ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 827,71 դրամ ԱՐԾԱԹ - 262,52 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 279,92 դրամ

Հայկական պատվիրակությունը երկխոսության կոչ արեց Թուրքիային՝ Արաքսի վրա ջրամբարների կառուցման հարցով. Հերմինե Նաղդալյան (ԲԱՑԱՌԻԿ)

national.am

Անդորրայում շարունակվում են ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները։ Նստաշրջանի երկրորդ օրվա զարգացումների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ։

 


- Տիկի´ն Նաղդալյան, այսօր՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ օրը, քննարկվեցին  էկոլոգիական անվտանգությանը վերաբերող հարցեր:  Որո՞նք  էին  հայկական կողմի հիմնական շեշտադրումները: 

 - Այսօրվա քննարկմանը բոլոր երկրների պատվիրակները բավականին կառուցողական և բովանդակային էին խոսում: Իսկապես զգացվեց, որ Եվրոպայի քաղաքական մտքի ներկայացուցիչները հավաքված են այստեղ հնչեցնելու իրենց մտահոգությունը և գտնելու ուղիներ՝ կանխելու համար մեր մոլորակի վրա տեղի ունեցող էկոլոգիական աղետները:

Քննարկվող թեմայի վերաբերյալ բավականին ակտիվ հանդես եկան նաև մեր պատվիրակները: Ելույթ ենք ունեցել ես և Տիգրան Ուրիխանյանը: Ներկայացրել ենք բնապահպանական քաղաքականության, էկոլոգիական բաղադրիչի վերաբերյալ մեր մոտեցումները՝ շեշտելով, որ Հայաստանի համար այս հարցը  գերակայություն է: Մենք նաև նշեցինք, որ ունենք օրհուսյան կենտրոնների բավականին լուրջ ցանց: Խոսեցինք այն մասին, որ էկոլոգիական անվտանգության հետ կապված բավականին մեծ աշխատանք ենք իրականացրել, այդ թվում՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և մասնակցությամբ, ու թեև հիմա այդ գրասենյակը փակվել է, մենք ԵԱՀԿ-ի հետ համատեղ գտնելու ենք ուղիներ՝ այդ ուղղությամբ ծրագրեր իրականացնելու համար:

Հատկապես առանձնացրեցինք այն հանգամանքը, որ բնապահպանական աղետները չեն ճանաչում ոչ սահմաններ, ոչ էլ կոնֆլիկտային տարածքներ, ինչն առավել շատ է պարտադրում պետություններին և այլ միավորներին լինել ավելի համագործակցային, որպեսզի կարողանանք արմատախիլ անել բնապահպանական աղետները և նրանց հետևանքները: Այս առումով ԵԱՀԿ-ն համարում ենք շատ լավ հարթակ, որը կարող է իր էական դերն ունենալ, այդ թվում՝ կոնֆլիկտային տարածքներում: Մենք կոչ արեցինք, որ փոխադարձ և անհիմն մեղադրանքների փոխարեն պետք է կենտրոնացնել ջանքերը համատեղ բնապահպանական ծրագրերի իրականացման վրա, որոնք կարող են առավել լիարժեք դարձնել փոխվստահության միջոցների ձևավորումը, ինչպես նաև նպաստել մարդկանց միջև անդրսահմանային շփումներին:

Պարոն Ուրիխանյանն իր խոսքում անդրադարձավ ջրային ռեսուրսների հետ կապված հարցերին, բնապահպանական խնդիրների վերաբերյալ անդրսահմանային համագործակցության կարևորությանը, ինչպես նաև այդ ոլորտում առկա մտահոգությունները համատեղ գործունեությամբ, համատեղ ծրագրերով չեզոքացնելու անհրաժեշտությանը:

Հատկանշական էր, որ պարոն Ուրիխանյանը խոսեց նաև Թուրքիայի կողմից Արաքսի վրա ջրամբարների կառուցման մասին՝ հնչեցնելով մեր մտահոգությունը միակողմանի գործունեության վերաբերյալ: Հայկական կողմը կոչ արեց Թուրքիային ԵԱՀԿ ձևաչափում այդ հարցով Հայաստանի հետ մտնել երկխոսության մեջ:

 - Իսկ ինչպիսի՞ ակտիվություն է ցուցաբերում ադրբեջանական պատվիրակությունը:

 - Նման բովանդակային քննարկման և առկա աշխատանքային մթնոլորտի ֆոնին այդ երկրի պատվիրակությունը, կարծես թե, ստիպված պահպանեց կառուցողականությունը և նույնպես հանդես եկավ որոշակի առաջարկներով, որոնք վերաբերում էին ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ տարածաշրջանային համագործակցությանը:

 Նշեմ նաև, որ ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողը՝ պարոն Ռալֆ Էրնստը, ամփոփելով այսօրվա աշխատանքներն ու քննարկումները, ամենակարևորը համարեց հենց այն առաջարկները, որոնք հնչել էին մեր ելույթներում: Նա շեշտեց, որ ԵԱՀԿ-ն պետք է շարունակի հարթակ հանդիսանալ բնապահպանական, տնտեսական և այլ համատեղ գործունեության համար: Նա ԵԱՀԿ գործունեության հիմնական առանցքը համարեց հենց աշխատանքը և ծրագրերի իրականացումը կոնֆլիկտային տարածքներում՝ հատկապես անդրադառնալով նրան, որ այդ տարածքներում ապրող մարդիկ զրկված են բավական շատ ռեսուրսներից, հնարավորություններից, զրկված են ոչ միայն ինչ-ինչ ռեսուրսներ օգտագործելու իրենց իրավունքներից, այլ նաև իրենց ձայնը բարձրացնելու և մտահոգությունները հնչեցնելու, միջազգային հարթակներում իրենց կարծիքը հայտնելու  հնարավորությունից:  

Ամփոփելով՝ պետք է ասեմ, որ այսօրվա քննարկմանը մեր պատվիրակությունը, բնապահպանական ոլորտում խնդիրները ներկայացնելով, կարողացավ դիվանագիտական և նուրբ ձևով հնչեցնել բոլոր այն կարևոր ուղերձները, որոնք անհրաժեշտ էինք  համարում՝ դրա հետ միասին լինելով շատ կառուցողական և բովանդակային: Կարծում եմ, որ այսպիսի քաղաքականությամբ, այսպիսի մարտավարությամբ պետք է շարունակենք նաև մեր պատվիրակության հետագա աշխատանքները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 11.27 կմ/ժ
9 C°
 
  19° 
23.10.2017
  19° 
24.10.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: