ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեպտեմբերի 21․ ի՞նչ են զգացել «Այո» ասողները (ԲԱՑԱՌԻԿ)

YSU

Անկախությունն այն էր, ինչի մասին դարեր շարունակ երազում էր հայ ազգը, այն էր, ինչի մասին փափագում էին մեր պապերը: Հայաստանի Հանրապետության բնակչությունը հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն' ԽՍՀՄ կազմից դուրս», ձայների ավելի քան 99% մեծամասնությամբ ասաց «այո»: Կատարվեց հայ ժողովրդի դարավոր երազանքը: Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, Հայաստանի ԳԽ-ի՝ ՀՀ անկախության մասին որոշումն ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինն օրհնեց քաղաքացիների որոշումը:

 Իսկ ի՞նչ ապրումներ ու հիշողություններ ունեն օրվա հետ կապված անկախացումն իրենց մաշկի վրա զգացած մեր հայրենակիցները։

«Արմեդիա ՏՎԳ» հետ զրույցում  Հանրային ռադիոյի տնօրեն, լրագրող Մարկ Գրիգորյանը հիշում է. «Ես բավական լավ հիշում եմ հենց քվեարկությունը, երբ մենք ողջ ընտանիքով գնացինք քվեարկության և բոլորս միաձայն «ԱՅՈ» ասացինք անկախությանը: Ես այդ ժամանակ Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր էի: Երեկոյան, երբ դեռ ընտրական տեղամասերը չէին փակվել, մի քանի հոգով հավաքվեցինք Քաղխորհրդի շենքում և նստած սպասում էինք արդյունքներին: Տեղամասերի փակվելուց հետ երբեմն մեզ ԿԸՀ-ից տեղեկություններ էին հասնում, ըստ որոնց՝ պարզ էր դառնում, որ երկրի տարբեր շրջաններում հաղթում է «Անկախությունը», որը մեզ շատ ոգևորում էր: Իսկ արդեն ուշ երեկոյան, երբ արդեն ավելի քան պարզ էր ամեն ինչ, մենք շամպայնով խմեցինք մեր նորաստեղծ անկախության կենացը:

Մենք բոլորս հոգնել էինք Խորհրդային միությունից և բոլորրիս կամքը մեկն էր՝ անկախանալ, մասնավորապես՝ իհարկե Հայաստանը, Վրաստանը և Բալթյան հանրապետությունները: Անընդհատ խոսակցություններ ու վեճեր էին լինում այն հարցի շուրջ, թե ինչ ճանապարհով ֆիքսենք մեր անկախանալը: Ես միշտ օրինական ճանապարհի ջատագովն ու կողմնակիցն եմ եղել: Եվ հենց այդպես էլ տեղի ունեցավ: Հայաստանը կատարեց բոլոր պահանջվող օրինական քայլերը, որպեսզի մենք կարողանանք ասել՝ մեր անկախությունը լեգիտիմ է: Մենք ոչ թե ստացանք, այլ վերցրեցինք այս անկախությունը»:

Մեր մյուս հարցին, թե՝ «ո՞րն է անկախ Հայաստանի քաղաքացու դերը կամ գուցե պարտականությունը երկրի հզորացման գործում» Մարկ Գրիգորյանը պատասխանեց. «Այս հարցը հնարավոր է դիտարկել միայն բարոյական տեսանկյունից: Ես պետք է անեմ ամեն ինչ՝ սկսած աշխատանքից մինչև երեխաների դաստիարակությունը՝ ի նպաստ մեր անկախությանն ու մեր հայրենիքի հզորացմանը»:

Մեզ հետ իր հուշերով կիսվեց նաև Մատենադարանի Հին բնագրերի ուսումնասիրման և թարգմանության բաժնի վարիչ Գոհար Մուրադյանը: Նա Սարգիս Մուրադյանի դուստրն է, ով, որպես Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, 1988թ. ընտրվել էր դեռևս Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր և բոլոր հնարավոր միջոցներով փորձում էր Արցախյան խնդիրը մտցնել իրավական դաշտ: Հետագայում նա ընտրվեց անկախ Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

Հարցին, թե՝ «ի՞նչ ապրումներ, հիշողություններ ունեք օրվա հետ կապված», Գոհար Մուրադյանը նշեց. «Երբ անկախությունը մեզնից անկախ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի նախագահների համաձայնությամբ ԽՍՀՄ-ը կազմա­լուծելու հետևանքով, դարձավ իրականություն, ես հարցրի Ս. Մուրադյանին՝ իմաստ ունի՞ արդյոք անկախության հանրաքվեին մասնակցելը: Նա ասաց՝ միանշանակ այո, քանի որ դա իրավական հիմք կստեղծի ապագայի համար, այս աշխարհում, որտեղ ամեն ինչ այնքան արագ ու անսպասելի է փոխվում:

Թվում էր, թե պարադոքս է` անկախանում էինք մի բանից, որն արդեն գոյություն չուներ: Բայց հանրաքվեն արդեն նախապես որոշված էր և անցկացվեց:

Մենք խանդավառ էինք, որ մասնակցում ենք մեր երկրի անկախությունը հաստատող հանրաքվեի: Սարգիս Մուրադյանն այդ օրվա մասին երազել էր իր ողջ կյանքի ընթացքում, և, չնայած վերը նշած հանգամանքին, կարևոր էր համարում հանրաքվեին բոլորիս մասնակցությունը: Հայրս ոչ միայն երազել էր, այլև բոլոր հնարավոր միջոցներով քարոզում էր, որ Հայաստանը արժանի է և պետք է անկախ երկիր դառնա: Նա համարում էր, որ մեր ժողովրդի կամքը պիտի իրավաբանորեն ամրագրվի:

Մենք չէինք պատկերացնում, թե ինչքան դժվարություններ կան իրական անկախութայն հասնելու ճանապարհին... »:

Մյուս հարցին, թե՝ «ո՞րն է անկախ Հայաստանի քաղաքացու դերը կամ գուցե պարտականությունը երկրի հզորացման գործում», Գոհար Մուրադյանը շեշտեց. «Պիտի աշխատենք հզորացնել մեր երկիրը, որպեսզի այն հայերի համար աշխարհում ամենալավ վայրը դառնա:

Յուրաքանչյուրը զբաղվելով իր գործով պետք է գործի ազնիվ, առանց ուրիշի շահերը ոտնահարելու և առանց տվյալ պահի շահն ակնկալելու, այլ մտածի ապագայի մասին... Ամեն մեկս մեր աշխատանքը պետք է կատարենք պատասխանատվության զգացումով և հնարավորինս լավ…»:

Իսկ ահա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեր հազարամյակների երազանքն էր իրականացել: Ազգային անկախությունը ազատության` որպես մարդկային բարձրագույն արժեքի գիտակցմամբ է ամրապնդվում: Այս գիտակցումն էլ ազատ քաղաքացուն է կերտում, որը ունակ է լինում արարելու և շենացնելու իր հայրենի տունը: Այս էր զգացումը այդ օրվա»:

 Հայաստանի քաղաքացու դերի հարցում Ճշմարիտյանն ընդգծեց. «Յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է` ապրել, գործել և վարվել այնպես, որպեսզի բոլորը արժանապատիվ և լավ կյանքով ապրեն (բառիս լայն իմաստով), իսկ հաջորդ սերունդը` ավելի լավ: Այս ամենի համար պետք է սիրել հայրենիքը, սեփական ազգը, իսկ ազգային արժանապատվությունը գերադասել բարեկեցությանը»: Նա նաև հավելեց, որ սեպտեմբերի 21-ը իր ամենաթանկագին տոնն է:

 

Իսկ ավելի ավագ սերունդն այս կարծիքն ուներ.


«Կամոքն Աստծոյ և մեր ազատատենչ ազգի, յառաջիկայ սեպտեմբերի 21-ին մեր նորածին հանրապետութեան քաղաքացիները պիտի պատասխանեն անկախութեան հրաւէրին, միաձայն ու բարձրաձայն յայտարարելով` «Այո՛»»:
Ամենայն հայոց հայրապետ  Վազգեն Ա Վեհափառ


«Ոչ մի կասկած չունեմ, որ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կարտահայտի իր վաղուց հասունացած կարծիքն ու վճռականությունը` ասելով «Այո՛»: Երևի պատմության ընթացքում ոչ մի այլ խնդրի նկատմամբ մեր ժողովուրդն այդ չափով միասնական ու միաձույլ չի եղել: Բոլորս գիտենք, որ անկախ կյանքի ճանապարհին կարող են լինել դժվարություններ, բայց համոզված եմ, որ մեր միասնականության ուժով դրանք կհաղթահարվեն: Առանց տատանվելու և միասնաբար մոտենանք քվեատուփերին և ասենք` «Այո՛»: Ցանկանում եմ մեր ժողովրդին միասնություն, միասնություն և վերստին միասնություն»:
Վիկտոր Համբարձումյան


«Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «Ո՛չ» կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին: Այո՛… Այս երեք տառերն այսօր իմաստավորում են մեր ազգի երեք հազար տարվա ոգորումներն ու որոնումները»:
Համո Սահյան


«…Մենք նախևառաջ պետք է հաստատենք Իբսենի այն ճշմարտությունը, որ նա ասում է «Ժողովրդի թշնամին» պիեսի հերոսի բերանով. «Ուժեղը նա է, ով չի վախենում մենակ մնալուց»: «Այո»-ն ասելով մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, և այդ «Այո»-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատևելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների»:
Խորեն Աբրահամյան


«Հազիվ էր մեր դարավոր երազանքն իրականանում, և հայոց պետականության լույսը վառվել էր մեր տանը, էլի մարեց: Ազգովին մութի մեջ նստած, պատմական որոշում կայացնելու վճռի դեմ հանդիման՝ ինքներս մեզ հարցնում ենք` հայոց պետականության լույսը վառե՞նք, թե՞ մութի մեջ նստենք դարձյալ: Սա հա՞րց է: Վառենք մեր տան լույսերը ու պարզ տեսնենք, թե ինչ ենք անելու: …Որովհետև մեր պատմության մութի մեջ խարխափող էջերն ենք լուսավորելու, լուսավորելու ենք գելի բերանն ընկած ու մութի մեջ կորած մեր ոստանները, լճերը, լեռները: Այս մի բուռ ապրողներովս մենք լուսավորելու ենք մեր հայրերի երազանքը, ու մեր մեծերը, նախնիները մեզ չնչին առիթ անգամ չեն տվել լույսից ամաչելու, վախենալու: Մեր նախնիների արժանի ժառանգներն ենք և, իհարկե, արժանի ենք հայոց պետականության լույսի մեջ ապրելու»:
Տիգրան Մանսուրյան


«Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ, որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրա է արել, և Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ, որ փեշերից կախվելով՝ խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա, համարի՛ր, ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի»:

Հրանտ Մաթևոսյան

«Արմեդիա» ՏՎԳ-ն շնորհավորում է բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ ու մաղթում, որ հաջորդ սերունդները երբևէ չիմանան, թե ինչ է անկախության կորուստը, այլ ապրեն օր օրի զարգացող ու հզոր Հայաստանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: