ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքը համակերպվե՞լ է Ասադի՝ իշխանության մնալու հետ

Արդեն վեց տարի շարունակվող սիրիական հակամարտության կարգավորման անկյունքարային հարցերից մեկը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության մնալ-չմնալու հարցը, որոշակի փոփոխության է ենթարկվել: Եթե հակամարտության առաջին տարիներին այդ հարցի շուրջ հակամարտության բոլոր դերակատարներն ունեին անզիջում դիրքորոշում, և հիմնականում հենց Ասադի ճակատագրի շուրջ տարաձայնությունների հետևանքով կողմերը չէին կարողանում քաղաքական բանակցություններում առաջ գնալ, ապա այժմ այս հարցի շուրջ կարծես թե կողմերի դիրքորոշումների որոշակի մերձեցում կա:
Սակայն, Արևմուտքն այլևս նույն եռանդով չի պնդում, որ Ասադը հեռանա: Ապրիլին պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ իր համար Ասադի տապալումը առաջնային չէ, և դրա համար համապատասխան ժամանակը Օբամայի վարչակազմն արդեն բաց է թողել: Հաջորդիվ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ վերջինիս դաշնակիցներ Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ Ասադը տեղ չունի Սիրիայի ապագա կառավարությունում, խոսում են, որ Ասադի հարցում վերջիններիս դիրքորոշման մեղմացումը ավելի շուտ իմիտացիա է, և նրանք շարունակում են պնդել, որ Ասադը հեռանա: Սակայն ամեն դեպքում ակնհայտ է, որ Ասադի ընդդիմադիրները վերանայում են վերջինիս հարցում իրենց դիրքորոշումը:
Նշենք, որ Ասադին տապալելու առաջնայնության մասին հայտարարությունները երկրորդ պլան են մղվել նաև թուրքական իշխանությունների սիրիական հռետորաբանությունում: Այստեղ հարկ է նշել, որ Ասադի ընդդիմախոսների դիրքորոշման փոփոխության վրա  ազդել է նաև այն հանգամանքը, որ հակամարտության վեց տարիների ընթացքում չի հաջողվել Ասադին այլընտրանք առաջադրել: «Ես այլևս առաջնային պայման չեմ համարում Ասադի տապալումը, քանի որ ես չեմ տեսնում ոչ ոքի՝ որպես նրա օրինական իրավահաջորդ», - օրերս հայտարարել է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը:

Ասադի կողմնակիցների ճամբարում ևս դիրքորոշման որոշակի մեղմացում է նկատվում: Ինչպես երևում է ռուս որոշ պաշտոնյաների հայտարարություններից, Մոսկվան, շարունակելով շեշտել, որ Ասադի ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը, այլևս ցավագին չի ընդունում Ասադին ինչ-որ պահի իշխանությունից հեռացնելու հնարավորությունը: Սիրիական հակամարտության միջազգային և տարածաշրջանային այս գլխավոր դերակատարների դիրքորոշման փոփոխությունն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այդ երկրները գրեթե լուծել են իրենց առջև դրված խնդիրները: Այսպես, Թուրքիան վերահսկողություն է հաստատել Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում, Ռուսաստանը գրեթե ապահովել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Լաթաքիայում, Տարտուսում և Ջաբլեհում գտնվող իր ռազմաբազաների անվտանգությունը, միևնույն ժամանակ Թուրքիան և Ռուսաստանը որևէ խոչընդոտ չեն ստեղծում Սիրիայում ամերիկյան նավթային հետաքրքրությունների համար: Արդյունքում երկիրը փաստացիորեն բաժանված է ազդեցության գոտիների, իսկ նախագահ Ասադը ոչինչ չի կարող անել դրա դեմ:
Սակայն, հարկ է նշել, որ ԱՄՆ-ը և վերջինիս դաշնակիցները համակերպվել են Ասադի պաշտոնավարման հետ միայն մինչև անցումային շրջան և դրա ընթացքում: Վաշինգտոնը կտրականապես դեմ է անցումային շրջանի ավարտին կայանալիք նախագահական ընտրություններին Ասադի մասնակցությանը: Միևնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Ասադը պետք է գլխավորի Սիրիան անցումային շրջանում և եթե սիրիացի ժողովուրդը ցանկանա, երկիրը պետք է ղեկավարի նաև դրանից հետո: Այսպիսով, իրականում Սիրիայի ապագայում Ասադի լինել-չլինելու հարցը շարունակում է մնալ կողմերի գլխավոր տարաձայնություններից, սակայն վերջիններիս դիրքորոշման որոշակի վերանայման շնորհիվ մեկ քայլ առաջ է արվել՝ Սիրիայում անցումային շրջան հաստատելու ուղղությամբ:
Ավելացնենք, որ Ասադի ճակատագրի հարցում թերևս անփոփոխ է մնացել Իրանի դիրքորոշումը: Որպես Սիրիայում իր ազդեցությունը պահելու միակ տարբերակ՝ Թեհրանը տեսնում է այդ երկրի միասնության վերականգնումը և գործող վարչակարգի պահպանումը, ինչով էլ պայմանավորված է վերջին շրջանում Սիրիայում ռազմական գործողություններին իրանցի զինվորականների ակտիվացումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: