ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական տնտեսության շուրջ սկանդալները շարունակական բնույթ են ստանում

Pinterest

Ադրբեջանի տնտեսության վիճակի վատթարացման փաստը երկրի իշխանությունների կողմից թաքցնելն այլևս անհնար է դարձել: Իրար են հաջորդում մի շարք սկանդալային երևույթներ, որոնք նախկինում և՛ սեփական, և՛ միջազգային հանրությունից թաքցրած իրավիճակի հետևանքով առաջացած տնտեսական «փուչիկների» պայթյուններ են:

Դեռևս 2015թ.-ից տնտեսական պատրանքների հետևանքները վառ արտահայտվում էին ազգային արժույթի՝ մանաթի անընդմեջ արժեզրկումներով, որոնց դեմ պարբերաբար պետական միջամտությունն անգամ չէր կանգնեցնում բացասական երևույթի աճը: Դա երկրի ներսում առաջացրեց սոցիալական մեծ դժգոհություններ, որոնց մասին հատուկենտ տեղեկատվություն, այնուամենայնիվ, ստացվում էր: 2016թ. Ադրբեջանի կողմից հրահրած պատերազմը, թերևս, սեփական հանրության ուշադրությունը փոքր-ինչ շեղեց երկրի ներսում առաջացած խնդիրներից, մինչդեռ դա ևս ժամանակավոր արդյունք ունեցավ: 2017-ը, գոնե ցայսօր, նշանավորվել է ադրբեջանական տնտեսության շուրջ առաջացած սկանդալների շարունակականությամբ: Դրանցից ամենամեծը, թերևս, ադրբեջանական արդեն իսկ սնանկացած բանկում պահվող ղազախական թոշակների հետ կապվածն է:

Այսպես, ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, Ղազախստանի միասնական կուտակային կենսաթոշակային հիմնադրամն Ադրբեջանի միջազգային բանկում ներդրել է ավելի քան 71.6 մլրդ թենգե, ինչից հետո այս տարվա առաջին կեսին բանկը սնանկ է հայտարարվել: Նույն աղբյուրի հավաստմամբ, Ադրբեջանի միջազգային բանկն Ադրբեջանի պետական երկու բանկերից մեկն է  և հանդիսանում էր այդ երկրի բանկային համակարգի ամենախոշոր սուբյեկտը: «ARNA press» գործակալության հաղորդմամբ էլ,  2016թ.-ին բանկի վնասները գերազանցել են մեկ միլիարդ դոլարը: Չնայած հանգամանքին, որ հունիսի 15-ին Ղազախստանի միասնական կուտակային կենսաթոշակային հիմնադրամի անդամ Կայրատ Կելիմբետովը հայտարարեց, որ ներդրված ողջ միջոցները կվերադարձվեն Ղազախստանին, Ադրբեջանի տնտեսության դրությունը դրանից չի լավանում:

Ղազախական թոշակների հետ կապված սկանդալին հաջորդեց ևս մեկը. ադրբեջանցիներն իրենց բանկերի սնանկացման մասին լուրերն իմանում էին միջազգային լրահոսից:  «Ինչո՞ւ ենք մենք մեր բանկերի խնդիրների մասին տեղեկանում արտասահմանից» խորագրով վերլուծական հոդվածում՝ տպված Haqqin.az կայքում, հեղինակը ներկայացնում է բանկային համակարգի իրավիճակը՝ արձանագրելով, որ պատկան մարմինների կողմից կամ թաքցվում է այս կամ այն բանկի հնարավոր սնանկացումը, կամ տրվում է ոչ հստակ ինֆորմացիա այնքան ժամանակ, քանի դեռ որևէ միջազգային գործակալություն ստույգ տեղեկություն չի հաղորդում: Հասկանալի է, որ, իրականությունը թաքցնելու ադրբեջանական հայտնի սովորությանը զուգահեռ, այստեղ առկա է նաև «ադրբեջանական հզոր տնտեսության մասին» միֆը պահպանելու ձգտումը:

Խուսափելով առանց այդ էլ ակնհայտ իրավիճակին գնահատականներ տալուց՝ անդրադառնանք մյուս իրարանցում առաջացրած տնտեսական նորությանը. գումարներ խնայելու նպատակով Ադրբեջանը բարձրացնում է թոշակային տարիքը: medianews.az-ի փոխանցմամբ, նախատեսվում է փուլային տարբերակով տղամարդկանց թոշակային տարիքը 63–ից հասցնել 65-ի, կանանցը՝ 60-ից 65-ի: apec2012.ru կայքում տեղ գտած հոդվածում նշվում է, որ մինչ այս փոփոխությունները Ադրբեջանում անարդարացիորեն թոշակի են հաշվառել դեռևս ամբողջությամբ աշխատունակ մարդկանց, ինչով էլ պայմանավորված է դրա վերանայումն ու փոփոխությունը: Նախորդիվ ներկայացված տեղեկություններից, թերևս կարելի է ենթադրել, որ դրդապատճառների շարքում աշխատունակությունն առաջիններից չէ:

Ադրբեջանի իշխանություններն առհասարակ, վերջին տարիներին հատկապես, սեփական հանրությանը փորձել են հավատացնել կատարյալ, զարգացող տնտեսություն ունենալու մեջ: Դա նրանք արել են տնտեսական «փուչիկներ» ստեղծելով,  տարատեսակ խոշոր միջոցառումներ իրականացնելով և այլն, մինչդեռ, ինչպես յուրաքանչյուր տնտեսություն, ադրբեջանականը ևս ունի ինքնակարգավորման յուրահատուկ ֆունկցիա, որի շրջանակերում, որպես կանոն ի հայտ են գալիս հենց այդ «փուչիկները»: Դա ավելի արագ և ակնհայտ է լինում, երբ համաշխարհային տնտեսությունում տեղի են ունենում այդ երևույթը բազմապատկող իրադարձություններ, ինչպիսիններից էր, Ադրբեջանի պարագայում, նավթի համաշխարհային գների կտրուկ անկումը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: