ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքվի Օպերայի և բալետի թատրոնը կառուցվել է հայազգի Մայիլով եղբայրների կողմից

Ourbaku.com

20-րդ դարի սկզբին հայաշատ Բաքուն, լինելով Ռուսական կայսրության ամենամեծ արդյունաբերական կենտրոններից մեկը, ունեցել է հայերի հարուստ քաղաքակրթական ներկայություն: Հայերը ռուս և բազմազգ մահմեդական բնակչությունից հետո երրորդ խոշորագույն էթնիկ խումբն էին: Քաղաքի սոցիալական, մշակութային և գործարար կյանքում հայերն առաջատար դիրք էին զբաղեցնում: Հայ ձեռնարկատերերի շնորհիվ է, որ Բաքվում նավթարդյունաբերությունը սկսեց  զարգանալ: Հայ գործարարների և հայ ճարտարապետների նախագծերով կառուցված շենքերը մինչ օրս զարդարում են Բաքուն:

Այդ շենքերից մեկը Մայիլով եղբայրների կառուցած Օպերան է՝ այժմ Ադրբեջանի պետական ​​ակադեմիական օպերայի և բալետի թատրոնը: Այն կառուցվել  Է հայազգի միլիոնատեր Մայիլով եղբայրների ֆինանսավորմամբ: Կրտսեր եղբայրը՝ Իլյա Լազարևիչը, բարձրակարգ բժիշկ է եղել, իսկ ավագ եղբայրը` Դանիելը` գործարար, հաշվապահության և  առևտրաարդյունաբերական կոմիտեի անդամ: Եղբայրներն ունեին բավական հաջող խավիարի բիզնես՝ սեփական ձկնաբուծարաններով ու արտադրամասերով: Ռուսաստանում նրանք անգամ հայտնի էին որպես «խավիարային թագավորներ»:

Բավական հետաքրքիր է,թե ի՞նչու նրանք  հանկարծ որոշեցին թատրոն կառուցել:

«Մայիլով եղբայրների օպերային տան» հետ կապված մի գեղեցիկ, բայց չհաստատված լեգենդ կա: 1910 թվականին մի շատ հայտնի երգչուհի է ժամանել Բաքու, ում գեղեցկությունն ու հրաշալի ձայնը խելքահան են արել ավագ Մայիլով եղբորը: Գեղեցիկ երգչուհին համերգներ է տվել Բիրժա փողոցում, կրկեսի փայտյա շենքում, ապա ձմեռային ակումբներում: Բաքու կատարած իր այցի վերջում խաղատներից մեկում երգչուհու պատվին հատուկ հրաժեշտի երեկո է կազմակերպվել, որի ժամանակ նրան հարցրել են, թե հաջորդ անգամ երբ կվերադառնա Բաքու:

«Երևի երբեք, քանի որ ես սովոր չեմ կրկեսներում և խաղատներում երգել», - պատասխանել է երգչուհին: «Ձեր հրաշալի քաղաքում չկա՞ն արդյոք հարուստ մարդիկ, ովքեր միջոցներ կտրամադրեն օպերային տուն կառուցելու համար, որտեղ երաժիշտները կկարողանան ցույց տալ իրենց հմտությունները», - հարցրել է երգչուհին:

Նեղսրտած Մայիլովը նրան հրավիրել է ուղիղ մեկ տարի անց նորից Բաքու ժամանել` օպերային թատրոնի բացման արարողությանը մասնակցելու, որը կկառուցեն հատուկ իր պատվին:

«Վերածննդի» ոճով թատրոնի նախագիծը մշակել է քաղաքացիական ճարտարագետ Բաևը: Հայազգի Նիկոլայ Գեորգիևիչ Բաևը ծնվել է 1875 թվականին Աստրախանում: 1911-ից աշխատել է որպես Բաքվի քաղաքային կառավարության գլխավոր ինժեներ: Այս ընթացքում, նա կառուցել է մի շարք շենքեր Բաքվում, այդ թվում` Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնը, Սաբունչու կայանը, բնակելի թաղամասը Հայկաշենում (Արմենիքենդ) և այլ տարբեր շինություններ:

Կապիտալիզմի դարաշրջանում կառուցված թատերական շենքերի շինարարության պատմության մեջ Մայիլովների թատրոնն առանձնահատուկ տեղ ունի, քանի որ այն կառուցվել է ռեկորդային ժամանակում: Շուրջ 1800 մարդ տեղավորող այս շենքը կառուցվել է ընդամենը 10 ամսում:

1911 թ.-ի փետրվարի 28-ին տեղի է ունեցել Բաքվի օպերայի և բալետի թատրոնի բացումը: Մայիլով ավագ եղբոր հրավերով Բաքու է ժամանել վերոնշյալ գեղեցկուհի երգչուհին: Բացմանը մասնակցել են նաև քաղաքի բոլոր հարուստ մարդիկ, երաժիշտներ ու դերասաններ:

Թատրոնի բացման առիթով, երգչուհին, որի շնորհիվ Բաքվում հայտնվեց այս հիանալի թատրոնը, հատուկ համերգ է տվել: Երբ նա ավարտել է այն, փողն անձրևի նման թափվել է վրան: Մայիլովն իր հերթին նվիրել է ծաղկեփնջեր, որոնք հավաքվել են 25, 50 և 100 մանաթ թղթադրամներից, գրում է Avitas.ru- ն:

Հայ առևտրականների գումարներով և հայ տաղանդավոր ճարտարապետների նախագծերով Բաքվում կառուցվել են նաև հիվանդանոցներ, դպրոցներ, եկեղեցիներ և այլն: Ցավոք, հարևան մայրաքաղաքի ձևավորման ու զարգացման գործում հայերի մասնակցությունը վկայող փաստաթղթերի մեծ մասն այժմ թաքցված է կամ գուցե անգամ ոչնչացվել է ադրբեջանական արխիվներից …

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: