ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեհաստանի Սենատն ի պատիվ հայերի բանաձև է ընդունել

Լեհաստանի Հանրապետության Սենատն ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ հոկտեմբերի 19-ի նիստում ընդունել է բանաձև: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Աժ պաշտոնական կայքէջից: 

Բանաձևում Լեհաստանի Հանրապետության Սենատը շնորհավորում է հայերին ունեցած ձեռքբերումների համար, շնորհակալություն հայտնում լեհական մշակույթում ունեցած ներդրման համար, ինչպես նաև Լեհաստանի պատմության մեջ ստեղծագործ ներգրավվածության համար: 

Բանաձևի ընդունումն ուղեկցվել է «Հայերը Լեհաստանում» ցուցահանդեսի բացմամբ, որի ընթացքում Արա Բաբլոյանը հանդես է եկել ելույթով: 

«Մեծարգո՛ պարոն մարշալեկ,

տիկնայք և պարոնայք,

նախ և առաջ ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հարգարժան պարոն Կարչևսկուն՝ Լեհաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարելու հրավերի, ցուցաբերվող ջերմ ընդունելության և, իհարկե, հայ և լեհ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող այս ցուցահանդեսը կազմակերպելու համար: Նման նախաձեռնությունները, անշուշտ, իրենց կարևոր տեղն ունեն երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում:

Պատմական աղբյուրները փաստում են, որ հայ և լեհ ժողովուրդներն իրար ճանաչել են սկսած 9-րդ դարից, երբ դժվար հանգամանքների ներքո հայ ժողովրդի որոշ հատված ստիպված էր լքել իր հայրենի բնօրրանը: Նրանց մի մասը բնակություն հաստատեց Լեհաստանի հյուրընկալ հողում: Լեհ ժողովուրդը, ինչպես նաև լեհ թագավորներն ու իշխանավորները, սիրալիր և բարեհաճ վերաբերմունք են ցուցաբերել տեղի հայ բնակչության նկատմամբ, վերջիններիս տվել մի շարք արտոնություններ:

Այսօրվա ցուցահանդեսին ներկայացվող արժեքավոր նյութերը մեր ժողովուրդների բազմադարյա ամուր բարեկամության անխոս վկայություններն են:

Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը նշանավորվում է Լեհաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվող զանազան միջոցառումներով: Օգտվելով առիթից` ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Լեհաստանի իշխանություններին` մեր հայրենակիցների հանդեպ ցուցաբերվող բարյացակամ վերաբերմունքի համար:

Բազմադարյա ներկայության ընթացքում հայերն իրենց ներդրումն են ունեցել Լեհաստանի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ տալով բազմաթիվ հայտնի անուններ: Մեծ է անվանի այն մարդկանց քանակը, ովքեր ունեն հայկական արմատներ և ինչպես լեհ, այնպես էլ հայ ժողովրդի հպարտությունն են:

Տիկնայք և պարոնայք,

հայ և լեհ ժողովուրդների դարերի քննություն անցած բարեկամությունն այսօր մեր միջպետական սերտ հարաբերությունների հիմնաքարերից է: Հատկանշական է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Անցած 25 տարվա ընթացքում հայ-լեհական միջպետական հարաբերությունները փոխադարձ վստահության և բարեկամության մթնոլորտում վերընթաց զարգացում են ապրել: Ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր երկրների խորհրդարաններն իրենց կարևոր ներդրումը կունենան այդ հաստատուն հենքի վրա հիմնված հայ-լեհական միջպետական համագործակցության հարստացման գործում: Պարոն Կարչևսկու և պարոն Կուհչինսկու հետ կայացած հանդիպումների ժամանակ հանգամանալի անդրադարձել ենք հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերություններին: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում առավել խորացնելու մեր խորհրդարանների միջև հարաբերությունները և ակտիվացնելու պատգամավորական բարեկամական խմբերի միջև կապերը:

Լեհաստանի և լեհ ժողովրդի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ դրսևորվեց նաև 2005 թվականին, երբ Լեհաստանի Սեյմում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, ինչի համար մենք շնորհակալ ենք: 

Հարգելի՛ ներկաներ,

եզրափակելով խոսքս` ևս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ հայտնում այս արժեքավոր ցուցահանդեսի բացման կապակցությամբ:

Վստահ եմ, որ հայ-լեհական բարեկամությունն ունի գերազանց ապագա, և մենք պատրաստ ենք աշխատել մեր լեհ գործընկերների հետ` հանուն այդ ապագան կերտելու և հանուն հաջորդ սերունդներին հայ-լեհական բարեկամության ոգին փոխանցելու»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: