրիչը՝ շուրջ 110 միլիարդի), Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհրդի երկրների (Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման) հետ ձեռքբերված պայմանավորվածությունները (մասնավորապես, «արաբական ՆԱՏՕ-ի» ստեղծման գաղափարը), ինչպես նաև «ԱՄՆ-Իսլամական աշխարհ» գագաթաժողովի անցկացումն ու Թրամփի հնչեցրած հիմնական ուղերձները:

Թեմաների նման բազմազանության պայմաններում անուշադրության մատնվեցին Սաուդյան Արաբիա-Իսրայել հնարավոր հաշտության և դրանում ԱՄՆ դերակատարության մասին հաղորդագրությունները: Դեռևս այցին նախորդող օրերին The Wall Street Journal-ը զեկույց հրապարակեց այն մասին, որ Սաուդյան Արաբիան և Ծոցի արաբական միապետություններն առաջարկ են նախապատրաստել Իսրայելի համար, որը ենթադրում է  աննախադեպ քայլերի ձեռնարկում արաբական երկրների կողմից Իսրայելի հետ հաշտվելու ուղղությամբ (խոսքն, իհարկե, ամբողջական հաշտության մասին չէ, այլ հարաբերությունների մասնակի կարգավորման), եթե վերջինս որոշակի զիջումների գնա Պաղեստինի հարցում, օրինակ, դադարեցնի բնակավայրերի կառուցումն Արևմտյան ափի որոշ շրջաններում: Այս մասին գրում է իսրայելական Haaretz-ը: Ոչ արաբական երկրները, ոչ էլ Իսրայելը պաշտոնապես չեն արձագանքել նման առաջարկի գոյության մասին տեղեկություններին:

Զեկույցի համաձայն, ծրագրի առաջամարտիկներն են Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն (ի դեմ, ԱՄԷ-ն ևս թարմացրել է ԱՄՆ-ի հետ ունեցած իր ռազմական համագործակցության մասին 1994 թվականի համաձայնագիրը): Իսրայելական մամուլը գրում էր, որ չնայած արաբական լրատվամիջեցների լռությանը՝ հասկանալի է, որ առաջարկը քննարկվել է նաև ԱՄՆ-ի հետ:

Դոնալդ Թրամփի այցը տարածաշրջան պատճառ հանդիսացավ շատերի համար պնդելու այս վարկածի ճշմարտացիությունը: Այս մասին վկայող ազդակներն էլ, ինչ խոսք, քիչ չէին: Մասնավորապես, Թրամփն առաջին անգամ Սաուդյան Արաբիայից Իսրայել ժամանեց ուղիղ չվերթով, ինչը մինչ այժմ անհնար էր համարվում: Բացի այդ, Իսրայելի նախագահի հետ հանդիպման ընթացքում Թրամփը նշեց, որ «Իսրայելի արաբ հարևանների շրջանում մեծանում է ընկալումը, որ իրենք ընդհանուր գործ ունեն Իսրայելի հետ»,- նշում է TASS-ը:

Դեռևս մի քանի տարի առաջ հստակ պարզ էր դառնում, որ Ծոցի արաբական միապետություններին և Իսրայելին միավորող հանգամանք է դառնում իրանական գործոնը: Շիական Իրանի և Ծոցի արաբական սուննիական միապետությունների միջև պայքարը պատմական խոր արմատներ ունի: Ծոց – Իրան հակամարտությունը պայմանավորված է երկու ուժային կենտրոնների` Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև առկա քաղաքական պայքարով ու տարածաշրջանային գերակայության համար մրցակցությամբ: Իսկ հիմա` իրանական միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո, Ծոցի միապետությունները ստիպված են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում Իրանի ազդեցության տարածումը կանխելու համար: Գրեթե նույն խնդիրն է  հետապնդում նաև Իսրայելը:  Հենց այս հանգամանքն էլ ավելի քան երբևէ մտերմացնում է Իսրայելին արաբական միապետությունների հետ:

Հատկանշական է, որ վերլուծաբանների կարծիքով Սաուդյան Արաբիա-Իսրայել հնարավոր հաշտությունն ամբողջությամբ տեղավորվում է «հաջողության պատմություններ» գրանցելու Թրամփի քաղաքականության շրջանակներում, հետևաբար, Թրամփի միջնորդությունն ավելի քան հնարավոր է համարվում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: