ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԺ Նախագահ. Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ելույթ է ունեցել Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպմանը:

Ստորև ներկայացնում ենք ելութի տեքստն ամբողջությամբ.

«Միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ ի շահ Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարգավաճման»

«Հարգելի պարոն Չոն, հարգելի պարոն Վոլոդին, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, առաջին հերթին, թույլ տվեք հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չոն Սե Կյունին և Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ հանդիպումը նախաձեռնելու համար:

Մենք ողջունում ենք Եվրասիայի երկրների օրենսդիր մարմինների ղեկավարներին միասին հավաքելու Ձեր ջանքերը՝ քննարկելու միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցեր:

Հանդիպումը կոչված է միավորել խոշորագույն մայրցամաքի տարբեր երկրների ներկայացուցիչներին, ուր բնակվում է մեր մոլորակի բնակչության ավելի քան յոթանասուն տոկոսը: Եվրասիական տարածաշրջանը, լինելով հնագույն մշակույթների և քաղաքակրթությունների հայրենիք, ունի տնտեսական մեծ ներուժ: Այս համատեքստում այստեղ ներկայացված երկրների քաղաքական, մշակութային և տնտեսական բազմազանությունը ամուր հիմք են ստեղծում լուծելու տարածաշրջանային զարգացման ու անվտանգության առավել հրատապ խնդիրները:

Քսանմեկերորդ դարում խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարաբերություններում զգալիորեն բարձրացել է՝ ներդաշնակորեն լրացնելով և նույնիսկ ընդլայնելով ավանդական դիվանագիտության հնարավորությունները: Մենք՝ պատգամավորներս, ազատ ենք մեր որոնումներում լուծումներ տալու հրատապ խնդիրներին և պետք է կարևոր դերակատարություն ունենանք տարածաշրջանային համագործակցության խթանման, կառուցողական երկխոսության առաջխաղացման գործում, ինչը ավելի կամրապնդի Եվրասիայի ժողովուրդների միջև փոխադարձ վստահությունը և փոխըմբռնումը:

Այսօր, երբ աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, երկխոսությունն և համագործակցությունն ավելի կարևոր են, քան երբևէ: Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի ու սպառնալիքների պայմաններում, ականատես ենք լինում բաժանարար գծերի խորացմանը: Գլոբալացման պայմաններում անկայունությունը մի տարածաշրջանում կարող է համաշխարհային մասշտաբի հետևանքներ ունենալ: Հետևաբար, պետք է միավորենք մեր ջանքերը`ապահովելու կայունությունն ու խաղաղությունը:

Հարգելի գործընկերներ, այսօր Եվրասիայում ակտիվորեն զարգանում են բազմազան ինտեգրացիոն ծրագրեր: Մենք շահագրգռված ենք դրանց հաջող առաջխաղացման հարցում: Երկխոսությունը և տարբեր ինտեգրացիոն միավորումների միջև փոխգործակցությունը կարող են կարևոր ներդրում ունենալ միասնական, առանց բաժանարար գծերի տարածքի ստեղծման գործում: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը էականորեն բարձրացրել է մեր տնտեսական և առևտրային հնարավորությունները: Մենք մեծապես կարևորում է Եվրասիական տնտեսական միության համագործակցությունը շահագրգիռ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ, որոնք պատրաստ են իրական համագործակցության:

Հայաստանում մենք կարծում ենք, որ անդամակցությունը մեկ ինտեգրացիոն միավորմանը չի սահմանափակում երկրների համագործակցության հնարավորություններն այլ ինտեգրացիոն կառույցների հետ, եթե այդպիսի փոխգործակցությունը չի հակասում ավելի վաղ ստանձնած պարտավորություններին:

2016 թ. Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում ստացել է երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: Մեծ հետաքրքրություն է մեզ համար ներկայացնում նաև Չինաստանի նախաձեռնած Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագիծը:

Այս տարի մենք պատրաստվում ենք ստորագրել Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների նոր իրավական հիմքը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հարգելի գործընկերներ, տնտեսական համագործակցության զարգացումը պետությունների միջև հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Բայց Եվրասիայում կան հակամարտության մեջ ներգրավված տարածաշրջաններ, որտեղ կայուն խաղաղության վերականգնումը պահանջում է հսկայական ջանքեր:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկը: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար միակ ձևաչափը միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների խումբն է, որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ: Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների համանախագահների հայտարարությունների՝ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի և տարածքային ամբողջականության հիման վրա, որոնք հակամարտության կարգավորման տարրերի հետ համանախագահող երկրները հետևողականորեն ներկայացնում են որպես միասնական ամբողջականություն: Համանախագահների առաջարկը նաև նախատեսում է ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կամքի արտահայտումը՝ իրավաբանորեն պարտավորեցնող հանրաքվեի միջոցով: Ադրբեջանը հետևողականորեն խափանում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ հրաժարվելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ի պատասխան համանախագահող երկրների՝ ուժի օգտագործման կամ կիրառման սպառնալիքի դատապարտման՝ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես հայտարարում է, որ միջազգային իրավունքը անարդյունավետ է, և միայն ուժի կիրառմամբ կարելի է լուծել խնդիրը: Անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին մշտապես հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Օգտվելով առիթից՝ ես կոչով դիմում եմ իմ գործընկերոջը՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին՝ նպաստելու խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը:

Տիկնայք և պարոնայք, ձգտելով ամրապնդել ժողովրդավարական սկզբունքները Հայաստանում՝ 2015 թ. մենք նախաձեռնել ենք սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որի արդյունքում արդեն մեկնարկել է անցումը խորհրդարանական կառավարման համակարգին: Այս տարվա ապրիլի 2-ին Հայաստանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Դրանք ուշագրավ էին միջազգային դիտորդների աննախադեպ քանակով, որոնք հայտարարել են, որ ընտրություններն անցել են լավ կազմակերպված, պահպանվել են հիմնարար ազատությունները, և այդ ընտրությունների արդյունքները արտացոլում են ժողովրդի կամքը:

Գործընկերներ, խաղաղության, կայուն զարգացման և բարեկեցության ցանկությունը համապատասխանում է մեր ժողովուրդների ձգտումներին:

Չինացի մեծ փիլիսոփա Կոնֆուցիոսն ասել է՝ երբ ճանապարհները նույնը չեն, ծրագրեր միասին չեն կազմում: Մեր դեպքում բոլորս պետք է հավասարապես ձգտենք խաղաղության, բարգավաճման և համագործակցության:

Ցանկանում եմ հույս հայտնել, որ այս ձևաչափը կտեղավորվի ոչ միայն մեր երկրների և խորհրդարանների փոխշահավետ համագործակցության շրջանակում, այլև կնպաստի միջանձնային շփումների հաստատմանը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: