ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաքքարիում հայերը, չնայած ճնշումներին, ընդդիմանում են Թուրքիայի իշխանությունների` տարագրման քաղաքականությանը

Թուրքիայում  Իրաքին սահմանակից Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի Օրեմար (Դաղլըջա) շրջանում գտնվող Յեշիլթաշ (Շիթանզին) գյուղի իսլամացված հայ բնակիչ Մեհմեդ Թուրքանը, հակառակ թուրքական ուժային կառույցների պահանջներին, ընդդիմանում է տարագրման քաղաքականությանը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` հղում կատարելով քրդական "Mezopotamya" գործակալությանը:

Ըստ աղբյուրի` 62-ամյա Մեհմեդ Թուրանն իր իսլամացված պապի պես չի ցանկանում լքել հայրենի տունը: Թուրանը հիշյալ գործակալության թղթակցին տված հարցազրույցում հայտնել է, որ ամեն տեսակի ճնշումների է ենթարկվել տեղի ուժային կառույցների կողմից` իր բնակավայրը լքելու համար, և ընդգծել. «Մեր կրոնը կորցրեցինք, սակայն մեր հողը չե՛նք կորցնելու»: 

Թուրանը նաև պատմել է, որ 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Չուկուրջային ենթակա և 1000 բնակիչ ունեցող քրդական անվամբ` Գելիյե Թիյարե (Քազան Դերեսի) գյուղում իր պապը և մեծ հորեղբայրը կարողացել են կոտորածից փրկվել` խոտերի մեջ թաքնվելով, և որ 16 տարի անց պապը վերադարձել է Օրեմար ու հաստատվել Թալանե գյուղում, որտեղ մշտապես բնակվելու համար հարկադրված է եղել կրոնափոխ լինել: Ըստ Թուրանի` 14 տարի հետո իր պապը գաղթել է Յեշիլթաշ, և իր հայրը ծնվել է այդ գյուղում:

Թուրանը նաև նշել է, որ 1915 թ. առաջ այստեղ հայեր են ապրել և ասել. «Այս վայրերում հնում շատ մեծ եկեղեցիներ կային: Հիմնական մասը հայկական գյուղեր էին: Սակայն հիմա ոչ միայն հայկական գյուղ, այլ անգամ որևէ հետք հայերից չի մնացել: Պահակակետերից մեկը հիմնվել է նախկինում եկեղեցի եղած մի շինության վրա: Միայն այս գյուղում նախկինում 7 եկեղեցիներ են եղել: Դրանցից այժմ ոչ մեկը չի պահպանվել: Մի մասի վրա տուն են կառուցել, որոշների` ախոռ, մնացածի էլ` պահակակետեր»:

Թուրանը շեշտելով, որ ինքը ևս, պապի և հոր նման, չի լքելու հայրենի գյուղը, հիշեցրել է նաև, որ 1990-ական թվականներին այդ շրջանի բնակավայրերը դարձյալ ենթարկվել էին հրկիզման և տարագրման քաղաքականության և հայտնել. «Այն ժամանակ մեր գյուղ էլ եկան, սպառնացին, որ բռնի կերպով կդատարկեն ու կհրկիզեն գյուղը, բայց մենք չլքեցինք այն: Ես 13 երեխաներիս հետ շարունակում եմ այստեղ ապրել: Զավակներիս մի մասն ամուսնացավ, սակայն նրանք ևս շարունակում են բնակվել այս գյուղում»:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: