ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հպարտությամբ ու մի քիչ էլ թախիծով սպիտակցիները նշում են իրենց քաղաքի օրը

Հուլիսի 15-ը սպիտակցիների համար տոն է: Արդեն 15 տարի է, ինչ քաղաքում տոնում են Սպիտակի օրը` լի բազում պայծառ հիշողություններով, միևնույն  ժամանակ մի քիչ էլ թախիծով:

Չէ՞ որ օրվա ընտրությունը պատահական չէ: Հուլիսի 15-ը Սպիտակի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Ավետիսյանի ծննդյան օրն է։ Մարդ, ով իր ապրած տարիները նվիրեց հարազատ քաղաքի՝ 1988թ-ի երկրաշարժից գրեթե ամբողջովին ավերված Սպիտակի վերակառուցմանն ու զարգացմանը:

«Ինչ էլ ասես, քիչ է: Եզակի էր, ընտրյալ էր, մեզ համար էր, բոլորինն էր…»: Այսպես, հուզմունքը հազիվ զսպելով, խոսում են սպիտակցներն իրենց նախկին քաղաքապետի մասին, ով 1996թ-ին ընտրվեց Սպիտակի քաղաքապետ 98% ձայներով: Քվեներ, որոնք մարդիկ տվեցին առանց երկմտելու ու առանց թերահավատության, որովհետև վստահում էին, գիտեին քաղաքի նվիրյալին:

Սուրեն Ավետիսյանի քաղաքապետ եղած տարիներին (1996-1999) կատարվել է այսօրվա քաղաքի կառուցապատման 30-40%-ը: Ջիմ Թորոսյանի նախագծերով այդ տարիներին Սպիտակում կառուցվեցին բնակարաններ, դպրոցներ, երաժշտական դպրոց, մեկ տարվա մեջ կառուցվեց սբ. Հարություն եկեղեցին: Կառուցվեց ու մեծ հանդիսավորությամբ բացվեց մշակույթի պալատը, ամբողջովին վերակառուցվեց քաղաքի զբոսայգին:  Սկսեց, սակայն չհասցրեց ավարտել կենտրոնական հրապարակի համալիրի շինարարությունը և բազում այլ նախագծեր…

«Մեր տունը պիտի մեր ձեռքով շինենք». այսպես էր մտածում, ինչպես համաքաղաքացիներն էին  նրան անվանում, «Սուրեն շինարարը»:  Փլատակների տակ հայտնված հայրենի քաղաք, հուսահատ ու թախիծով լցված համաքաղաքացիներ. այս ամենը մեծ ցավ էր պատճառում Սուրենին: Ու նա որոշեց. պետք է փլատակներից վեր հանել քաղաքը, մարդկանց դեմքին վերադարձնել ժպիտը, քաղաքի փողոցները լցնել մանկան ճիչերով… Այդպես էլ արեց:

 

«Դուք սպիտակցուն վերադարձրիք ժպիտն ու հավատը, կասկած չհարուցեց նրա ապագայի նկատմամբ ձեր դրսևորած կամքն ու ձեռներեցությունը», - ինչպես նշվում է Սուրեն Ավետիսյանի մասին գրված «Գործս մնա հիշատակող…» գրքում, այս մասին Սպիտակ կատարած այցելություններից մեկի ժամանակ ասել է այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Սուրենի մասին շատերն են ջերմությամբ ու ակնածանքով հիշում՝ թե՛ որպես մարդ, ընկեր, թե՛ որպես գործիչ՝ նվիրված իր քաղաքին ու հայրենիքին:

«Կոկիկ էր իր գործի մեջ ու ճշտապահ, հետևում էր գործին, դռնից դուրս հանեիր, պատուհանից ներս կմտներ գործի համար: Արդյունքի չհասներ, չէր հեռանա: Նա նպատակին չէր հասնում աղմուկի միջոցով, չէր զզվեցնում: Նրանից հորդում էին գործարար մարդու կամքն ու վճռականությունը», - Սուրեն Ավետիսյանի մասին գրքում ասել է Վլադիմիր Մովսիսյանը:

Սուրեն Ավետիսյանի քաղաքապետ եղած տարիներին Սպիտակում ներդրումներ իրականացրած Միխայիլ Բաղդասարովն էլ Սուրենին հիշում է որպես մարդու, ով խոսքից արագ անցնում էր գործի: «Սա բացառիկ երևույթ էր մեր օրերում: Նա դիմացինին անսահման հավատ ներշնչել գիտեր… Սերունդները դեռ երկար են հիշելու այս խիզախ, մեծ թռիչքների, գաղափարների տեր 36-ամյա քաղաքապետ մարդուն, որի 3 տարվա գիշերուզօր տքնաջան աշխատանքի շնորհիվ մեկը մյուսի հետևից Սպիտակում վեր էին խոյանում ճաշակով, ժամանակակից ճարտարապետությանը համապատասխան կառույցներ: Իսկ այս բոլորը դյուրին չէր»: 

1999թ-ին, երբ Սուրեն Ավետիսյանն առաջադրեց պատգամավորի թեկնածություն, սպիտակցիները մտահոգված էին այդ հանգամանքով, վախենում էին կորցնել իրենց քաղաքապետին: Այս մասին տեղյակ էր նաև Սուրենը, ինչի վերաբերյալ «Երեկոյան Երևան»-ին տված հարցազրույցում ասել է. «Իմ պատգամավորական լիազորություններով և գործունեությամբ վստահ եմ, որ առաջինն օգտակար եմ լինելու իմ ժողովրդին»:

Վստահաբար, պատգամավոր Սուրեն Ավետիսյանն էլ ավելի լայն հնարավորություններ կունենար զարգացնելու իր սիրելի քաղաքը, եթե…

 

 Հ.Գ. Սուրեն Ավետիսյանը կյանքից հեռացել է 1999թ-ի հոկտեմբերի 26-ին ավտովթարից, 36 տարեկան հասակում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: