ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն կունենա՞ 51-րդ նահանգ

Huffington Post

Այս շաբաթ Պուերտո Ռիկոյում տեղի ունեցավ իրավական ուժ չունեցող հանրաքվե: Հանրաքվեի քվեաթերթիկը պարունակում էր ընտրության երեք տարբերակ` 1. դառնալ ԱՄՆ նահանգ, 2.ձեռք բերել անկախություն/ազատ ասոցիացիայի կարգավիճակ, 3.պահպանել ներկայիս կարգավիճակը: Քվեարկողների 97.18% կողմ է արտահայտվել Պուերտո Ռիկոյի՝ ԱՄՆ նահանգ դառնալուն, 1.50% կողմ էր անկախություն/ազատ ասոցիացիայի կարգավիճակ ձեռք բերելուն, իսկ 1.32%` պահպանելու ներկայիս կարգավիճակը: Հանրաքվեից հետո տարբեր հարթակներում ակտիվորեն սկսվեց քննարկվել՝ արդյո՞ք հանրաքվեի արդյունքը կյանքի կկոչվի և Պուերտո Ռիկոն կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգ: Հարցին պատասխանելուց առաջ, հասկանանք, թե մինչ այս ի՞նչ կարգավիճակ է ունեցել Պուերտո Ռիկոն:

Պուերտո Ռիկոն Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ է անցել 1898 թվականի Իսպանա-ամերիկյան պատերազմից հետո: Սակայն միայն 1952 թվականին է դաշնային օրենքով հաստատվել՝ որպես Պուերտո Ռիկոյի ազատ միավորված պետություն կամ Պուերտո Ռիկոյի համագործակցություն (անգլերեն՝  Commonwealth of Puerto Rico): Ի՞նչ է սա ենթադրում:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ին պատկանող, բայց  ԱՄՆ մաս չհանդիսացող (unincorporated territories)  հինգ միավոր կա` Գուամ, Հյուսիսային Մարիանա կղզիներ, ԱՄՆ Վիրջինյան կղզներ, Ամերիկյան Սամոա և Պուերտո Ռիկո: Պուերտո Ռիկոն ունի իր սահմանադրությունն, օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները: Պուերտո Ռիկոյի բնակիչներն  ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պատալում ներկայացված են  ռեզիդենտ հանձնակատարի (Resident Commissioner) կողմից, ով սակայն չունի ընտրելու իրավունք: Պուերտո Ռիկոյի բնակիչները համարվում է ԱՄՆ-ի քաղաքացիներ (նրանք ունեն նաև Պուերտո Ռիկոյի քաղաքացիություն), սակայն  մասնակցում են ԱՄՆ նախագահական ընտրությունների միայն առաջին փուլին՝ փրայմերիզին, բայց ոչ երկրորդ՝ վերջնական փուլին:  Դաշնային եկամտային հարկ վճարում են միայն ԱՄՆ տարածքում կատարած աշխատանքի համար: Վճարում են Սոցիալական անվտանգության համար նախատեսվող վճարները և օգտվում են միայն դաշնային կառավարության կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրությանն առնչվող ծրագրերից: 

Պետք է նշել, որ առաջին անգամ չէ, որ Պուերտո Ռիկոյում անցկացվում է հանրաքվե ԱՄՆ նահանգ դառնալու հարցի հետ կապված: Հանրաքվեներ են անցկացվել նաև 1967, 1991, 1993, 1998 և 2012 թվականներին: Միայն 2012 թվականին էր, որ հանրաքվեին մասնակցողների մեծ մասը (61.11%) քվեարկեց Պուերտո Ռիկոյի՝ ԱՄՆ նահանգ դառնալու օգտին: Պետք է փաստել, որ այս շաբաթ տեղի ունեցած հանրաքվեին մասնակցել է բնակչության՝ ընտրելու իրավունք ունեցողների միայն 23 %-ը: Համեմատության համար պետք է փաստենք, որ 2012 թվականի հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 77.5%-ը:  Սակայն, 2012 թվականի հանրաքվեի արդյունքներն այդպես էլ չդիտարկվեցին ԱՄՆ կոնգրեսի կողմից, մի շարք պատճառներով, այդ թվում գլխավորապես նրա, որ քվեաթերթիկների մեծ մասը դատարկ էին թողնվել հանրաքվեի մասնակիցների կողմից:

Ինչպես փաստում են տարբեր վերլուծաբաններ, այս տարի հանրաքվեի անցկացման հիմնական դրդապատճառը եղել է Պուերտո Ռիկոյում առկա տնտեսական խնդիրները: Պուերտո Ռիկոյի իշխանությունն, ով իրեն մայիսին համարեց սնանկ, ունի կուտակած մեծ պարտք (70 միլարդ դոլար): ԱՄՆ նահանգ դառնալու կողմնակիցները պնդում են, որ նման ելքը դրական ազդեցություն կունենա Պուերտո Ռիկոյի տնտեսական վիճակի վրա:

Իսկ ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել: Քանի որ ԱՄՆ սահմանադրության 4-րդ հոդվածի 3 մասով նախատեսվում է, որ ԱՄՆ-ին նոր նահանգ կարող է միանալ միայն ԱՄՆ Կոնգրեսի հավանության դեպքում,  Պուերտո Ռիկոն կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգ, եթե դրան կողմնակից լինեն ԱՄՆ կոնգրեսականների մեծամասնությունը:

Քանի որ վերջին հանրաքվեին մասնակցած բնակչության տոկոսը ցածր է եղել, ակնկալվում է  հոկտեմբերին անցկացնել ևս մեկ հանրաքվե, և եթե այդ ժամանակ մասնակցության տոկոսը ավելի բարձր լինի, Պուերտո Ռիկոյի իշխանությունների փաստարկներն ԱՄՆ կոնգրեսի համար միգուցե ավելի համոզիչ թվան:

Սրա հետ մեկտեղ պետք է փաստել, որ դժվար թե ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի թիմը  և կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականներն, ովքեր մինչ այս դրսևորել են գլխավորապես հստակ տնտեսական հաշվարկների վրա հիմնված քաղաքականություն, ցանկանան Պուերտո Ռիկոյին ընդունել որպես ԱՄՆ 51-րդ նահանգ, քանի որ տնտեսապես վատ վիճակում գտնվող Պուերտո Ռիկոն  ենթադրում է նոր ֆինանսական բեռ և պարտավորություններ  ԱՄՆ դաշնային կառավարության համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: