ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ կփոխվի Կատալոնիայում արտահերթ ընտրություններից հետո

Al Jazeera

Իսպանական El País հեղինակավոր թերթի պատվերով հասարակական կարծիքի հետազոտման Metroscopia կենտրոնի՝ նոյեմբերի 20-22-ը անցկացրած հարցումներից ստացված արդյունքների համաձայն՝ Կատալոնիայի բնակչության մոտ 1/3-ը շարունակում է հավատարիմ մնալ երկրամասի անկախացման գաղափարին:

Հարցվածների (1800 մարդ) 71%-ի համոզմամբ՝ անհրաժեշտ է համաձայնության գալ կենտրոնական իշխանությունների հետ, իսկ 24%-ի կարծիքով՝ պետք է շարունակել անկախության համար պայքարը:

Այս տարվա դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Նույն հարցումների համաձայն՝ բնակչության միայն 56% է հավատում, որ ընտրություններից հետո երկրամասի նոր իշխանությունները կգնան Մադրիդի հետ բանակցությունների ճանապարհով, իսկ 26%-ը կարծում է, որ անկախության համար պայքարը կշարունակվի:

Նույն հարցումը անդրադարձել է նաև բուն ընտրություններին, որոնցում հաղթելու ամենամեծ հավանականությունն, ըստ հարցման տվյալների, «Կատալոնիայի ձախ հանրապետականներինն» է՝ ձայների 26.5%-ով, ինչը նրանց համար կապահովի խորհրդարանում 135 պատգամավորական մանդատից 39-ը: Հարցման մասնակիցները երկրորդ հորիզոնականը տվել են «Քաղաքացիներ» ցենտրիստական կուսակցությանը՝ 25.3% (35 տեղ):

Ի դեպ, երկու առաջատարներից մեկը՝ «Կատալոնիայի ձախ հանրապետականները», անկախության կողմնակիցներ են: Այս և «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունների բլոկի առաջնորդը Generalitat-ի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն էր: Իսկ մյուսը՝ «Քաղաքացիներ» կուսակցությունը դեմ է անկախության համար պայքարի շարունակությանը, և, ըստ կանխատեսումների, ընտրությունների արդյունքում կբարելավի իր դիրքերը խորհրդարանում:

Ինչ վերաբերում է Պուչդեմոնին, ապա վերջինս, գտնվելով Բելգիայում, հայտարարել է իր նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին: Նա արդեն ներկայացրել է իր կուսակցական ցուցակը և հայտարարել, որ երկրամասի խորհրդարանական ընտրությունները պետք է ևս մեկ անգամ վերահաստատեն կատալոնացիների՝ անկախ պետականություն ունենալու ցանկությունը:

Բացի այդ, Պուչդեմոնը իսրայելական Kan հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հանդես է եկել ԵՄ-ում մնալու մասով Կատալոնիայում հանրաքվե անցկացնելու առաջարկով, որը Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը «աբսուրդ» է որակել:

Ստացվում է, որ Կատալոնիայում գալիք ընտրություններում անկախության կողմնակիցների և անկախության համար պայքարը շարունակելուն ընդդիմացողների շանսերը հավասարվում են: Սակայն, եթե հաշվի առնենք Մադրիդի ինքնավստահ կեցվածքը և եվրոպական պետությունների գրեթե միասնական դիրքորոշումը երկրամասի անկախացման վերաբերյալ, ինչպես նաև Պուչդեմոնի՝ կողմնակիցներ և գաղափարակիցներ կորցնելու հանգամանքը, ապա դժվար է հավատալ, որ ընտրությունների արդյունքները որևէ դրական տեղաշարժ կգրանցեն Կատալոնիայի անկախության կողմնակիցների համար:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անցկացվել է 2017թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ գերլարված քաղաքական պայմաններում. հանրաքվեի ժամանակ, ըստ իսպանական աղբյուրների, ոստիկանությունը փորձել է խանգարել քվեարկությանը՝ ուժ կիրառելով անկախության կողմնակիցների նկատմամբ:  Իսկ հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրամասի անկախացմանը:

 Հանրաքվեից առաջ պաշտոնական Մադրիդը պնդում էր, որ դրա անցկացումը հակասում է Իսպանիայի սահմանադրությանը: Այսպիսով չճանաչվեցին ո՛չ հանրաքվեի արդյունքները և ոչ էլ Կատալոնիայի խորհրդարանի որոշումը: Ի դեպ, քվեարկությանը մասնակցել էր երկրամասի բնակչության 42.3%-ը, որից 90%-ը կողմ էր քվեարկել անկախությանը:

Շուտով Մադրիդը կիրառեց Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը՝ երկրամասին զրկելով ինքնավարությունից:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: