ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը եղել է ԵԱՀԿ նախարարների հանդիպման «աստղը»

OSCE

Ավստրիական Մաուէրբախում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման հիմնական թեման հետևյալն էր. «Վստահության կառուցում երկխոսության և համագործակցության միջոցով»: Հենց Ավստրիայում էլ նախատեսվում էր ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, ինչը մեզ համար առավել ուշագրավ էր դարձնում Ավստրիայում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքը: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու ոչ թե Ավստրիայում, այլ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում:

ՀՀ ԱԳ նախարարը Ավստրիայում հանդիպել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման օրակարգում կրկին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն էր։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։ Նախարարներն անդրադարձել են երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել է նաև ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Վերջինս Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են հաճախակիացնել քննարկումները միջազգային հարցերի շուրջ: Նա նաև նշել է, որ Լավրովի հետ քննարկվել են ԵՄ կողմից Սիրիայում հրադարարի հաստատմանն աջակցելու ուղիները:

Անդրադառնալով Ավստրիա ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մաուէրբախում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումն «իսկապես ոչ պաշտոնական էր», քանի որ լիագումար նիստից հետո պատվիրակները առանձին զրույցներ են շարունակել ոչ ֆորմալ միջավայրում: Զախարովայի խոսքերով, Լավրովն առանձնացել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հետ: Նրանք զրույցը շարունակել են ոչ պաշտոնական միջավայրում՝ սիգար ծխելով: Զախարովան չի նշում, թե ինչ են քննարկել երկու երկրների ԱԳ նախարարները, սակայն ուշագրավ է, որ ավստրիական ԶԼՄ-ները ՌԴ ԱԳ նախարարին անվանել են ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման «աստղ»: Նրանց համոզմամբ, եթե չլիներ Լավրովը, ոչ պաշտոնական հանդիպման արդյունք կարող էր դառնալ կազմակերպությունում Ավստրիայի նախագահության ավարտը:

Ավստրիայի ԱԳ նախարարն, իր հերթին, նշել է, որ «Եվրոպայում չի կարող լինել խաղաղություն առանց Ռուսաստանի»: Մի շարք փորձագետներ նշում են, որ երիտասարդ քաղաքական գործիչը մտադիր է անել որևէ հիշարժան քայլ, որպեսզի ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունն օգուտ բերի իրեն: Վերլուծաբանները նշում են, որ նա պնդելու է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ջանքերն ակտիվացնելու հարցում:

Ավստրիայի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չէր նախատեսվում: Նախարարները քննարկել են ԵԱՀԿ-ի համար ամենասուր թեմաները, որոնց թվում են ահաբեկչությունը, ինչպես նաև համաձայնության ձեռքբերումը կազմակերպության ներսում առկա առանցքային հարցերի շուրջ: Այս համատեքստում հնարավոր եղավ հասնել հաջողության: Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից ԵԱՀԿ-ն մնացել էր առանց գլխավոր քարտուղարի, քանի որ կազմակերպության անդամները չէին կարողացել համաձայնության գալ Զանիերի իրավահաջորդի հարցում, ում լիազորությունների ժամկետը լրացել էր հունիսի 30-ին։ Այժմ Կազմակերպության անդամ երկրները համաձայնության են եկել նոր գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ. ԵԱՀԿ երկրներն աջակցել են գլխավոր քարտուղարի պաշտոնում շվեյցարացի դիվանագետ Թոմաս Գրեմինգերի նշանակումը։ ԵԱՀԿ նախկին գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը նշանակվել է ազգային փոքրամանությունների հարցերով հանձնակատարի պաշտոնում, ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ՝  ֆրանսիացի Արլեմ Դեզիրը, իսկ Ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով բյուրոյի տնօրեն՝ Իսլանդիայի ներկայացուցիչ Սոլրուն Գիսլադոտիրը։

Հավելենք, որ ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումն ավանդական չէ: 2016 թվականին նման ձևաչափով հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Գերմանիան, ավելի վաղ նման ոչ ֆորմալ հանդիպում անց է կացվել միայն 2010 թվականին, երբ կազմակերպությունում նախագահում էր Ղազախստանը: Սովորաբար նախարարները հանդիպում են տարին մեկ անգամ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որը տեղի է ունենում դեկտեմբեր ամսին: Այս տարի հանդիպումը տեղի կունենա Վիեննայում դեկտեմբերի 7-8-ին: Բազմաթիվ փորձագետների կարծիքով, չի բացառվում, որ նման ձևաչափով հանդիպումները, որոնք չեն պարտադրում որևէ փաստաթղթի ստորագրում, կարող են առավել արդյունավետ լինել մի շարք խնդիրների քննարկման և դրանց կարգավորման համար:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: