ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիրթ, առաջադեմ ու կրեատիվ երիտասարդությունը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է․ Գրիգոր Երիցյան

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ Գործադիր Տնօրեն Գրիգոր Երիցյանի հետ։

 

 


-         Հայաստանի Հանրապետությունն արդեն 26 տարեկան է: Որո՞նք են, ըստ Ձեզ, այս տարիների ամենագլխավոր ձեռքբերումներն ու որո՞նք են հիմնական թերացումները:  

 -         Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումը ազատ, պահանջատեր և քննադատաբար մտածող երիտասարդներն են, ովքեր պայքարում են հանուն իրենց իրավունքների, ցուցաբերում են քաղաքացիական ակտիվություն և դրանով իրենց ներդրումն են ունենում ավելի առողջ և բարեկեցիկ հասարակության ձևավորմանը։ Աշխատանքի բերումով ամեն օր շփվում եմ տասնյակ երիտասարդների հետ և շատ ուրախ եմ, որ երիտասարդությունը վերջապես ազատվում է իներցիայով հասած խորհրդային նախապաշարմունքներից՝ դառնալով ավելի գիտակից և ազատ։ Ես վստահ եմ, որ կիրթ, առաջադեմ ու կրեատիվ երիտասարդությունը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է և մեր հասարակության ու պետության զարգացման հիմնական ներուժը։

 Այդուհանդերձ, այս ներուժը չի իրացվում, քանի որ երիտասարդների մեծ մասն իրենց ապագան չեն պատկերացնում անկախ Հայաստանում՝ փնտրելով ինքնազարգացման, ինքնաիրացման և հաջողության հասնելու ուղիներ Հայաստանից դուրս։ Այս ներուժի անտեսումը, երիտասարդների մասնակցության ցածր մակարդակը տնտեսական, քաղաքական և քաղաքացիական կյանքում, կրթության ցածր որակն ու անմատչելիությունը, ինչպես նաև երիտասարդների շրջանում գործազրկության և աղքատության բարձր ցուցանիշները մեր հասարակության և պետության հիմնական թերացումներն են։ Վերջիններս զուգակցվում են համատարած անարդարության մթնոլորտի հետ՝ ստեղծելով իդեալական պայմաններ, որպեսզի երիտասարդը հեռանա երկրից՝ սեփական երկրում չտեսնելով ապագայի որևէ հեռանկար։

 -         Շատ է խոսվում երիտասարդության դերի մասին, ընդգծվում է երիտասարդների համար առկա հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Ի՞նչ անելիք ունի երիտասարդությունն այսօր ՀՀ զարգացման հարցում, և որքանո՞վ է օգտվում ընձեռված հնարավորություններից: 

 -         Երիտասարդությունը մեր երկրի ներկան է և ոչ թե ապագան։ Համապատասխան հնարավորությունների առկայության և ընդլայնման պարագայում երիտասարդները կարող են իրենց ներդրումն ունենալ ՀՀ զարգացման գործում՝ այն դարձնելով ավելի արդար, պատասխանատու և բարեկեցիկ երկիր։ Ցանկացած սոցիալական փոփոխություն և զարգացում սկսվում է հենց մեզնից՝ երիտասարդներիցս:

 Լինելով Հայաստանում ամենամեծ երիտասարդական կազմակերպություններից մեկի ղեկավարը՝ հստակ կարող եմ ասել, որ այսօրվա երիտասարդությունն ակտիվ է, ձգտող, հետաքրքրասեր, նորարար և համառ, ուստի հնարավորություն ունենալու դեպքում այն կարող է դառնալ Հայաստանում դրական փոփոխությունների շարժիչ ուժը։ Կարծում եմ, որ քաղաքականության, բիզնեսի, գիտության և մի շարք այլ ոլորտներում ավելի շատ երիտասարդներ ունենալու դեպքում՝ կապրեինք շատ ավելի լավ երկրում։

Դժբախտաբար, մեր հասարակությունը  երիտասարդներին տալիս է շատ ավելի փոքր դեր, քան այն կարող էր ստանձնել՝ համարելով, որ երիտասարդները անփորձ են, չունեն համապատասխան որակավորում կամ չեն կարող ներգրավվել լուրջ աշխատանքներում։ Իմ կարծիքով, այս նախապաշարմունքները չպետք է տեղ ունենան 21-րդ դարի Հայաստանում, երբ երիտասարդները շատ ավելի մրցունակ են, տեղեկացված և կրթված։ Ինֆորմացիոն և ժամանակակից դարում նման կարծրատիպային մոտեցումը միայն հետ է գցում մեր երկրի զարգացումը։

Վստահ եմ, որ երիտասարդական կազմակերպությունների և պետության գերակայություններից մեկը պետք է լինի երիտասարդների համար մասնակցության և ներգրավվածության նոր հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև երիտասարդների դերի բարձրացումը բոլոր ոլորտներում։ Միևնույն ժամանակ, երիտասարդները պետք է ներգրավվեն այն որոշումների կայացման գործում, որոնք ուղղակիորեն հենց իրենց են վերաբերում։ Հակառակ դեպքում, այդ որոշումները կայացվում են առանց երիտասարդների մասնակցության և, հետևաբար, չեն արտացոլում նրանց կարիքներն ու խնդիրները։ Շատ եմ կարևորում հատկապես մարզային և գյուղական համայնքներում ապրող երիտասարդների, ինչպես նաև սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների հետ աշխատանքը։ Հենց այդ պատճառով Հայ Առաջադեմ Երիտասարդություն հասարակական կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում իր մարզային ծրագրերին և կարևորում է, որ անկախ աշխարհագրական դիրքից բոլորն ունենան մասնակցության, կրթություն ստանալու և զարգացման հավասար հնարավորություններ:

 -         Ձեր բարեմաղթանքը ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:

 -         Շատ կուզեի, որ վերջապես կարաղանայինք ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ մարդիկ ապրում են անհոգ, երջանիկ, բարեկեցիկ և արժանապատիվ։  Ես վստահ եմ, որ նման հասարակության կառուցման բանալին առաջադեմ և գիտակից երիտասարդների ձեռքում է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: