ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը խաղաղության և կրոնական համերաշխության ջատագով է. Է.Շարմազանով

parliament.am

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 31-ին Էջմիածնում ներկա է գտնվել «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հնարավորություններ» համաժողովի բացմանը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում:

Էդուարդ Շարմազանովը ողջույնի խոսքում  նշել է.

«Ուրախ եմ ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանու  ներքո անցկացվող համաժողովի առիթով: Բարի գալուստ եմ մաղթում արտասահմանի մասնակիցներին: Կարևոր է նաև, որ դահլիճում են հայաստանյան առաջատար համալսարանների ուսանողներն ու երիտասարդ գիտնականները, ովքեր ճեմարանականների հետ միասին որակյալ գիտելիք և տեղեկատվություն կստանան՝ լսելով զեկուցումներն ու ելույթները:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ մի քանի սկզբունքային դիտարկումներ անել՝ կապված օրվա թեմայի հետ: Հայաստանի Հանրապետությունն իր ստեղծման առաջին օրվանից անդուլ ջանքեր է գործադրում հարևանների հետ խաղաղության, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության վրա հիմնված հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Մի դեպքում դա ստացվում է, և մենք շատ բարձր ենք գնահատում խաղաղ համակեցության առկա օրինակները: Մյուս դեպքում տասնամյակներ գործադրված քաղաքական և դիվանագիտական ջանքերը, ցավոք, առայժմ արդյունք չեն տվել և դրա պատճառով մեր տարածաշրջանում խաթարվում են անվտանգությունն ու կայունությունը: Շատ չխորանալով տասնամյակների պատմության մեջ՝ ասեմ միայն, որ վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները քիչ ջանքեր չեն գործադրել հանուն անվտանգ, ապահով ու կանխատեսելի տարածաշրջանի:

Հարգելի՛ գործընկերներ, մեր գերխնդիրը եղել և մնում է Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Մենք համոզված ենք, որ դրա լուծումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում: Ադրբեջանի կողմից ռազմական լուծում տալու փորձերը ձախողվել են անցյալում, ձախողվում են այսօր, համոզված եմ՝ ձախողվելու են նաև ապագայում: Տևական խաղաղությունն ու կայունությունը կհաղթանակեն այն դեպքում, երբ միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի զուգակցությամբ գտնվի հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լուծում: Բոլոր կողմերը պարտավոր են հարգել Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Առ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը մերժում է ոչ միայն այդ իրավունքը, այլ նաև բարբարոսաբար վերացնում է հայկական քրիստոնեական հոգևոր ժառանգության տասնյակ հազարավոր նմուշները, ինչպես օրինակ՝ Նոր Ջուղայի խաչքարերը, և փորձում այս հակամարտությանը տալ կրոնական երանգ: Հայաստանը և Արցախը խաղաղության և կրոնական համերաշխության ջատագովներ են և դատապարտում են այս հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու ադրբեջանական փորձերը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական ընդհատված երկխոսությանը, ապա, ցավոք սրտի, դրական տեղաշարժեր այս պահին չկան, ինչը, իհարկե, չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանը: Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը շարունակում է ժխտողականության և նախապայմաններ պարտադրելու քաղաքականությունը, որը մեզ համար երբեք չի կարող ընդունելի լինել և հակասում է տարածաշրջանային խաղաղության և կայունության մեր տեսլականին:

Հարգելի՛ գործընկերներ, այսօր այստեղ են հավաքվել տարբեր կրոնների, ազգերի, քաղաքական համոզմունքների, նախասիրությունների ներկայացուցիչներ: Մեզ բոլորիս հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոնը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Չեմ կարող չօգտագործել առիթը և չընդգծել այն ներդրումը, որն ունի խաղաղության հաստատման գերբարդ գործում Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով պարբերաբար հանդիպում է Հարավային Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ՝ Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: Տարածաշրջանի ժողովուրդներն ուշադրությամբ հետևում են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ու կրոնական առաջնորդների հանդիպումներին՝ ակնկալելով դրական տեղաշարժեր խաղաղության այդ փնտրտուքում:

Ցավոք, միջազգային ասպարեզում և մեր մեծ տարածաշրջանում անհանգիստ մթնոլորտ է: Լարվածության հին օջախներին գումարվում են նորերը: Խաղաղությանն ուղղված ջանքերը շնորհակալության և հարգանքի են արժանի: Կարծում եմ, որ այսօրվա համաժողովը ևս մեկ ներդրում է մեր բարդ տարածաշրջանի ժողովուրդների միջև բարիդրացիություն հաստատելու, ինչպես նաև ազնիվ ու որակյալ գիտափորձագիտական եզրահանգումների հասնելու գործում:

Հարգելի՛ բարեկամներ, կրկին հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքին:

Աստված սիրո և խաղաղության մեջ պահի մեր ժողովուրդներին»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: