ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովա. մրցակից քաղաքական ուժերի գործա՞րք, թե՞ ընտրական բարեփոխումներ

РИА Новости

Քաղաքական կրքերը կրկին բորբոքվում են Մոլդովայում: Այս անգամ Մոլդովան հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում խառը ընտրական համակարգի անցնելու հետ կապված:

Օրենքի ընդունումը միանշանակ չի ընդունվել երկրում. երկրի խորհրդարանը և նախագահը կողմ են, իսկ արտախորհրդարանական ընդդիմությունը՝ դեմ: Այս ֆոնին վերջիններս հայտարարել են, որ մտադիր չեն դադարեցնել ցույցերը: Նրանք խոստացել են, որ ցույցեր տեղի կունենան նաև օգոստոսի 27-ին՝ Մոլդովայի անկախության օրը, իսկ սեպտեմբերի կեսին կկազմակերպվի վերջին տարիների ամենալայնամասշտաբ բողոքի ցույցը, հայտնում է REGNUM-ը: Հիշեցնենք, որ վերջին ցույցը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, որի ընթացքում ցուցարարները հավաքվել էին սոցիալիստական կուսակցության գրասենյակի մոտ և պահանջում էին երկրի նախագահ Իգոր Դոդոնի հրաժարականը, ով մինչև 2016 թվականին նախագահի պաշտոնում ընտրվելը ղեկավարում էր վերոնշյալ կուսակցությունը:

Ինչպես արդեն նշվեց, Մոլդովայում ցույցերի հերթական ալիքի պատճառ հանդիսացել են ընտրական համակարգի բարեփոխումները, որոնց համաձայն, երկիրը անցում է կատարվում խառը ընտրական համակարգի: Ոչ խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ այդ համակարգին անցում է կատարվում ի օգուտ երկու՝ Սոցիալիստական և կոշտ հակառուսական քաղաքականություն վարող Դեմոկրատական կուսակցությունների,  որպեսզի 2018 թվականի նոյեմբերին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններում վերջիններս կարողանան իշխանությունը պահել իրենց ձեռքում:

Մոլդովայի խորհրդարանում ներկայացված է 6 կուսակցություն (ընդհանուր՝ 101 պատգամավոր): Ամենաշատ տեղեր զբաղեցնում է Դեմոկրատական կուսակցությունը (41 պատգամավոր), պատգամավորների թվով երկրորդ տեղում Սոցիալիստական կուսակցությունն է (24 պատգամավոր): Նախկինում Մոլդովայում խորհրդարանական ընտրություններն անց էին կացվում համամասնական ընտրակարգով: Ընտրական նոր համակարգով պահպանվում է սկզբնական հայեցակարգը, որի համաձայն խորհրդարան անցնում են առնվազն 6% ձայներ հավաքած կուսակցությունները: Սակայն նոր համակարգին անցում կատարելուց հետո Մոլդովայի խորհրդարանի 101 պատգամավորներից 50-ն ընտրվելու են կուսակցությունների ցանկերից, 51-ը՝ մեծամասնական ընտրակարգով՝ առաջին իսկ փուլից: Հաղթող ճանաչվելու են այն պատգամավորները, ովքեր կստանան ընտրողների ձայների մեծամասնությունը:

Հարկ է նշել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամկետի շուրջ ևս կան որոշակի տարաձայնություններ: Մոլդովայի լիբերալ պատգամավոր Լիլիան Կարպը պնդում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ոչ թե ընթացիկ տարվա նոյեմբերին, այլ 2019 թվականի սկզբին, քանի որ ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրությունների կազմակերպումն անհնար է, հայտնում է Tribuna.md-ն: Նշենք, որ կոմունիստական կուսակցության ղեկավար Վլադիմիր Վորոնինը ևս կարծիք է հայտնել, որ ընտրական համակարգի փոփոխությունները կհանգեցնեն մի շարք խնդիրների, այդ թվում՝ ընտրությունների ժամկետների նշանակման հարցում: Նա հավելել է, որ ընդդիմադիր կուսակցությունները հնարավոր է բոյկոտեն այդ ընտրությունները:

Մոլդովայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները չեն վրիպել նաև արտաքին աշխարհի ուշադրությունից: ԱՄՆ-ն հայտարարել է, որ հիասթափված է ընտրական համակարգում բարեփոխումներ իրականացնելու Մոլդովայի իշխանությունների որոշումից, քանի որ դրանք կասկածի տակ են դնում Մոլդովայի քաղաքացիների համար ժողովրդավարական և եվրոպական ապագա ապահովելու իշխանությունների խոստումները: ԵՄ-ն իր հերթին ևս հանդես է եկել քննադատությամբ՝ հայտարարելով, որ ուշադիր հետևելու է զարգացումներին,  այդ թվում Քիշնևին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համատեքստում, որի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ժողովրդավարական մեխանիզմների, այդ թվում՝ բազմակուսակցության և օրենքի գերակայության պահպանման պայմանով: 

Չնայած ԵՄ և ԱՄՆ քննադատություններին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն ավելի վաղ հայատարարել էր, որ ընտրությունների մասին օրենքի հաստատումով «նոր էջ է բացվում Մոլդովայի ժամանակակից պատմության մեջ»:

Այս ամբողջ իրարանցումն սկսվեց նրանից, որ Մոլդովայի խորհրդարանում ամենամեծաթիվ Դեմոկրատական կուսակցությունն առաջարկեց փոխել ընտրությունների մասին օրենքը՝ անցում կատարելով մեծամասնական ընտրակարգի: Սակայն Դոդոնը հանդես եկավ խառը ընտրական համակարգ հաստատելու առաջարկով: Ի վերջո, խորհրդարանի 101 պատգամավորներից 74-ը կողմ քվեարկեցին վերջինիս առաջարկին:

Չի բացառվում, որ օրենքի ընդունումն ընդամենը քաղաքական ուժերի փոխզիջում է, իսկ իրականում Դեմոկրատական կուսակցությունը չի պատրաստվում հրաժարվել մեծամասնական ընտրակարգի հաստատումից: Սրա մասին թերևս վկայում է նաև այն, որ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Պլախոտնյուկն ավելի վաղ հայտարարել էր, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով, որից հետո քաղաքացիները կհասկանան մեծամասնականի առավելությունները, և 2022 թվականին Մոլդովայում կընդունվի և այդ ընտրակարգը: 

Ուշագրավ է նաև օրենքի հաստատման ժամկետը: Այն ընդունվեց խորհրդարանի նստաշրջանի փակման նախօրեին, իսկ արձակուրդների ընթացքում շատ բան միգուցե մոռացվի և հասարակության ու ոչ խորհրդարանական ընդդիմության շարքերում նկատվող կրքերը հանդարտվեն: Ինչևէ, չի բացառվում, որ ընտրակարգի փոփոխության հաստատումը կհանգեցնի նաև միջազգային կառույցների կողմից որոշակի քայլերի, օրինակ՝ պատժամիջոցների կամ ֆինանսական աջակցություն չտրամադրելու տեսքով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: