ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ, ՌԴ, Թուրքիա, Իրան, Հըզբոլլահ. օտարերկրյա ռազմական ներկայությունը Սիրիայում

CNN.com

2012թ-ից սկսած սիրիական ճգնաժամն առանձնանում է այս տարածաշրջանում տարբեր ուժային կենտրոնների շահերի և հետաքրքրությունների բախման յուրահատուկ պատկերով: Թերևս դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Սիրիայի տարածքում այսօր իրենց ռազմական ներկայությունն ունեն Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Հըզբոլլահը: Անդրադառնանք դրանցից յուրաքանյուրին:

 ԱՄՆ-ի գլխավորությամբ  միջազգային կոալիցիայի ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությանը սկսվել է 2014 թվականի սեպտեմբերին՝ որպես պաշտոնական նպատակ հայտարարելով ԻՊ-ի և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը: Այսօր ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարում է Սիրիայում իր 500 զինվորականների տեղակայման մասին, սակայն, ամերիկյան աղբյուրների համաձայն, Սիրիայում առկա է 4 հազար ամերիկացի զինվորական: ԱՄՆ-ը Սիրիայում իր ռազմական գործողություններն իրականացնում է հիմնականում  Ռմեյլան, Քոբան և Տաբկա ավիաբազաներից:

Վաշինգտոնում պնդում են, որ իրենց ռազմական ներկայությունը Սիրիայում միանգամայն օրինական է: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի խոսքերով՝ ՄԱԿ-ը թույլատրել է ԱՄՆ-ին զորք մտցնել Սիրիա՝ ընդունելով «Իսլամական պետություն» ահաբեկչության դեմ պայքարի մասին բանաձև: Սակայն, հարկ է նշել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Վաշինգտոնին թույլտվություն չի տվել ռազմական գործողություն սկսել Սիրիայում: Սիրիայի իշխանությունները երկրի տարածքում ամերիկյան ներկայությունը համարում են Սիրիայի ինքնիշխանության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում՝ պահանջելով դուրս բերել զորքերը երկրի տարածքից:

Պաշտոնական Դամասկոսն անօրինական է համարում նաև Թուրքիայի ռազմական ներկայությունը երկրում: Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսին («Եփրատի վահան»): Անկարան ևս որպես Սիրիա ներխուժման պաշտոնական պատճառ նշում է ահաբեկչության դեմ պայքար: Այժմ Թուրքիան իր ռազմական ներկայությունը Սիրիայում բացատրում է Աստանայի պայմանավորվածության համաձայն Իդլիբում անվտանգության գոտում հրադադարի ռեժիմին հետևելու իր պարտականությամբ: Պաշտոնապես հայտարարվել է Սիրիա 200 թուրք զինվորականներ ուղարկելու մասին, սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Սիրիայում այժմ գտնվում է առնվազն 500 զինվորական:

Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցում են նաև Ռուսաստանի, Իրանի զինվորականները և Հըզբոլահի զինյալները: Սակայն, ի տարբերությունում ամերիկյան և թուրքական ներկայության, վերջիններիս ներկայությունն, ըստ պաշտոնական Դամասկոսի, միանգամայն օրինական է, քանի որ արտոնված է Սիրիայի միջազգայնորեն ճանաչված իշխանությունների կողմից: Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողությունները սկսել է 2015 թվականի օգոստոսին՝ ըստ Սիրիայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի ավիացիոն խմբի անժամկետ տեղակայման մասին Սիրիայի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի: Իր առջև դրված ռազմական նպատակներն իրականացնելու համար Ռուսաստանը օգտագործում է Հմեյմիմ ավիաբազան և Տարտուս նավահանգիստը: Ռուսական ուժերը գնահատվում են 4000 զինծառայող և շուրջ 1000 պայմանագրային:

Իրանը ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայում 2013 թվականի հունվարից: Ենթադրվում է, որ Սիրիայում տեղակայված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 3000-5000 զինվոր:

Իրանի կողմից հովանավորվող Հըզբոլլահ խմբավորումը Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցում է 2012 թվականից: Ըստ տարբեր աղբյուրների՝ այսօր Հըզբոլլահը Սիրիայում ունի հայտարարված շուրջ 1500 զինյալ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը տատանվում է 6000-8000-ի սահմաններում: Ե՛վ Իրանը, և՛ Հըզբոլլահը ռազմական գործողություններ են իրականացնում ի աջակցություն պաշտոնական Դամասկոսի:

Հարկ է նշել, որ սիրիական հակամարտության մեջ ամենաակտիվ կերպով ներգրավված արտաքին այս դերակատարները, բացի պաշտոնապես հայտարարված պատճառներից, հետապնդում են նաև այլ նպատակներ: Այսպես, Իրանը և Հզբոլլահը պայքարում են տարածաշրջանում իրենց շահերի պաշտպանության համար, ինչի գրավականը Սիրիայում իշխանությունն Ասադի ձեռքում պահելն է: Նույն նպատակն է հետապնդում նաև Ռուսաստանը, սակայն վեջինս տարածաշրջանում իր շահերի պաշտպանությունը չի կապում Ասադի անձի հետ: Ինչպես ցույց են տալիս Թուրքիայի ռազմական գործողությունները, Անկարայի գլխավոր նպատակը Սիրիայի քրդերի առաջխաղացումը կանխելն է: Պատահական չէ, որ Թուրքիան հենց Իդլիբում է հետևում հրդադարի ռեժիմի պահպանմանը՝ այն սահմանակցում է քրդական Աֆրինին, ինչը հնարավորություն է տալիս կանխելու քրդական ուժերի առաջխաղացումը: Սիրիայի քրդաբնակ շրջաններում Թուրքիայի ներկայությունը անհնար է դառնում ԱՄՆ-ի պատճառով: Նշենք, որ ԱՄՆ երեք ռազմաբազաններն էլ գտնվում են քրդաբանակ շրջաններում, ինչը պատահական չէ: ԱՄՆ-ը, բացի ահաբեկիչների դեմ պայքարից լուրջ աջակցություն է ցույց տալիս սիրիական ընդդիմությանը և քրդերին: Վաշինգտոնում, կարծես թե, մտադիր են կրկնելու 2003 թվականին Իրաքում իրականացրած սցենարը. ռազմական գործողությունների ավարտից հետո աջակցել Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծմանը՝ նախատեսելով, որ Իրաքյան Քրդստանի օրինակով Սիրիայի քրդական ինքնավարությունը ևս կունենա որոշակի ինքնուրույնություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: