ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քվեարկություն ՅՈւՆԵՍԿՕ-ում. ինչո՞ւ տապալվեց Ադրբեջանի թեկնածուն

unesco.org

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակում կառույցի Գործադիր խորհրդի 58 անդամների մասնակցությամբ ընթանում է 202-րդ նստաշրջանը, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 18-ը: Նստաշրջանը նախագահում է ՅՈւՆԵՍԿՕ-ում Գերմանիայի դեսպան և մշտական ներկայացուցիչ Մայքլ Վորբսը: Այս մասին ասվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնական էջում

Նշենք, որ 202-րդ նստաշրջանի առանցքային կետերից մեկը կազմակերպության նոր գլխավոր տնօրենի թեկնածության առաջադրումն է: Ընտրված թեկնածուն կներկայացվի կազմակերպության 195 անդամ-պետությունների ընտրությանը նոյեմբերի 10-ին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի 39-րդ Գլխավոր կոնֆերանսի ընթացքում: Սպասվում է, որ նոր գլխավոր տնօրենը կստանձնի իր պաշտոնը նոյեմբերի 15-ին:

Թեկնածուների քվեարկությունն իրականացվում է գաղտնի: Իսկզբանե նշվում էր, որ հնարավոր է՝ թեկնածուների ընտրությունն անցկացվի մի քանի փուլով: Թույլատրվում է անհրաժեշտության դեպքում անցակցնել մինչև 5 փուլ: Այսպես, առաջին փուլը տեղի է ունեցել երկուշաբթի, որը, սակայն, ոչ մի արդյունք չի տվել, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հավաքել ձայների անհրաժեշտ բացարձակ մեծամասնությունը: Սպասվում է, որ ընտրված թեկնածուի անունը հայտնի կդառնա ամենաուշը հոկտեմբերի 13-ին:

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրվել էր 9 թեկնածու, սակայն, ավելի ուշ  Գվատեմալան և Իրաքը հետ վերցրին իրենց դիմումները: Արդյունքում, այժմ ընտրություններին մասնակցում են Ադրբեջանը (ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլի), Չինաստանը (Կրթության հարցերով ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, դիվանագետ Ցյան Տան), Եգիպտոսը (իրավապաշտպան և ընտանիքի հարցերով նախկին նախարար Մուշիրա Խատտաբ), Լիբանանը (մշակույթի նախարարի խորհրդական Վերա ալ-Հուրի), Վիետնամը (ԱԳ փոխնախարար Ֆամ Սուան Շոն), Կատարը (մշակույթի, արվեստի և ժառանգության նախկին նախարար Համադ իբն Աբդուլազիզ ալ-Քաուարի), Ֆրանսիան (մշակույթի և հաղորդակցության նախկին նախարար Օդրի Ազուլե):

Առաջին փուլի արդյուքներով՝ առաջատար հանդիսանում է Կատարի թեկնածուն, որին, սակայն, ևս չի հաջողվել հավաքել ընտրվելու համար անհրաժեշտ ձայների քանակ: Առաջատարների եռյակում են նաև Ֆրանսիան և Եգիպտոսը, նշում է ՏԱՍՍ-ը:

Ադրբեջանից թեկնածու Փոլադ Բյուլբյուլ օղլիի օգտին քվեարկել է ընդամենը 2 երկիր: Բյուլբյուլ օղլին մշտապես աչքի է ընկել իր հակահայկական դիրքորոշմամբ՝ հանդես գալով նույնիսկ հայերի դեմ պատերազմելու կոչերով:  Դատելով քվեարկության արդյունքներից, չի բացառվում, որ «Ադրբեջանական լվացքատունն» այս անգամ այնքան էլ լավ չի գործել: Գուցե պատճառը վերջին շրջանում դրա բացահայտումն ու բարձրաձայնումն էր: Ինչպես հայտնի դարձավ, Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ կաշառել են տարբեր երկրներում և միջազգային կազմակերպություններում բազմաթիվ պաշտոնյաների ու լրագրողների: Ընդ որում,  ըստ որոշ տվյալների, Ադրբեջանից գումարներ են փոխանցվել անգամ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործող տնօրեն Իրինա Բոկովայի ամուսնու՝ Կալին Միտրևի հաշվեհամարին: Որպես փոխանցման նպատակ նշվել է՝ «կառավարչական ծառայություններ»: Հիշեցնենք, որ դրանից ընդամենը մի քանի օր առաջ Իրինա Բոկովան լուսանկարչական ցուցահանդես էր կազմակերպել «Ադրբեջան. հանդուրժողականության տարածք» խորագրով: Ընդ որում, սա միակ միջոցառումը չէ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործող տնօրենը կազմակերպել է՝ Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու նպատակով: Ուստի, Իրինա Բոկովայի հեռացումը նույնքան դրական կարելի է գնահատել, որքան նրա հաջորդի քվեարկության ընթացքում Փոլադ Բյուլբյուլ օղլիի տապալումը:

 

Տեղեկանք 

ՅՈւՆԵՍԿՕ-ն, որն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այժմ ունի ավելի քան 200 մասնակից, որոնց 195-ն անդամ պետություններ են, 2-ը՝ դիտորդ, և 10-ը՝ ասոցացված անդամներ: ՅՈւՆԵՍԿՕ-ն հանդիսանում է համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման գլխավոր դերակատար, որի ծրագրերն ուղղված են կրթության, գիտության և մշակույթի զարգացմանը: Կազմակերպության աշխատանքային լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը, չինարենը, իսպաներենը և արաբերենը:   

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածությունը ներկայացնում է Գործադիր խորհուրդը, որը հաստատվում է Գլխավոր կոնֆերանսի կողմից:  Գլխավոր տնօրենը հանդիսանում է կազմակերպության գլխավոր պաշտոնյան: Վերջինս նշանակվում է 4 տարի ժամկետով և կարող է վերընտրվել ընդամենը մեկ անգամ: Գործող գլխավոր տնօրենի պաշտոնավարման ավարտից 6 ամիս առաջ երկրները ներկայացնում են իրենց թեկնածուներին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: