ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրանեսթ ԽՎ. որո՞նք են այս նստաշրջանի օրակարգային հարցերը

facebook

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա.Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիևում մասնակցում է Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։

Այսօր հոկտեմբերի 30-ին Եվրանեսթում մեկնարկել է Քաղաքական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստը։ Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին Ա.Աշոտյանն իր ելույթում անդրադարձ է կատարել ԵՄ֊Հայաստան հարաբերություններին և Արցախյան հիմնախնդրին։ Այս մասին նշվում է հայկական պատվիրակության ղեկավար Ա.Աշոտյանի ֆեյսբուքյան էջում: 

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարևորել է նոյեմբերին Բրյուսելում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթաժողովում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ ստորագրվելիք համաձայնագիրը ենթադրում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակի որակական բարձրացում, ինչն իր հերթին հնարավորություն է ստեղծելու առավել ակտիվ համագործակցության համար: Նա նաև նշել է, որ համաձայնագրի քաղաքական մասը գրեթե նույնն է, ինչ ասոցացված երկրներինը և այս առնչությամբ ընդգծել, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակում Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է քաղաքական աջակցություն դատական համակարգի արդյունավետության բարձրացման, ժողովրդավարության ինստիտուտների կատարելագործման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Իր ելույթում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև  Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա բանակցային գործընթացին և նշել, որ այժմ բանակցությունները մեծապես ընթանում են խաղաղ կարգավորման համար բուն բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Հարցի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եղել և մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի և ձևաչափի շրջանակում, ընդգծել է նաև հարցի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ Արևելյան գործընկերության երկրներում առկա բոլոր հակամարտություններն ունեն եզակի բնույթ և պահանջում են տարբերակված մոտեցում:

Արևելյան գործընկերության ապագայի հետ կապված Արմեն Աշոտյանը կարևորել է գագաթաժողովից հետո որակական նոր հարաբերությունների համատեքստում նոր մոտեցումների և, միգուցե, նաև «Արևելյան գործընկերություն +» ձևաչափի ստեղծումը` նպատակ ունենալով Արևելյան գործընկերության երկրների առավել արդյունավետ համագործակցության համար միավորող նոր լուծումներ գտնել, փոխանցում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

Ըստ օրակարգի՝ քննարկվելու է նաև Արևելյան գործընկերության և ԵՄ երկրներում մամուլի ազատության մասին զեկույցը, որի կապակցությամբ հայկական պատվիրակությունը մոտ մեկ տասնյակ առաջարկություններ է ներկայացրել այլատյացության, լրագրողների հանդեպ բռնությունների, ռեպրեսիաների մասին և այլ։

Պլենար նիստին քննարկվելու են քաղաքական, տնտեսական, էներգետիկ և սոցիալական ոլորտների թեմատիկ զեկույցներ, կիբերանվտանգությանը վերաբերող հիմնախնդիրներ։ Խորհրդարանական վեհաժողովի մասնակիցները հատուկ ուղերձով դիմելու են Արևելյան գործընկերության գագաթաժողովին։

Նախատեսված են նաև հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյի, Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Ա.Պարուբիյի և ուկրաինական կառավարության անդամների հետ։

Նշենք, որ հայկական պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Կ.Բեքարյանը, Կ.Աճեմյանը, Ի.Տոնոյանը, Ա.Զուրաբյանը, Վ.Բոստանջյանը, Մ.Թանդիլյանը և Ա.Կյուրեղյանը։ Վեհաժողովին մասնակցելու են նաև Եվրախորհրդարանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Բելառուսի պատվիրակությունները, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները, մասնագիտական շրջանակները։ 

Տեղեկանք

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը ներխորհրդարանական ֆորում է, որում Եվրախորհրդարանի և Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ազգային խորհրդարանների ներկայացուցիչները մշակում են ԵՄ-ին ավելի մոտ քաղաքական ու տնտեսական կապեր: Հիմնվել է 2003թ. Եվրոպական Հանձնաժողովի կողմից և Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մասն է կազմում: Բելառուսում 2010 թվականին տեղի ունեցած ընտրությունները ԵԱՀԿ-ն որակեց ընտրախատումներով կայացած և դրա հետևանքով Բելառուսի անդամակցությունը Եվրանեսթում կասեցվեց:

Բելառուսը կարող է կրկին միանալ Եվրանեսթին քաղաքական պարտավորվածություններն ամբողջովին կատարելուց հետո: 2015թ. Ադրբեջանի անդամակցությունը ևս կասեցվեց վերջինիս կառավարության կողմից մարդու իրավունքների ոտնահարումների հետ կապված: 2016թ. սեպտեմբերին, սակայն, Ադրբեջանի անդամակցությունը վերականգնվեց: Այս մասին տեղեկացնում են Եվրանեսթի պաշտոնական կայքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: