ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիա. «լույս թունելի վերջո՞ւմ»

observer.com

Շուրջ 6 տարի շարունակվող սիրիական հակամարտությունը, որի հետևանքով երկրի մեծ մասն անցել էր ահաբեկիչների վերահսկողության տակ, հանգուցալուծման հույս է ներշնչում: Վերջին շրջանում աշխարհի տարբեր ծայրերում սկսել են ավելի հաճախ և առավել վստահ խոսել մերձավորարևելյան այս երկրում ահաբեկիչների վերջնական պարտության մասին: Այս խոսակցություններն առավել ակտիվացան հատկապես Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպումից հետո:

Սիրիական կառավարությունն այժմ վերահսկում է երկրի տարածքի 98 տոկոսը, բանակը փաստացի գրավել է Աբու Քեմալ քաղաքը, որը մինչև վերջին օրերը դեռևս մասամբ գտնվում էր «Իսլամական պետության» վերահսկողության տակ: Ապառազմականեցման գոտիներում իրավիճակը կայուն է, իսկ հրադադարի մասին հայտարարած զինված խմբավորումների թիվն աճել է՝ հասնելով մոտ 250-ի: Երկրում արդեն ստեղծվում են պայմաններ խաղաղ կյանքի վերականգնման և փախստականների վերադարձի համար: Ինչևէ, պարզ է, որ տարիներ շարունակվող պատերազմը լուրջ հետևանքներ է ունեցել, որոնք անմիջապես չեն հաղթահարվի: Սիրիան դեռ երկար ժամանակ կշարունակի մնալ լարվածության օջախ: Թերևս հենց դա է պատճառը, որ ռուսական ռազմական բազաները սահմանափակ քանակով կշարունակեն մնալ այդ երկրում: Եվ չնայած ահաբեկչության դեմ գլոբալ պայքարին Սիրիայում պատերազմի հավանական ավարտով վերջակետ չի դրվում, սիրիական հարցում ռազմական գործողություններից քաղաքական գործընթացների անցնելու ժամանակն է եկել:

Ուստի պատահական չէ, որ Սիրիայի հարցով բանակցությունները շարունակվում են տարբեր ձևաչափերով: Օրինակ, Սոչիի եռակողմ հանդիպումը (ՌԴ, Թուրքիա, Իրան), որի արդյունքում սահմանվել են այն կարևոր ոլորտները, որոնց շուրջ անհրաժեշտ է համագործակցել երկիրն արագ ոտքի կանգնեցնելու համար, նոյեմբերի 28-ին կայանալիք ժնևյան բանակացությունները, դրան նախորդող հանդիպումը սիրիական գործող իշխանություններին դեմ հանդես եկող ազդեցիկ ներկայացուցիչների միջև: Այս ամենը թերևս բնավ պատահական չէ, քանի որ սիրիական հակամարտությունում իրականում ներգրավված են տարբեր երկրներ, որոնց  Սիրիան հետաքրքրում է թե՛ ռազմավարական, թե՛ տնտեսական առումներով։ Այսպես, բացի վերոնշյալ հանդիպումներից, Սիրիայի հարցը հեռախոսով քննարկել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Չի բացառվում, որ, չնայած երկու կողմերի միջև առկա հակասություններին, կառուցողական երկխոսությունը հնարավոր դարձավ նաև այն պատճառով, որ ավելի վաղ Թրամփն արգելեց Սիրիայում կռվելու համար «չափավոր ապստամբներ» նախապատրաստելու ԿՀՎ գաղտնի ծրագիրը։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ  չի ցանկանում կրկնել երկրի՝ նախկինում թույլ տված սխալները, օրինակ՝ Լիբիայում տեղի ունեցածը։ Թրամփի այս քայլը կարող է մի քանի բացատրություն ունենալ։ Նախ, ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբամայի նախագահության օրոք հաստատված այս ծրագրի արդյունավետությունն իրականում շատերն էին կասկածի տակ դնում։ Բացի այդ, չի բացառվում, որ նման կերպ Թրամփը փորձում է որոշակի ազդանշան տալ ծրագիրը իր շահերի նկատմամբ ոտնձգություն դիտարկող Ռուսաստանին, որ ինքը պատրաստ է հարաբերությունների բարելավման։ Եվ, ի վերջո, սա խոսում է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերի ամրապնդման մասին, ինչի մասին վկայում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավելի վաղ արված այն հայտարարությունը, որ Ֆրանսիան այլևս չի պահանջում Ասադի շտապ հեռացում։ Միանշանակ փոխվել է նաև Թուրքիայի դիրքորոշումը։

Նշենք, որ Թրամփի նախաձեռնությունը ենթադրվում է կյանքի կոչել մի քանի ամսվա ընթացքում։ Հաջողությամբ կպսակվի այն, թե ոչ, առայժմ դժվար է ասել, սակայն այս պահին Սիրիայում պատերազմի ավարտը ոչ միայն Ռուսաստանի և Իրանի հաղթանակն է, այլև նույն ԱՄՆ-ի՝ շնորհիվ այս հարցում Թրամփի վարած ճիշտ քաղաքականության, քանի որ իրականում ՌԴ-ն պայքարում էր ահաբեկիչների դեմ, իսկ ԱՄՆ տրամադրած զենքը տարբեր ուղիներով հայտնվում էր հենց նրանց ձեռքում։

Ստեղծված իրավիճակում սիրիական հակամարտության վերջնական կարգավորման համար թերևս անհրաժեշտ է դաշնակից կողմերի ավելի սերտ համագործակցություն, ինչպես նաև Սիրիայից հեռացած քաղաքացիների վերադարձի ապահովում, նրանց մասնակցություն Սիրիայի ապագայի կառուցման, քանի որ խնդիրն այժմ ահաբեկիչների դեմ պայքարի փուլից անցում է կատարում խաղաղ երկխոսության քաղաքական փուլ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: