ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկացի սենատոր Ուայթհաուզն Ադրբեջանն անվանել է ավազակապետության օրինակ

«2012-2015 թվականներին Ադրբեջանի իշխանությունները, զեկույցների համաձայն, փոխանցել են 2,5 միլիարդ եվրո Մեծ Բրիտանիայում գրանցված քողարկված չորս ընկերություններից, Դանիական բանկի Էստոնիայի մասնաճյուղի միջոցով՝ եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու և փողերի լվացման նպատակով», – «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների սենատոր Շելդոն Ուայթհաուզը Սենատում կլեպտոկրատիայի դեմ պայքարին նվիրված լսումները բացելիս որպես կլեպտոկրատիկ պետության օրինակ որոշել է բերել հենց Ադրբեջանը:

Կլեպտոկրատիան կամ ավազակապետությունը պետության այն տեսակն է, որի բռնակալ իշխանությունները թալանում են երկրի ժողովրդին: Հադսնի Կլեպտոկրատիայի ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Չարլզ Դևիդսոնի խոսքով, կլեպտոկրատ իշխանությունն իր չարիքը փորձում է տարածել ամենուր.

«Կլեպտոկրատիան 21-րդ դարի բռնակալների բիզնես մոդելն է և այսօր մեր ազգային անվտանգությանն առավել մեծ վտանգը բխում է բռնապետական վարչակարգերից, որոնք ակտիվորեն փորձում են թուլացնել մեր ժողովրդավարությունն ու ազատությունները և բռնակալություն ներմուծել Եվրասիայի տարածք»:

Դևիդսոնի խոսքով, Արևմուտքը սխալվում էր ակնկալելով, որ իրենց ժողովուրդներին թալանած բռնակալները կփոխեն մոտեցումները տեսնելով ժողովրդավարության արդյունքները: Փոխարենը, երբեմն բռնակալները փորձում են սեփական կոռումպացված մոտեցումներով վարակել Արևմուտքը.

«Երբ կլեպտոկրատները այստեղ են գալիս, նրանք իրենց հետ բերում են նաև իրենց արժեքները, որոնք մերը չեն: Մենք միամիտ էինք, կարծում էինք, որ նրանց երեխաներն այստեղ մեզ մոտ կսովորեն և կդառնան ազատության և ժողովրդավարության սիրահար: Դա տեղի չունեցավ: Փոխարենը, կլեպտոկրատիկ կենսակերպը, որն արժեքավորում է միայն փողն ու իշխանությունը, շեղեց մեր սեփական համակարգը»:

Սակայն Արևմուտքն ունի կլեպտոկրատ իշխանավորների վրա ազդելու հզոր գործիք, ընդգծում է Չարլզ Դևիդսոնը, չէ որ սեփական ժողովուրդը թալանած բռնակալներն իրենց միջոցներն ու ունեցվածքը հաճախ պահում են Արևմուտքում: Այդ գործիքը գործի դնելու համար օրենսդիրների և փորձագետների կարծիքով Արևմուտքին և առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է օրենքով վերացնել shell company կոչվոր քողարկված ընկերությունների գոյությունը, որոնք ստեղծվում են իրական սեփականատիրոջ գաղտնիությունը պահպանելու և ապօրինի ստացված փողերի լվացման նպատակով: Հակառակ դեպքում, ԱՄՆ-ի սենատոր Ուայթհաուզի խոսքով, կարող է կրկնվել մի իրավիճակ, երբ բռնակալի ապօրինի գումարները թույլ են տալիս նրան երկրի ներսում էլ ավելի մեծ ապօրինություններ կատարել.

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի նախագծի զեկույցի համաձայն՝ այդ գումարով Ադրբեջանը լռություն է գնել այն ժամանակ, երբ Ադրբեջանի իշխանությունները 90-ից ավելի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ և լրագրող են բանտ շպրտել՝ քաղաքական մեղադրանքներով»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: