ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը հուսադրող է

armradio.am

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փակուղում գտնվելու ֆոնին օրերս Մոսկվայի Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միջնորդությամբ կայացավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով տարածաշրջանի հոգևոր առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Մենք հատուկ նշանակություն ենք ընծայում խաղաղարարական երկխոսության հետևողական զարգացմանը, բանակցությունների շարունակմանը և միջազգային հանրության միջնորդական ջանքերին, որոնք կօգնեն հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը։ Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների և ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության և բարեգթության վրա։ Հայ և ադրբեջանցի ժողովուրդները մշտապես ապրելու են կողք կողքի, այդ իսկ պատճառով չկա այլընտրանք, քան խաղաղությունն ու համագործակցությունը։ Բազմաթիվ մարտահրավերների առջև մենք՝ մեր ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, պարտավոր ենք փնտրել համատեղ պատասխաններ», - ասվում է հոգևոր առաջնորդների համատեղ հայտարարությունում։

Նշենք, որ հանդիպման ժամանակ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդները պետք է դաստիարակվեն ըմբռնումով, որ երկու ժողովուրդները լինելու են հարևաններ և ապրեն կողք կողքի: «Մենք չպետք է հանդիպենք  հանդիպման համար: Մենք պետք է հանդիպենք, որպեսզի հնարավորություն ունենանք դիմելու մեր երկրների ղեկավարությանը, որպեսզի նրանք անեն ամեն հնարավորը՝ կանխելու հակամարտությունը, և որպեսզի մեր երիտասարդները մեծանան այնպիսի ոգով, որ իրենք միշտ կլինեն հարևաններ», - ասել է Ալլահշուքյուր Փաշազադեն:

Այս կապակցությամբ թերևս պետք է նկատել, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը միանգամայն տարբերվում է Ադրբեջանի քաղաքական վերնախավի հայտարարություններից և հայաֆոբ քաղաքականությունից: 

Նշենք, որ նման ձևաչափով հանդիպումներին սկզբ է դրվել դեռևս Վազգեն Վեհափառ Հայրապետի օրոք, իսկ Գարեգին Բ կաթողիկոսի օրոք սա 6-րդ հանդիպումն է: Ղարաբաղյան հակամարտությունում Մոսկվայի պատրիարքությունը սկսել է խաղաղարար ջանքերով հանդես գալ 1988 թվականին, իսկ հոգևոր առաջնորդների առաջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 1993 թվականի մայիսին Մոսկվայի Սբ. Դանիելի վանքում: Այնուհետև նման հանդիպումներ տեղի են ունեցել նաև 1994, 1995, 2000 և 2004 թվականներին, իսկ 2010 թվականին Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում, իսկ 2011 թվականին՝ Երևանում: Այս հանդիպումների արդյունքներով հոգևոր առաջնորդները հանդես են եկել հավատացյալներին և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հասցեագրված ուղերձներով: Մասնավորապես 1990-ականների հանդիպումների արդյունքում ընդունված համատեղ հայտարարություններում հոգևոր առաջնորդներն ընդգծել են, որ Ղարաբաղյան հակամարտությունը զուրկ է կրոնական հիմքերից, ինչպես նաև նրանք ուշադրություն էին հրավիրում փախստականների և գերիների խնդրի վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: