ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զինվորն ու ծառան ենք հայրենիքի. Գարեգին Բ

panorama.am

«Հայաստան-սփյուռք» համաժողովները կարևոր հարթակ են դարձել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնության զորացման, գործակցության խթանման և մեր ժողովրդի տարբեր հատվածների փոխճանաչման և առնչությունների ընդլայնման համար», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն  «Հայաստան - Սփյուռք» վեցերորդ Համաժողովի Բացման ժամանակ:

«Աշխարհաքաղաքական զարգացումները և այդ համատեքստում մեր ազգային ինքնության առջև ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական կյանքի դժվարությունները, մեր հայրենիքի հզորացումն ու ապահովությունը ներկա մեր սերնդին վիճակված առաջնահերթ մտահոգություններն են:

Հայրենիք-սփյուռք գործակցության շրջանակներում, իրավ է, զգալի ձեռքբերումներ ենք արձանագրել՝ զորացնելով Հայաստանն ու Արցախը և Սփյուռքում ազգային կյանքը:

Այսուհանդերձ, կատարված աշխատանքները չեն սպառել ծառացած մարտահրավերները: Մեզ շարունակում են մտահոգել Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանության արդար պահանջատիրության հանդեպ շարունակվող ժխտողականությունը, արտագաղթը, սոցիալ-տնտեսական դժվարությունները հայրենիքում, խաղաղության ապահովումը մեր սահմաններում:

Այսօր ժամանակն է, որ դառը փորձությունների ծանրությունը կրած մեր երկիրն ու ժողովուրդը կարողանան ամուր քայլերով ընթանալ վերելքի ուղիով, որը պահանջում է ուժերի ու կարողությունների ամբողջական կենտրոնացում ու համախմբում:

Պաշտոնը, հասարակական դիրքը, նյութական ու մտավոր կարողությունները, որոնցով օժտված են մեր ժողովրդի զավակները, պիտի ծառայեցվեն մեր երկրի պայծառացմանը և ամենուր մեր ժողովրդի առաջընթացին ու ազգային կյանքի զարթոնքին: Հայրենաբնակ թե սփյուռքահայ՝ հայրենիքի և ազգի հանդեպ կրում ենք նույն պատասխանատվությունը:

Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի և կամ տեղ գտած անարդարության պատճառով:

Հայրենիքից չի կարելի երես դարձնել, եթե այն նեղությունների, փորձությունների ու մարտահրավերների առջև է կամ նվազ հարուստ ու հարմարավետ է:

Զինվորն ու ծառան ենք հայրենիքի: Այս պիտի լինի մեր նշանաբանը: Հայրենիքը մենք պիտի սիրենք այն պարզ պատճառով, որ մերն է, մեր հայրերի արյամբ ու քրտինքով նվիրագործված և մեզ ավանդված: Հայրենիքով է զորեղ յուրաքանչյուրը՝ իբրև ազգի զավակ, իբրև կրողն ու շարունակողը հայրենյաց ժառանգության, իսկ զորությունը հայրենիքի մեր ժողովուրդն է՝ ի հայրենիս և ի սփյուռս միասնաբար:

Եկող տարի նշելու ենք Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա տարեդարձը, որը կոչ ու խրախույս է ազգային համախմբման:

Մեր երկիրը հեռու պիտի պահենք ցնցումներից և ամեն ջանք պիտի գործադրենք՝ խաղաղությունը ամրագրելու և հասնելու Արցախի ճանաչման հաղթանակին: Այս տեսլականով Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր այս համաժողովը, արդյունավորի ջանքերը համաժողովի կազմակերպիչների ու մասնակիցների և լուսավորի մեր մտքերը՝ գտնելու լավագույն ուղին մեր հայրենիքի ու ժողովրդի զորացման և առաջընթացի:

 Թող Աստված խաղաղ պահի աշխարհը, մեր երկիրն ու համայն ժողովրդին: Մեր Տիրոջ շնորհները, սերն ու ողորմությունը թող լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ: Ամեն»,- եզրափակել է իր խոսքը Գարեգին Բ-ն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: